Tert.am. 27-1-2012- ԱՄՆ պետքարտուղարության աշխատակիցների հետ ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն անդրադարձել է նաև Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունմանը։
«Մեր ուժեղ կողմերից մեկն այն է, որ մենք ազատ խոսքը չենք քրեականացնում։ Մարդիկ կարող են ասել գրեթե ամեն բան, ինչ ցանկանան. մեր երկրում հենց այդպես է։ Իսկ մյուս երկրները, որոնց թվում է նաև մեր բարեկամ և դաշնակից երկիր Ֆրանսիան, այլ չափանիշներ, այլ պատմություն ունեն։ Մենք, սակայն, հուսով եմ, երբեք չենք գնա խոսքը քրեականացնելու ուղով»,–ԱՄՆ–ում հրատարակվող Asbarez պարբերականի հաղորդմամբ՝ հայտարարել է Քլինթոնը։
Հանդիպման մասնակիցներից մեկի այն հարցին, թե ԱՄՆ–ն ինչու չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը (ԱՄՆ Կոնգրեսում է գտնվում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին թիվ 106–րդ բանաձևը), Քլինթոնը պատասխանել է, որ «Ցեղասպանությունը պատմական հարց է, ոչ թե քաղաքական»։
«Կարծում եմ, որ արդարացի կլինի ասել, ես ևս այդպես եմ կարծում, որ դա (Հայոց ցեղասպանության հարցը) պատմական քննարկումների և եզրահանգումների ենթակա հարց է, ոչ թե քաղաքական: Կարծում եմ, որ ԱՄՆ–ի կառավարությունը ճիշտ դիրքորոշում է որդեգրել այդ հարցում, քանի որ որքան սոսկալի և հուզումնալից լինի կատարվածը, միևնույն է, պատմական հարցերը լուծելու համար պետական իշխանության օգտագործումը, կարծում եմ՝ մի դուռ է բացում, որը շատ վտանգավոր է անցնելու համար»,–ընդգծել է Քլինթոնը։
ԱՄՆ պետքարտուղարը հավելել է, թե անհրաժեշտ է, որպեսզի մարդիկ իրենց անձնական կարծիքն ունենան, եզրահանգումներ անեն, և դրանք պետք է հարգվեն։ «Մենք պետք է խրախուսենք բոլորին՝ պատմական ցանկացած բանավեճի ցանկացած կողմում գտնվողին, որպեսզի նրանք կարողանան ազատ կերպով արտահայտել իրենց գաղափարները»,–ասել է նա։
Ֆրանսիայի Սենատը հունվարի 23–ի լույս 24–ի գիշերը ձայների 127 կողմ և 86 դեմ հարաբերակցությամբ ընդունեց ցեղասպանությունների ժխտումը քրեականացնելու մասին օրինագիծը (օրինագիծը վերաբերում է Ֆրանսիայի կողմից ճանաչված ցեղասպանությունների ժխտման քրեականացմանը։ Ֆրանսիան Հայոց ցեղասպանությունից բացի ճանաչել է նաև հրեաների ցեղասպանությունը՝ Հոլոքոստը, որի ժխտումն արդեն իսկ քրեականացված է Ֆրանսիայում):
Նոր օրինագծի համաձայն՝ Ֆրանսիայում Հայոց ցեղասպանությունը ժխտողներին 1 տարվա ազատազրկում է սպառնում և 45.000 եվրո տուգանք։ Օրինագիծը, ուժի մեջ մտնելու համար, պետք է ստորագրվի նախագահ Նիկոլա Սարկոզիի կողմից։
Friday, January 27, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment