Monday, January 23, 2012

Հայաստանն Իրանի ու աշխարհի արանքում

1in.am. 21-1-2012- Իրանական միջուկային ծրագրի խնդիրը վերջին շաբաթների ընթացքում սկսել է կրկին ակտիվանալ: Բավական կոնկրետացել են Իրանի հանդեպ կիրառվող պատժամիջոցները խստացնելու մասին խոսակցությունները: Ակնհայտ է, որ Իրանի շուրջ օղակը կարծես թե սեղմվում է, ինչը նշանակում է, որ կամ միջուկային ծրագիրն իսկապես բավական լուրջ փուլի է հասել, և շատ մեծ է հավանականությունը, որ այդ երկիրն արդեն տիրապետում է միջուկային զենք ունենալու բավարար տեխնոլոգիաներ և մոտ է միջուկային տերություն դառնալուն, կամ էլ ուղղակի հասունացել են աշխարհաքաղաքական որոշակի ծրագրեր, որոնց ճանապարհին կանգնած է Իրանը և կամ պետք է կամավոր միանա այդ ծրագրերին, կամ պետք է Իրանին ստիպեն գնալ այդ քայլին, իսկ դրա համար լավագույն պատճառը միջուկային ծրագիրն է: Համենայնդեպս, փաստը, որ Իրանի հարցում բավական կոշտացել է Ռուսաստանի դիրքորոշումը տալիս է բավական հետաքրքրական մտորումների տեղիք: Այդ ամենում մեզ համար առաջնային հետաքրքրություն, բնականաբար, ներկայացնում է Հայաստանի ունեցած դերը կամ նշանակությունը, կամ առկա գործընթացների հնարավոր ազդեցությունը Հայաստանի վրա: Դատելով ՀՀ իշխանության ունեցած մտավոր ռեսուրսից և լեգիտիմության գրեթե զրոյական պաշարից` երևի թե չափազանցություն կլինի Հայաստանի դերի և նշանակության մասին խոսելը, և առավել մեծ է հավանականությունը, որ Հայաստանն այդ հարցում էլ կարող է ընդամենը մնալ «արանքում»` այս անգամ աշխարհի և Իրանի արանքում: Բանն այն է, որ եթե Իրանի շուրջ սեղմվում է օղակը, ապա Հայաստանը ստիպված է լինելու մնալ կամ այդ օղակից ներս, կամ դուրս: Ներս լինելու հանգամանքի և դրա հետևանքի մասին խոսելը, թերևս, լիովին ավելորդ է, և եթե դեպքերը այդօրինակ զարգացում ունենան, և օղակը շարունակի սեղմվել, ապա պետք է հուսալ, որ ՀՀ իշխանությունը գոնե կգիտակցի, որ օղակից ներս մնալը բացարձակապես չի բխում ՀՀ շահից, որքան էլ որ Իրանը մեզ համար կարևորագույն հարևան է` թե տնտեսական, թե աշխարհաքաղաքական հարցերում: Բայց հենց այն, որ Իրանը մեզ համար այդ հարցերում կարևորագույն հարևան է, Հայաստանի համար աննպաստ և անցանկալի է դարձնում նաև օղակից դուրս գտնվելը: Լավագույն տարբերակը, իհարկե, կլիներ օղակի բացակայությունը կամ գոնե մի փոքր առաձգականությունը, բայց դա, թերևս, միայն Հայաստանին կարող է պետք լինել, և իրավիճակը կարծես թե կարող է զարգանալ օղակի «լինել-չլինելու» կամ «սեղմվել-չսեղմվելու» սցենարով: Դատելով ներկայիս աշխուժությունից, շատ մեծ է հենց լինելու և սեղմվելու հավանականությունը: Դա նշանակում է, որ Իրանի հանդեպ պատժամիջոցների խստացումը կարող է նաև ազդել Հայաստանի և Իրանի հարաբերության վրա: Առայժմ այդ հարաբերությունը որևէ կերպ չի դարձել աշխարհի քննադատության պատճառ, բայց եթե Իրանի հանդեպ պատժամիջոցները խստացվեն, ապա հայ-իրանական հարաբերությունն էլ, թերևս, սկսելու է չափվել այլ «արշինով»:

No comments: