Sunday, January 29, 2012

Իրանը չի հրաժարվի իր միջուկային ծրագրից. Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդական

Tert.am. 28-1-2012- Իրանը մտադիր է շարունակել միջուկային ծրագրի իրականացման ուղղությամբ աշխատանքները և չի հրաժարվի այդ գործունեությունից։ Այս մասին, ադրբեջանական Trend.az կայքի հաղորդմամբ, հայտարարել է Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի՝ արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Ալի Ակբար Վելայաթին։ Վելայաթին հավելել է, թե Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) փորձագետները Թեհրան կայցելեն կիրակի։ Ինչպես ավել վաղ հայտնել էինք, ՄԱԳԱՏԷ–ի մասնագետներն Իրանի միջուկային ծրագրի, մասնավորապես, Քում քաղաքի մոտ գտնվող միջուկային օբյեկտում ուրանի հարստացման աշխատանքների սկսման առնչությամբ տեսչական ստուգումներ են անցկացնելու՝ համոզվելու, որ դրանք խաղաղ ուղղվածություն ունի։ Վերջերս ՄԱԳԱՏԷ–ը հայտարարություն էր տարածել, որում խոսվում էր այն մասին, որ Քումի մոտ գտնվող «Ֆորդո» միջուկային օբյեկտում պաշտոնական Թեհրանն ուրանի հարստացման ուղղությամբ աշխատանքներ է սկսում։ ԱՄՆ–ը, ինչպես նաև ԵՄ-ը պնդում են, որ Իրանի ուրանի հարստացման ծրագրի նպատակն է միջուկային զենք ստեղծել, մինչդեռ պաշտոնական Թեհրանը հերքում է այդ մեղադրանքները՝ ասելով, որ դրանք խաղաղ նպատակ են հետապնդում։ Այդ առնչությամբ ԱՄՆ–ը, ինչպես նաև ԵՄ–ն Իրանի նկատմամբ մի շարք պատժամիցոցներ են սահմանել: Նշենք, որ պաշտոնական Թեհրանը վերջերս պարբերաբար հայտարարել է նաև, թե պատրաստ է վերսկսել Իրանի միջուկային խնդրով «վեցյակի»՝ ԱՄՆ–ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, Չինաստանի, Գերմանիայի հետ բանակցությունները (Իրանի և «վեցյակի» միջև բանակցություններ տեղի են ունեցել 2010 թ. դեկտեմբերին Շվեյցարիայի Ժնև քաղաքում և 2011թ. հունվարին Թուրքիայի Ստամբուլ քաղաքում):

No comments: