Monday, January 30, 2012

Ֆրանսիայի առեւտրային պալատի փոխնախագահ. վնասել կարող են ոչ թե Թուրքիայի կողմից կիրառվող վարչական միջոցառումները, այլ հասարակական կարծիքը

News.am. 29-1-2012- Ֆրանսիան կարող է տուժել ոչ այնքան թուրքական կառավարության ձեռնարկած վարչական միջոցառումներից, որքան թուրք հասարակության թշնամանքից: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Ֆրանսիայի առեւտրային պալատի փոխնախագահ Իվ Մարի Լոենանը: Նրա կարծիքով` ֆրանսիական բիզնեսին հիմնական վնասը կարող է հասցնել Թուրքիայի հասարակական կարծիքը, որը կտրուկ փոխվել է եւ ոչ հօգուտ Ֆրանսիայի:Հիշեցնենք, որ հունվարի 23 -ին Ֆրանսիայի Սենատն ընդունել է ցեղասպանությունները, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքը:«Դուք, անկասկած, ծանոթ եք թուրք գործիչների` պաստասխան միջոցառումներ ձեռնարկելու մասին հայտարարություններին: Այդ միջոցառումները վերաբերում են պաշտպանության, դիվանագիտական, արտաքին առեւտրի ոլորտներում ֆրանս-թուրքական հարաբերություններին: Հայտարարվել է, օրինակ, որ Ֆրանսիայի մասնակցությունը կբացառվի էներգետիկ, ենթակառուցվածքային եւ այլ ոլորտներում հայտարարվող խոշոր մրցույթներին»,-նշեց պալատի փոխնախագահը: «Բացի այդ, գիտեք, որ ֆրանս-թուրքական առեւտրաշրջանառությունը հասել է 12 մլրդ եվրոյի, իսկ Թուրքիայում գործում են ավելի քան 400 ֆրանսիական ձեռնարկություններ, որտեղ զբաղված է 100 հազ. մարդ: Քանի որ Թուրքիան համարվում է ԱՀԿ եւ Եվրոպական մաքսային միության անդամ, վարչական միջոցառումների արդյունքում այդ ընկերությունների համար բացասական հետեւանքներ չենք կանխատեսում»,-ասաց նա:«Սակայն Ֆրանսիայի խորհրդարանի նախաձեռնությունը հատկապես շատ խորն է ընդունվել սովորական մարդկանց կողմից` դա ընկալվել է որպես անարդարություն եւ վիրավորանք: Ուստի հետեւանքներ, անկասկած, կլինեն թուրք սպառողի կողմից` ֆրանսիական արտադրանքը բոյկոտելու առումով, ինչպես եղավ 2007թ-ին», -նշեց Լոենան` ավելացնելով, որ տնտեսական վնասի չափը հաշվարկելը հիմա դժվար է:

No comments: