Saturday, January 28, 2012

Արտակ Շաքարյան. Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնելուց առաջ ԱՄՆ-ը նախ պետք է այն ճանաչի

Panorama.am. 27-1-2012- «Միացյալ Նահանգները մշտապես փորձել է Թուրքիայի հետ հարաբերություններում չանցնել կարմիր գիծը՝ գիտակցելով, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ նման խիստ օրինագծի ընդունումը կարող է սառեցնել թուրք-ամերիկյան հարաբերությունները»: Այս մասին այսօր լրագրղների հետ հանդիպման ժամանակ ասաց թուրքագետ Արտակ Շաքարյանը՝ անդրադառնալով՝ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի` պետքարտուղարության աշխատակիցների հետ ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ արած այն հայտարարությանը` «մեր ուժեղ կողմերից մեկն այն է, որ մենք խոսքը չենք քրեականացնում։ Մարդիկ կարող են ասել գրեթե ամեն բան, ինչ ցանկանան. մեր երկրում հենց այդպես է։ Իսկ մյուս երկրները, որոնց թվում է նաև մեր բարեկամ և դաշնակից երկիր Ֆրանսիան, այլ չափանիշներ, այլ պատմություն ունեն։ Մենք, սակայն, հուսով ենք, որ երբեք չենք գնա խոսքը քրեականացնելու ուղով»: Ա.Շաքարյանի խոսքերով՝ Քլինթոնի հայտարարությունը վաղաժամ է, քանի որ Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնելուց առաջ ԱՄՆ-ը նախ պետք է այն ճանաչի: «ԱՄՆ նախագահը նույնիսկ չի էլ պատրաստվում ապրիլի 24-ին արտասանել «ցեղասպանություն» բառը` ուր մնաց Հայոց ցեղասպանության ճանաչման և դրա ժխտման քրեականացման մասին խոսել»,- ասաց նա և ավելացրեց, որ Հ.Քլինթոնի հայտարարությունը նման է «թող արևն Արևելքից դուրս գա» արտահայտությանը: Նա միաժամանակ նշեց, որ ԱՄՆ-ը միշտ էլ կողմ է եղել հայ-թուրքական սահմանի բացմանն ու հայ-թուրքական արձանագրությունների վավերացմանը, և բացահայտ հայտարարում է, որ հայ-թուրքական գործընթացը տապալվել է Թուրքիայի կողմից: Իսկ ինչ վերաբերում է թուրք-ամերիկյան հարաբերություններին, Ա.Շաքարյանն ասաց, որ ներկայումս ԱՄՆ-ն Իրաքից դուրս է հանում իր զորքերը և Իրաքի անվտանգության ապահովման հարցում ԱՄՆ-ն Թուրքիայի աջակցության կարիքն ունի: Ուստի թուրք-ամերիկյան հարաբերությունների վատթարացումն այս պահին ԱՄՆ-ին ձեռնտու չէ: Թուրքագետը նշեց նաև, որ Ֆրանսիայի Սենատի օրինակին հնարավոր է առաջիկայում հետևեն նաև Բելգիան և Հոլանդիան: Նրա խոսքով` այն երկրները, որոնք ռազմավարական կապեր չունեն Թուրքիայի հետ, կընդունեն Հայոց ցեղասպանությունը:

No comments: