Wednesday, January 18, 2012

«Իրանը պատրաստ է ԱԷՄԳ-ի տեսուչների հետ քննարկել «ամեն տիպի» հարցեր». Սոլթանիե

1in.am. 18-1-2012- Reuters գործակալության փոխանցմամբ՝ ԱԷՄԳ-ում Իրանի ներկայացուցիչ Ալի Ասղար Սոլթանիեն հայտարարել է, որ ԱԷՄԳ-ի պատվիրակությունն Իրան է ժամանելու հունվարի 29-ին՝ քննարկելու համար Իրանի միջուկային ծրագրի հարցը։ Սոլթանիեն հավելել է, որ իրենք պատրաստ են ԱԷՄԳ-ի տեսուչների հետ քննարկել «ամեն տիպի հարցեր». «Մենք պատրաստ ենք նրանց հետ քննարկել ցանկացած հարց, որը կհետաքրքրի նրանց։ Սակայն այդ հարցերը չպետք է դուրս գան նրանց լիազորությունների շրջանակներից։ Հուսով եմ, որ տեղի կունենա կառուցողական ու բարձր մակարդակի հանդիպում»։ ԱԷՄԳ-ի պատվիրակությունը գլխավորելու է այդ կառույցի փոխնախագահ Գերման Նակերցը։ Հիշեցնենք, որ երեկ Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության գծով Իրանի խորհրդարանական հանձնաժողովի փոխնախագահ Իսմայիլ Կոսարին հայտարարել էր, որ ԱԷՄԳ-ի մի շարք տեսուչներ լրտեսներ են. «Իրանական միջուկային օբյեկտներ այցելելուց հետո ԱԷՄԳ-ի համապատասխան զեկույց պատրաստելուց առաջ այդ անձինք իրանցի գիտնականների ու միջուկային օբյեկտների անձնակազմի ներկայացուցիչների վերաբերյալ տեղեկատվություն են տալիս արևմտյան երկրների հատուկ ծառայություններին»։

No comments: