Wednesday, January 4, 2012

Ովքեր կտուժեն ԱՄՆ թուլացումից

«Լրագիր» 3-1-2012- Ամերիկյան արտաքին քաղաքականության գաղափարաբաններից Զբիգնեւ Բժեզինկսին համարում է, որ ԱՄՆ գլոբալ թուլացումը հղի է տարածաշրջանային հակամարտությունների սրմամբ: Բժեզինսկին, ով նախագահ Ջիմի Քարտերի ազգային անվտանգության հարցերով խորհրդականն էր, Foreign Policy ամսագրում տպագրած հոդվածում թվարկել է այն 8 պետություններին, որոնք ամենաշատը կտուժեն ԱՄՆ թուլացումից:
Նրա կարծիքով, Վրաստանը խոցելի կդառնա Ռուսաստանի քաղաքական ու ռազմական ագրեսիայի առջեւ: Դա սպառնում է նրանով, որ, իշխանություն ձեռք բերելով Եվրոպային նավթ ու գազ մատակարարող հարավային ուղղության վրա, Մոսկվան իր քաղաքական կամքը կթելադրի Եվրոպային:
Բժեզինսկու խոսքով, Թայվանը խոցելի կդառնա Չինաստանի ճնշումների առաջ, ինչը կարող է հանգեցնել 2 պետությունների միավորմանը Պեկինին ձեռնտու պայմաններով:
Հարավային Կորեան, ըստ նրա, երկընտրանքի առաջ կկանգնի՝ համակերպվել Չինաստանի տարածաշրջանային ազդեցության հետ, թե ամրապնդել հարաբերությունները Ճապոնիայի հետ: Այդ իրավիճակը կարող է սպառնալ Կորեական թերակղզու ռազմաքաղաքական կայունությանը:
Բժեզինսկին ԱՄՆ թուլացումից վտանգ է տեսնում նաեւ Բելոռուսի համար: Եթե ԱՄՆ-ն թուլանա, Ռուսաստանը հնարավորություն կստանա առանց ռիսկի կլանել հարեւանին, ինչն էլ կսպառնա բալթյան պետությունների անվտանգությանը:
Ուկրաինան նույնպես հավանական տուժողների շարքում է: Եթե ԱՄՆ-ն թուլանա, ըստ նրա, Եվրոպան չի ցանկանա ինտեգրել Ուկրաինային արեւմտյան հասարակայնության հետ, ինչն էլ կհանգեցնի Ռուսաստանի կայսերական նկրտումների վերածնմանը:
Աֆղանստանի հարցով Բժեզինկին կարծում է, որ ԱՄՆ զորքերի հապշտապ դուրս բերումը հղի է Աֆղանստանի անկմամբ եւ Թալիբանի վերածննդով:
Աֆղանստանի հարեւան Պակիստանը նույնպես զգալի կտուժի ԱՄՆ թուլացումից: Պակիստանը կարող է վերածվել զինվորականների ղեկավարությամբ ռադիկալ իսլամական պետության: Նման դեպքում միջուկային զենքը կարող է հայտնվել դաշտային հրամանատարների ձեռքում:
Մյուս պետությունը, որն իր վրա զգալիորեն կզգա ԱՄՆ թուլացումը, Իսրայելն է: Բժեզինսկու խոսքով, սպառնալիքի տակ կհայտնվի տարածարջանային կայունությունը, ուղիղ առճակատում տեղի կունենա Իսրայելի ու Իրանի միջեւ, իսլամական արմատականությունը եւ ծայրահեղականությունը կաճի, համաշխարհային նավթագազային ճգնաժամ կլինի, ԱՄՆ դաշնակիցները Պարսից ծոցում խոցելի կդառնան:

No comments: