Tert.am. 27-1-2012- Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը ֆրանսիացի սենատորներին ժամանակ է տվել (մինչ երեքշաբթի) անհրաժեշտ թվով ստորագրություն հավաքելու և Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի սահմանադրականությունը որոշելու նպատակով դատարան դիմելու համար։ Այս մասին գրում է անգլաեզու Hurriyetdailynews.com կայքը՝ վկայակոչելով իր դիվանագիտական աղբյուրները։
Սահմանադրական դատարան դիմելու և ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի սահմանադրականությունը որոշելու համար 65 սենատորի ստորագրություն է անհրաժեշտ։
Դիվանագիտական աղբյուրը հայտնել է նաև, որ օրինագիծն առ այսօր չի ներկայացվել նախագահ Նիկոլա Սարկոզիի ստորագրմանը։
Ֆրանսիայի Սենատը հունվարի 23–ի լույս 24–ի գիշերը ձայների 127 կողմ և 86 դեմ հարաբերակցությամբ ընդունեց ցեղասպանությունների ժխտումը քրեականացնելու մասին օրինագիծը (օրինագիծը վերաբերում է Ֆրանսիայի կողմից ճանաչված ցեղասպանությունների ժխտման քրեականացմանը։ Ֆրանսիան Հայոց ցեղասպանությունից բացի ճանաչել է նաև հրեաների ցեղասպանությունը՝ Հոլոքոստը, որի ժխտումն արդեն իսկ քրեականացված է Ֆրանսիայում):
Նոր օրինագծի համաձայն՝ Ֆրանսիայում Հայոց ցեղասպանությունը ժխտողներին 1 տարվա ազատազրկում է սպառնում և 45.000 եվրո տուգանք։
« «Միություն հանուն ժողովրդական շարժման» կուսակցության անդամ և Թուրք–ֆրանսիական խորհրդարանական խմբի ղեկավար Միշել Դիֆենբաշեն հայտնել է, որ արդեն 35 ստորագրություն է հավաքվել»,– գրում է կայքը և հավելում, որ Եվրոպական ժողովրդավարական և սոցիալական ժողով (RDSE) կուսակցության առաջնորդ Ժաք Մազարդն էլ իր հերթին նշել է, թե իրենք ևս սկսել են ստորագրահավաքի գործընթացը։
Թուրքական «Զաման» պարբերականն էլ գրում է, որ Ֆրանսիայում Թուրքիայի դեսպան Թահսին Բուրջուօղլուն նամակ է ուղարկել օրինագծին դեմ քվեարկած 86 սենատորներին և խնդրել է, որպեսզի նրանք հետևողական լինեն օրինագիծը Սահմանադրական խորհուրդ ուղարկելու գործընթացին։
Սենատում օրինագծի քվեարկությունից առաջ Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանը հայտարարել էր, թե օրինագծի ընդունումը շատ ծանր հետևանքներ է ունենալու թուրք–ֆրանսիական քաղաքական, տնտեսական և մշակութային հարաբերությունների համար։ Պաշտոնական Անկարան այժմ հայտարարում է, թե սպասում է վերոնշյալ օրինագծի շուրջ զարգացումներին և համապատասխան քայլեր ձեռնարկելու է վերջնական որոշումից հետո։
Saturday, January 28, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment