1in.am. 27-1-2012- Թուրքական Focus Haber կայքի փոխանցմամբ՝ թուրքական ընդդիմության առաջնորդ, Ժողովրդա-հանրապետական կուսակցության (ԺՀԿ) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն CNN TÜRK-ին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ Թուրքիայի իշխող կուսակցությունը («Արդարություն և զարգացում» կուսակցություն, ԱԶԿ) իր թևի տակ է վերցրել այն չինովնիկներին, որոնք կապված են 2007 թվականի հունվարի 19-ին Ստամբուլի Շիշլի թաղամասում իրականացված՝ Հրանտ Դինքի սպանության հետ.
«Վարչապետ Էրդողանն իր խոստման տերը չեղավ և Ազգային հետախուզական կազմակերպությանը (MIT) չհրահանգեց զբաղվել տվյալ գործով։ Մոտակա օրերին դուք հատուկ լիազորություններ ունեցող դատախազի ձեռքերում կտեսնեք հնարովի զեկույց։ Նրանք դարձյալ կօգտագործեն հնարովի անուններ, անանուն և գաղտնի վկայություններ։
Բացի այդ, իշխանությունները թաքցրել են հետախուզության նախկին սպայի քննադատող ցուցմունքները։ Հետախուզության նախկին փորձագետը ցուցմունքներ էր տվել ներքին գործերի նախարարության գլխավոր տեսուչին։ Այդ վկայությունն իրենում պարունակում էր Դինքի սպանությանն ու «Էրգենեկոն»-ի գործին առնչվող կարևոր դետալներ։ Սակայն փաստաբաններին չհաջողվեց ստանալ այդ վկայությունը։
Թուրքիայի արդարադատության նախարար Սադուլլահ Էրգինը չի կարողացել ապահովել դատական իշխանությունների անկախությունը։ Դատախազը կողմնապահություն է արել և պատասխանատվություն է կրելու դրա համար։ Արդարադատության նախարարը պատասխանատու է դրա համար՝ որպես Դատավորների ու դատախազների բարձրագույն խորհրդի (HSYK) ղեկավար»։
Հիշեցնենք, որ ներկայումս HSYK-ն հետաքննություն է սկսել Հրանտ Դինքի սպանության գործով զբաղվող դատական պաշտոնյաների դեմ: Խոսքը Ստամբուլի ծանր հանցագործությունները քննող 14-րդ դատարանի նախագահ Ռյուշթեմ Էրյըլմազի և հանրապետական դատախազ Հիքմեթ Ուսթայի մասին է։ Որպես հետաքննություն սկսելու պատճառ է նշվում Դինքի սպանության վերաբերյալ կայացված դատավճռի շուրջը դատավորների և դատախազի կողմից հնչեցրած իրարամերժ հայտարարությունները։ Մասնավորապես՝ դատավորը հայտարարել է, որ Դինքին չի սպանել կազմակերպված հանցավոր խումբը, մինչդեռ դատախազը հակառակն է պնդել։
Friday, January 27, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment