«Լրագիր» 27-1-2012- Հայ ազգային կոնգրեսը քաղխորհրդի արտահերթ նիստում որոշել է, որ խորհրդարանի ընտրությանը մասնակցելու է միասնաբար, այսինքն Կոնգրեսի մաս կազմող 18 կուսակցությունները միասին՝ մեկ դաշինքով են մասնակցելու ընտրությանը:
Ըստ ամենայնի, այդ որոշումը կարելի է ինչ որ առումով համարել Կոնգրեսի համամասնական ցուցակի մասնակի ուղենիշ: Թեեւ ցուցակն առայժմ դեռ չկա, եւ Կոնգրեսը նոր է սկսում դրա վերաբերյալ քննարկումները, այդուհանդերձ պարզ է, որ ցուցակի առաջատարները կլինեն Կոնգրեսի առաջատար կուսակցությունների լիդերները՝ Ստեփան Դեմիրճյան, Արամ Զավենի Սարգսյան, Արամ Մանուկյան:
Ցուցակն ըստ ամենայնի կգլխավորի Լեւոն Տեր-Պետրոսյանը, քանի որ այլ պարագայում կարող է առաջանալ ցուցակի առաջին համարի վեճ կամ խանդ, առավել եւս, որ Կոնգրեսը այդ առումով կարծես թե ամենալավ ժամանակները չէ, որ ապրում է: Տեր-Պետրոսյանն ամենայն հավանականությամբ կառույցը չի տանի փորձության եւ կգլխավորի նախընտրական ցուցակը, անկախ նրանից, թե ասենք ով կգլխավորի ՀՀԿ նախընտրական ցուցակը:
Ի վերջո, Տեր-Պետրոսյանն անգամ քաղաքապետի ընտրությանը գլխավորեց ցուցակը, թեեւ թվում էր, թե դա չի համարի իր կալիբրը:
Սակայն, Հայ ազգային կոնգրեսի պարագայում, գլխավոր հարցը թերեւս ոչ այնքան այն է, թե ով կլինի համամասնական ցուցակում, այլ երեւի թե այն, թե խորհրդարան անցնելու դեպքում ով կվերցնի պատգամավորի մանդատը:
Անշուշտ դեռ վաղ է խոսել սրա մասին, քանի դեռ նույնիսկ համամասնական ցանկը չկա, բայց այդ հարցը ժամանակի ընթացքում, ընդ որում ընտրությունից առաջ, լինելու է Կոնգրեսի պարագայում ամենակարեւորը եւ ամենաբնորոշիչը:
Կոնգրեսը հայտարարել է, որ խորհրդարանի հերթական ընտրությունը փորձելու է վերածել նախագահի արտահերթ ընտրության: Իսկ եթե դա չստացվի, ապա ով է գնալու խորհրդարան, ով է վերցնելու մանդատն ու փողոցից տեղափոխվելու Բաղրամյան 19, որն իհարկե ավելի մոտ է Բաղրամյան 26-ին, բայց միեւնույն ժամանակ բավական հեռու է Ազատության հրապարակից:
Երեւի թե կասկած չկա, որ Կոնգրեսի լիդերներն այդ առումով իրենց համար ունեն արդեն իսկ կայացրած որոշումներ, կամ էլ այդ որոշումը քննարկում են իրենք իրենց համար, կամ իրենց խիստ վստահելի եւ մտերիմ անձանց շրջանակում:
Ընդհանրապես մանդատները բոյկոտելու տարբերակն այժմ կարծես թե չի լինի, համենայն դեպս Կոնգրեսը առայժմ հակված չէ դրան, ինչպես զգացվում է այդ հարցի վերաբերյալ տարբեր առիթներով արված հայտարարություններից, որ խորհրդարանի ամբիոնը լուրջ քաղաքական ամբիոն է եւ այն պետք չէ համեմատել Երեւանի Ավագանու հետ, որի մանդատներից Կոնգրեսը, ինչպես հայտնի է, հրաժարվեց 2009 թվականի մայիսի ընտրությունից հետո:
Այսինքն, Կոնգրեսն ինչ որ մարդկանց այդուհանդերձ կգործուղի խորհրդարան: Ամբողջ հարցն այստեղ այն է, թե ում, եւ ինչ մթնոլորտում: Որովհետեւ իրադարձությունների որոշակի զարգացման պարագայում, խորհրդարանական «գործուղումը», կոնգրեսական տարբեր գործիչների համար, կարող է հանդիսանալ քաղաքական կարիերայի վերջին գործուղումը: Ընդ որում, չի էլ բացառվում այդօրինակ զարգացումը, երբ այդ գործիչներին գործուղելով խորհրդարան, Կոնգրեսը էապես կարող է թարմացնել հրապարակի «կազմը», առավել եւս, որ Հայաստանի ապագայի բանալիները կարծես թե դեռ շարունակելու են մնալ հրապարակում, կամ առնվազն՝ հաստատ չեն լինելու 2012-ի խորհրդարանում:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Saturday, January 28, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment