Մեր զրուցակիցն է քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը
-Պարոն Ղուկասյան, ամանորյա իր ելույթում Սերժ Սարգսյանը նշեց, որ ընտրությունները մեզանում ընկալվել են միայն որպես իշխանություն ձեռք գցելու կամ իշխանությունը պահելու միջոց, և վաղուց ժամանակն է ըմբռնելու, որ շատ ավելի բարձր նպատակներ կան, և ինքը կանի ամեն ինչ արատավոր կարծրատիպից հրաժարվելու համար: Նախընտրական պրոցեսները սկսվել են, արդյոք Սերժ Սարգսյանի խոսքերից կարելի՞ է ենթադրել, որ մենք այս ընտրություններում քաղաքական այլ իրավիճակ ենք ունենալու:
-Հարցը պետք է դիտարկենք երկրի ներսի և դրսի տեսանկյունից: Եթե դրսից նայենք` ինչ վիճակում են գտնվում Հայաստանի Հանրապետությունը, երկրի նախագահը և իրեն սատարող կուսակցությունը, ապա պետք է նկատել, որ փոխվում են արտաքին միջավայրը, քաղաքական աշխարհը և ամբողջ շրջապատը: Մի կողմից արաբական աշխարհում տեղի ունեցող իրադարձություններն են, մյուս կողմից Եվրոպայում հիմա գործող քաղաքական դաշտի վերամշակումը, այսինքն` արմատական փոփոխություններ են տեղի ունենում ամբողջ աշխարհում:
Բնականաբար նման մթնոլորտում ցանկացած բադրիջանային կամ բանանային պետության ղեկավար պետք է մեսիջ թողնի դեպի արտաքին և ներքին միջավայր, որ ինքն էլ է համահունչ միջազգային պրոցեսներին, որովհետև եթե այդ պրոցեսներին այս կարգի գործիչը համահունչ չէ, մեծ վտանգ կա, որ նա կընկնի ոտնատակ:
Եթե երկրի ներսից դիտարկենք, ապա այստեղ մարդկանց գիտակցությունը շարունակում է մնալ արդեն ըստ էության անցյալ դարձած համակարգում։ Այն, ինչից նախագահը արդեն գլխի է, հասարակության մեծ մասը դեռ գլխի չէ, որ նոր Mainstream քաղաքական պրոցեսներ կան: Այստեղ նախագահն ունի առավելություն հասարակության նկատմամբ: Սերժ Սարգսյանը հասկանում է, որ պետք է առաջատար լինել նաև այս պրոցեսում և ասել, որ այդ պետական չարաշահում երաշխավորող համակարգը քանդելու ժամանակն է, և ինքն էլ առաջնորդն է դա անելու հարցում:
-Հասարակությունը խորհրդային անցյալի՞ համակարգում է, թե անկախության առաջին տարիների:
-Եթե հայացք նետենք անցյալին, ապա կտեսնենք, որ տասներկու տարին մեկ մենք ունեցել ենք պետական կառավարման, քաղաքական համակարգի արմատական փոփոխություն: Առաջին փուլը՝ 88-ի Ղարաբաղի և անկախության համար շարժումը ու այդ ժամանակի հիմնական կարգահոս՝ անկախություն, ինքնորոշում, ժողովրդավարություն։ Մյուս փուլը՝ 2000-ին Ռուսաստանի իշխանության ներսում է տեղի ունենում իշխանափոխություն, միևնույն ժամանակ մեր քաղաքական համակարգի ներսում է տեղի ունենում իշխանափոխություն, այսինքն` իշխանության մեջ ձևավորվում է նոր իշխանության խումբ, որը և ազատվում է նախորդ շրջանի գլխավոր դերակատարներից, Ռուսաստանում` Ելցինից, Հայաստանում` Լևոն Տեր-Պետրոսյանից, Վազգեն Սարգսյանից և մյուսներից։ Եվ նոր կարգախոս է ի հայտ գալիս` կպնենք միասին, տնտեսությունը բարձրացնենք:
Հիմա` 12 տարի անց, մենք տեսնում ենք, որ Ռուսաստանում մարդիկ կանգնում և ասում են «տնտեսությունը բարձրացնողներին»` դուք գողեր եք և ժուլիկներ: Նոր ժամանակի կարգախոսն է՝ վերջ տանք պետական իշխանության չարաշահումներին։
Մեր հասարակությունը դեռ «տնտեսությունը բարձրացնողների» ժամանակահատվածում է, իսկ նախագահն արդեն անցել է հաջորդ փուլ՝ «գողերի և ժուլիկների» դեմ «պայքարելու» փուլ։
-Այս առումով դրակա՞ն են Սերժ Սարգսյանի միտումները և, և հնարավո՞ր է արդյոք փոփոխությունը գա վերևից:
-Կախված է նրանից` նախագահը որպես անձ, վստահություն կարո՞ղ է ձեռք բերել հասարակությունից, թե ոչ: Մեր քաղաքական պրոցեսը ունի հետևյալ տրամաբանությունը. իշխանության գալու համար անհրաժեշտ է փող ունեցող մարդկանց աջակցություն, քանի որ հասարակությունը պատրաստ է վաճառել իր ձայները և անհանդուրժողական չէ ընտրության կեղծիքների նկատմամբ: Այսինքն` կոմպրոմիսի գնացող հասարակությունը թույլ է տալիս մարդկանց, ովքեր կարող են գործարքներ առաջարկել, ձևավորել իշխանություն։ Արդյունքում` իշխանությունը դառնում է գործարքների պրոդուկտ, իսկ իշխող դասակարգի ղեկավարը այդ բոլոր գործարքների “իտոգ” տվողն է: Կարո՞ղ է արդյոք այդ ճանապարհով իշխանության եկած մարդը փոխել այդ համակարգը: Այդ հարցը ոչ միայն Սերժ Սարգսյանին է վերաբերում, այլ նաև Պուտինին, Մուբարաքին, Քադաֆիին, բոլոր այն մարդկանց, ովքեր այս ճանապարհով են հասնում իշխանության: Իմ քաղաքագիտական պատասխանն է`ոչ, դա անհնար է։ Որովհետև պետք է կտրես այն բոլոր մարդկանց հետ հարաբերությունները, որոնք քեզ բերել են այդ գործարքների հաշվին իշխանության: Կան իհարկե եզակի օրինակներ։ Սինգապուրում ազգային լիդերին հաջողվեց ազատվել իր շրջապատից, իր համախոհներից և ձևավորել ուրիշ որակի իշխանություն: Հայաստանում կան ուժեր, որոնք սիրում են մատնանշել Սինգապուրի օրինակը։ Եվ երազում են, թե ինչպես անենք, որ մեզ մոտ էլ այդպես լինի, բայց ոչ մի բան չփոխենք դրա համար: Արդյոք հնարավո՞ր է վերացնել պետական իշխանության չարաշահումը և միաժամակ օլիգարխները, կոռումպացված նախարարները և չինովնիկները մնան իրենց տեղերում:
-Այսինքն` Սերժ Սարգսյանը անկարո՞ղ է մենակ պայքարել այս ամենի դեմ:
-Իր սեփական քաղաքական բազայի դեմ ոչ թե անկարող է, այլ ողջամիտ մարդու մոտ չի առաջանա նման միտք՝ կտրել այն ճյուղը, որի վրա նա նստած է: Ծայրահեղ պատճառներ, ծայրահեղ մարտահրավերներ պետք է լինեն, որ քաղաքական գործիչն անձամբ իր քաղաքական ակտիվը վերացնի: Դրա համար միաժամակ պետք է լինի նաև ինչ-որ մի հանրության այլ խումբ, որի վրա նա կարող է հենվել: Հայաստանում նման խումբ նախագահը չունի և երբեք չի ունենա։
-Այս դեպքում ի՞նչ է հնարավոր անել, երբ հասարակության միջից էլ խումբ ձևավորվելու հնարավորություն չեք տեսնում:
-Պույ-պույ մկնիկի պատմությունը բացահայտում է այդ մոդելը. փոքր ծակից մուկը մտնում է կոկոսի մեջ, հետո չաղանում է, և չի կարող այդ նույն ծակով դուրս գալ: Իշխանության մեջ մտնում ես, ծանրաբեռնվում ես սեփականությունով, որը ձեռք ես բերել ոչ օրինական ճանապարհով, և որպեսզի դուրս գաս, պետք է նիհարես: Թումանյանը, իմ կարծիքով, կանխամտածել էր, որ տարիներ անց Հայաստանում ձևավորվելու է ՀՀԿ-ԲՀԿ-ները և երևի դրա համար էր մեր ազգին նվիրել այս հեքիաթը: Հիմա իշխող դասակարգին դիետա է պետք, որ իրենք նիհարեն, կարողանան դուրս գալ «իշխանության կոկոսից»։ Դիետան նշանակում է սեփականության լեգիտիմացում, վերաբաժանում հօգուտ հասարակությանը։ Կարող է արդյոք իշխող դասակարգը ինքնուրույն նման խնդիր լուծել: Հաշվի առնելով մեր ազգային հատկությունները, մարդկանց պատրաստակամությունը՝ միշտ առճկատման գնալ անձնական ամենափոքր սեփականության շուրջ և այլն, ես սա բացառում եմ։ Մեր իշխող դասակարգը չի կարող որոշում կայացնել, որ իրեն պետք է «նիհարել», որ հնարավոր լինի հանձնել իշխանությունը մեկ այլ կարող ուժի։ Այնպիսի ուժին, որը կհաստատի օրենք բոլորի համար, ներառյալ իրենց, և ոչ մեկի սեփականությունը այսուհետ երբեք չի լինի քաղաքական խաղերի թիրախ:
-Եթե իշխանությունը որոշի «նիհարել» և անցքից անցնել, կա՞ արդյոք այդ կարող ուժը, որը կարող է գալ և փոխարինել, շատ է խոսվում քաղաքական ուժի խնդրի մասին:
-Ինչպես 2000-ին մեր իշխանության համակարգում ձևավորվեց նոր ուժային խումբ, որը փոխարինեց անկարող իշխանությունը, այսօր իշխանության ներսում ռեզերվ թիմ կա, որը վաղը կարող է հանդես գա արտաքին աշխարհին և ասի, որ ես փոփոխված ադեկվատ քաղաքական ուժ եմ, ես այս գործիքները ունեմ և կարող եմ տվյալ երկրում ինչ-որ բաներ անել։ Դա վարչապետի թիմն է`իր բոլոր ռեսուրսներով, որտեղ կան նաև օլիգարխներ:
-Սակայն վարչապետի խոսքի նկատմամբ վստահություն չկա, քանի որ բոլորը փաստում են, որ նրա խոսքը գործ չի դառնում:
-Սա այն իրադրությունն է, երբ իշխանության մեջ կան տարբեր արժեքներ, տարբեր նպատակներ հետապնդող թիմեր և բնականաբար ոչ մի ուժ չի կարող բացարձակ կարողություն ցուցաբերել։ Իրենք են իրար սահմանափակում և իրենք են իրար դեմ առաջին պայքարողը:
Անդրադառնանք ընդդիմության դաշտին, ըստ էության ընդդիմության մեջ չկա նոր քաղաքական մշակույթ։ Կա միայն գաղափար` առաջ դեպի անցյալ։ Ունենք «առաջ դեպի անցյալ» գործիչների երկու շերտ`Լևոն Տեր-Պետրոսյանը առաջարկում է վերադառնալ 1997 թվական։ Նրանից այն կողմ կա կարմիր ուժերի ճամբար, որոնք առաջարկում են վերադառնալ ավելի խորը անցյալ։
Նոր քաղակական ուժը պիտի տանի դեպի արաջ։ Աշխարհի փորձը ցույց է տալիս, որ այն պետք է առաջանա ընդդիմադիր դաշտում։ Ընդդիմադիր պայքարի մեջ պետք է ձևավորվեն նոր կառույցներ, որոնք հասարակությանը ապացուցեն իրենց կարողությունը:
-Ընտրություններին այլընտրանք չի՞ կարող լինել: Մեր նախորդ զրուցակիցը համարում է, որ ընտրությունները ժողովրդի կամարտահայտման միակ մեխանիզմն են:
-Համամիտ եմ։ Ընտրություններին այլընտրանք կարող են լինել միայն այլ ընտրություններ: Եվ դրա համար ես Սարդարապատի շարժման կողմից կազմակերպված քննակումներում առաջարկել եմ սահմանադրական ժողով գումարել։ Նման ծրագրի նպատակը ոչ թե այլընտրանք լինել ընտրություններինն է, այլ այլընտրանք լինել երկրում ձևավորված քաղաքական համակարգին։
Մենք խնդիր ունենք փոխելու մեր երկրի ամբողջ քաղաքական համակարգը, այսինքն՝ սահմանադրությունը։ Իսկ այն փոխելու համար պետք է նման լիազորություն ունեցող մարմին, որը կարող է ստեղծվել միայն իշխանությունը կրող սուբյեկտի կողմից։ Իսկ իշխանության կրողը Հայաստանում ժողովուրդն է։ Եթե քաղաքացիների մեծամասնությունը ընտրեն և լիազորեն իրենց ներկայացուցիչներին սահմանադրական ժողովում ներկայացնել իրենց շահերը, ապա այդ մարմինը լիազոր կլինի երկրում փոխել սահմանադրությունը։ Այսինքն` փոխել ամբողջ քաղաքական համակարգը`ընդունելով սահմանադրական մի նոր մոդել և առաջարկելով հասարակությանը հաստատել դա: Ըստ իս, սա անհրաժեշտ ճանապարհ է, ոչ թե այլընտրանք:
-Ի՞նչ կարիք կա նոր սահմանադրության, ո՞ր կետերի հետ ունեք անհամաձայնություն, որ ոչ թե վերականգնելու, այլ փոխելու խնդիր եք դնում:
-Մեր սահմանադրությունը չի երաշխավորում աշխատանքի իրավունքը, մեր պետությունը չունի քաղաքացու առջև նման պարտականություն: Քաղաքացու բարեկեցության աղբյուրը իր աշխատանքն է։ Չկա հասարակություն, որ ամբողջությամբ կազմված է ձեռներեցներից: Սա ֆունդամենտալ կետ է, որը պետք է ավելացվի, և որից կբխեն մյուս կետերը` սոցիալական պաշտպանվածության իրավունքը, բարեկեցիկ կյանքով ապրելու իրավունքը: Իսկ մեր սահմանադրության այս ամբողջ բաժնի փիլիսոփայությունը հետևյալն է` եղունգ ունես, գլուխդ քորի:
Եթե պետությունը չունի պարտականություն հասարակության առջև ժաղովուրդի բարեկեցությունը և զարգացումը ապոհովելու համար, ապա քաղաքական համակարգի գործունեությունը կորցնում է իր առարկան։ Մնում է միայն զբաղվել սեփականությունը կիսելու հարցերով։
-Այս ամբողջ քաղաքական պայքարը իմիտացիա՞ է:
-Ըստ իս`այո, որովհետև եթե կա անվստահություն ընտրական հանձնաժողովի նկատմամբ, ապա բոլոր ընդդիմադիր կուսակցությունները պետք է բարիկադներում կանգնած լինեն ու ասեն փոխեք ընտրական հանձնաժողովները։ Փոխարենը մենք տեսնում ենք, որ կուսակցությունները ուզում են մեծամասնականից անցնել ամբողջությամբ համամասնական ընտրությունների: եթե կամք կա օրինական իշխանություն ձևավորելու, ապա այսօր պետք է առանցքային հարց լինի ընտրական հանձնաժողովների ձևավորման հարցը։ Այսինքն` տեսնում ենք, որ չկա այսօր իրական քաղաքական պայքար արդար ընտրություններ անցկացնելու և օրինական իշխանություն ձևավորելու համար:
Սիրանույշ Պապյան
«Լրագիր» 27-1-2012.
Friday, January 27, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment