Sunday, January 8, 2012

Ալժիրի վարչապետը զգուշացրել է Էրդողանին. Մի չարաշահե՛ք մեր ժողովրդի արյունը

«Հայաստան» լրատու ցանց, Աթենք, 08.01.2012: Իրանական «Ալ-Ալեմ» լրատվական կենտրոնը, Ալժիրից տեղեկացնում է, որ «Ալժիրի վարչապետ Ահմեդ Օյահյան շաբաթ՝ հունվարի 7-ին, մամուլի կոնֆերանսի ժամանակ, խոսքն ուղղելով Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիփ Էրդողանին, ասել է. «Մեր թուրք գործընկերներին խորհուրդ ենք տալիս, որ մեր արյունը առեւտրի առարկա չդարձնեն»:
«Յուրաքանչյուր կողմ իր շահերը պաշտպանելու գործում ազատ է, սակայն ոչ ոք իրավունք չունի չարաշահել Ալժիրի ժողովրդի արյունը»,- հավելել է նա:
Ալժիրի Վարչապետը նշել է, որ «Թուրքիան 1830թ. Ալժիրն գրավելուց երեք օր անց այն հրամցրեց ֆրանսացիներին եւ այնուհետ մինչեւ Ալժիրի անկախությունը՝ 1962 թվականը, ՄԱԿ-ում քննարկման դրված Ալժիրի շահերը պաշտպանող բոլոր բանաձեւերին դեմ է քվեարկել»:

Ալժիրի Ազգային դեմոկրատական կուսակցության առաջնորդ Ահմեդ Օյահյան նաեւ հավելել է. «Թուրքիան ինչ-որ կերպ Ֆրանսիայի կողմից Ալժիրում կատարված բոլոր սպանություններում դեր է ունեցել: Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, եւ Ֆրանսիան նույն կազմակերպության զինամթերքով է կռվել Ալժիրի ժողովրդի դեմ, ալժիրցիները սպանվել են Թուրքիայի արտադրած փամփուշտներով»:

Հիշեցնենք, Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիփ Էրդողանը Ֆրանսիայի Ազգային ժողովում հայոց ցեղասպանության հերքման քրեականացման հաստատման դեմ որպես հակազդեցություն Ֆրանսիային մեղադրել էր Ալժիրի ժողովրդի նկատմամբ ցեղասպանություն գործադրելու մեջ: Էրդողանը ասել էր, որ «ալժիրցիների 15 տոկոսը 1945-1962 թթ. սպանվել են ֆրանսացիների կողմից եւ դա ինքնին ցեղասպանություն է»:

Այս մասին լրատվություն են կատարել «AFP» Ֆրանսական լրատու գործակալությունը, Թուրքիայի, Իրանի եւ Միջին Արեւելյան լրատվական կենտրոնները: Թուրքիայում այս կապակցությամբ սպասվում է հակազդեցություններ:

No comments: