Saturday, January 28, 2012

Ադրբեջանցիները «գարդաշ» թուրքերին օգնելու համար գովազդի կարիք չունեն

News.am. 28-1-2012- Թուրքական մամուլում շարունակվում է Ֆրանսիայի Սենատի կողմից Ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումից հետո Ադրբեջանի պասիվ վերաբերմունքի արձագանքը։ Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի խորհրդարանի Թուրքիա-Ադրբեջան բարեկամության խմբի անդամները նախորդ շաբաթ այցելել են Ադրբեջան եւ առիթը բաց չեն թողել Ալիեւից հարցնելու Ֆրանսիայի դեմ արշավին չմասնակցելու պատճառների մասին։ Խմբի անդամներից Սինան Օղանը պատմել է, թե Ալիեւն ասել է, թե իրենք ամեն ինչ արել են եւ չեն սպասել Թուրքիայից պահանջ լինի։ Թուրք պատգամավորը հարցրել է Ալիեւին, թե այդ դեպքում ինչո՞ւ թուրքական մամուլը չգիտի Ադրբեջանի արածների մասին, ինչին ի պատասխան, Ալիեւը պատասխանել է. «Մենք մեր աջակցությունը ցույց տվել ենք Թուրքիային։ Այդ օրինագիծը վիրավորանք է նաեւ Ադրբեջանի դեմ։ Մենք չենք մտածել, որ մեր արածների մասին պետք է թուրքական հասարակությանը տեղյակ պահենք։ «Գառդաշը» «Գառդաշին» օգնելը պիտի գովազդե՞ր»,-ասել է Ալիեւը։ Նշենք, որ Hurriyet-ում տպագրված հրապարակման մեջ «գառդաշ» (gardaş) բառը, որ նաեւ վերնագրում է օգտագործվել, միտումնավոր հենց այդպես էլ գրել են, այն դեպքում երբ թուրքերենում այն հնչում է «քարդեշ» (kardeş)։

No comments: