Monday, January 9, 2012

Իրանը սպառնում է փակել Հորմուզի նեղուցը` ի պատասխան ԵՄ նավթային արգելքի

Tert.am. 8-1-2012- Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բարձրաստիճան զինվորական Ալի Աշրաֆ Նուրին հայտարարել է, որ եթե Եվրամիությունն իրանական նավթի ներկրման հանդեպ արգելք մտցնելու մասին որոշում ընդունի, ապա Թեհրանը կփակի Հորմուզի նեղուցը: Իրանական «Խորասան» թերթը,մեջբերելով Նուրիի խոսքերը, այսօր գրել է, որ իրանական ղեկավարությունն արդեն ընդունել է այդ մասին որոշումը:
Պարսից և Օմանի ծոցերը միավորող Հորմուզի նեղուցով են կատարվում մինչև 40 տոկոս համաշխարհային նավթամատակարարումները: Շաբաթ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը կոչ էր արել ԱՄՆ-ին և Իրանին բանակցությունների միջոցով թոթափել նեղուցում լարվածությունը:
Չորեքշաբթի ԵՄ անդամ երկրները «սկզբունքային համաձայնության» են եկել իրանական նավթի ներմուծման հանդեպ արգելք մտցնելու հարցում: Այս մասին որոշումը կարող է ընդունվել մինչև ամսվա վերջ` հունվարի 30-ին, Եվրամիության անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստում: Իրանի ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Շամսեդին Հոսեյնիի կարծիքով` ԵՄ նմանատիպ գործողությունը դիտարկվում է որպես Իրանի հանդեպ «տնտեսական պատերազմ»:

No comments: