«Լրագիր» 27-1-2012- «Այժմ, երբ մենք նշում ենք Հայաստանի և ԱՄՆ-ի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը, ուզում եմ վստահեցնել, որ Միացյալ Նահանգների և նրա ժողովրդի հանձնառությունը Հայաստանի անկախության, բարեկեցության և հաջողության նկատմամբ մնում է նույն բարձր մակարդակի վրա, ինչպիսին եղել է», Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը ասել է ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Էրիկ Ռուբինը:
«Մենք ցանկանում ենք բոլոր ոլորտներում շարունակաբար ընդլայնել հայ-ամերիկյան հարաբերությունները», ասել է Սերժ Սարգսյանը:
Անկախությունից հետո ձեւավորված հայ-ամերիկյան հարաբերության մասին թերեւս խոսուն վկայություն է այն փաստը, որ անկախության քսան տարում ԱՄՆ Հայաստանին ցուցաբերել է ավելի քան 2 միլիարդ դոլարի օժանդակություն: Խոսքը վարկի մասին չէ, այլ նվիրատվության, որը դրսեւորվել է տարբեր կարգի օժանդակությունների տեսքով:
Բնական է, որ այդ ամենն ԱՄՆ արել է ոչ թե հայերի հանդեպ առանձնահատուկ սիրուց դրդված, եւ ոչ էլ ԱՄՆ հայկական լոբբիից ազդված, այլ իր ռազմավարական շահից ելնելով: Իհարկե գուցե կա թե համակրանքի պահ, թե կա հայկական լոբբիի դերակատարություն, բայց գլխավորն իհարկե ռազմավարական շահն է, որ ԱՄՆ մոտ մեծ հետաքրքրություն է առաջացրել Հայաստանի հանդեպ:
Եվ այդ շահը Հայաստանի համար կարծես թե ունի բարեբեր դրսեւորում, քանի որ Հայաստանը աջակցություն է ստացել տարբեր ոլորտներում զարգացման ծրագրերի տեսքով, նյութատեխնիկական օժանդակության տեսքով, խորհրդատվության տեսքով, քաղաքացիական հասարակությանն ուղղված ծրագրերի տեսքով, նաեւ պետական մակարդակի դրամաշնորհների տեսքով:
Վերջին տարիներին, հայ-ամերիկյան հարաբերության մեջ ակնհայտորեն ընդգծվել է քաղաքական բաղադրիչը: Թերեւս ճիշտ չի լինի այն պայմանավորել միայն հայ-թուրքական հարաբերությամբ եւ Ղարաբաղի հարցով: Դրանք միգուցե Հայաստանի հանդեպ ԱՄՆ ռազմավարական հետաքրքրության շարժիչն են, կամ վառելանյութը, բայց փոքր ինչ պարզունակ կլինի բարդ տարածաշրջանում Հայաստանի հանդեպ հետաքրքրությունը գերազանցապես դրանցով սահմանափակելը:
ԱՄՆ համար տարածաշրջանում անհրաժեշտ է հուսալի գործընկեր, որը կհանդիսանա արեւմտյան քաղաքակրթության «դեսպանը» դեպի Մերձավոր եւ Միջին Արեւելք բացվող այս բարդ տարածաշրջանում, որտեղ այդ ամենին զուգահեռ դեռ կա նաեւ Ռուսաստանի խնդիրը, ում հետ Հայաստանն ունի առանձնահատուկ հարաբերություն, եւ ում հետ ԱՄՆ մրցակցում է տարածարջանում ազդեցության եւ գործընթացների վերահսկելիության համար: Բայց, այդ առումով թերեւս ոչ թե այդ հարաբերությունը քանդելու խնդիր է դրված՝ ինչն անշուշտ ամերիկացիներն էլ պատկերացնում են, թե որքան վտանգավոր կարող է լինել Հայաստանի համար, այլ դրված է Հայաստանի արդիականացմամբ այդ հարաբերությունն արդիականացնելու նպատակ, այդպիսով նաեւ որոշակիորեն կառուցողական եւ ռացիոնալ դաշտ բերելով այստեղ ներկայացված ռուսաստանյան էներգիան:
Միայն հայ-թուրքական հարցով կամ Ղարաբաղի խնդրով պայմանավորված հետաքրքրության համար ԱՄՆ միլիարդներ չէր ծախսի երկրի արդիականացման վրա: Պարզապես, ամերիկյան քաղաքական դասը մոտ երկու տասնամյակ շփումներից հետո ըստ ամենայնի եկավ այն եզրակացության, որ Հայաստանում սոցիալ-տնտեսական փոփոխությունների միջոցով քաղաքական գիտակցության վերարժեվորման հասնելը առնվազն դանդաղ, եթե ոչ արդյունավետ ճանապարհ է, քանի որ սոցիալ-տնտեսական աջակցություն ստանալը Հայաստանի քաղաքական դասը ընկալում է իբրեւ իր քաղաքական ներկայիս մտքի եւ մտածողության հաջողության արգասիք:
Թերեւս այդ իսկ պատճառով էլ ամերիկյան կողմը ընդլայնում է հայ-ամերիկյան հարաբերության քաղաքական բաղադրիչը, քաղաքական մտածողության եւ վարքաբանության փոփոխության միջոցով սոցիալ-տնտեսական ներդրումների արդյունավետությունը բարձրացնելու եւ երկրի արդիականացման հարցում անշրջելի հաջողություններ արձանագրելու համար:
Ներկայում, երբ ԱՄՆ եւ Արեւմուտքի համար հատկապես սուր հրամայականներ են ձեւավորվում Հարավային Կովկասի հարակից տարածաշրջաններում, Հայաստանն արդիականության «կղզյակի» վերածելը դառնում է աշխարհաքաղաքական հրամայական:
Հայաստանի իշխող դասն էլ ըստ ամենայնի պատկերացնում եւ գիտակցում է այդ հեռանկարները, եւ փորձում օգտվել դրանից, ակնկալելով այդպիսով լուծել իշխանության պարբերական հարցը Հայաստանում:
Այդ իմաստով, կա իհարկե համարժեքության վտանգավոր պակաս, որովհետեւ Հայաստանի իշխանությունից այդ իրավիճակում պահանջվում է ոչ թե իշխանության, այլ արդիականության խնդրի լուծում, իսկ իշխանության խնդիրը՝ միայն այդ համատեքստում: Այդտեղ համարժեք չլինելը կարող է հանգեցնել բավական խաբուսիկ կարճաժամկետ լուծումների, եւ ճակատագրական արագ հանգուցալուծման:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Saturday, January 28, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment