Friday, January 27, 2012

Ռոբերտ Քոչարյանը դեռ առիթ կունենա...

Tert.am. 26-1-2012- ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը մեր խնդրանքով անդրադարձել է կայքերից մեկի այսօրվա այն հրապարակմանը, թե օրերս Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է ՌԴ դեսպանատան ներկայացուցիչների հետ։ «Ռոբերտ Քոչարյանը օրերս չի հանդիպել Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան ներկայացուցիչների հետ, նման որևէ հանդիպում չի եղել»,- Tert.am-ի հետ զրույցում հայտարարեց Սողոմոնյանը։ Ըստ տեղեկատվության՝ հանդիպման ժամանակ Քոչարյանը տեղեկացրել է, թե ինքն առաջիկա շաբաթներին հանդես կգա հրապարակային ելույթով ու կներկայացնի իր նախընտրելի ուժը, քաղաքական ծրագրերն ու առաջիկա ընտրությունների վերաբերյալ իր մոտեցումները: Մեր այն հարցին, թե առաջիկա ընտրությունների և ներկա քաղաքական զարգացումների վերաբերյալ ինչպիսի մոտեցում կամ գնահատական ունի Ռոբերտ Քոչարյանը, երկրորդ նախագահի մամուլի խոսնակը պատասխանեց. «Դեռ իր հետ այդ հարցը չենք քննարկել, բայց կարծում եմ, որ եթե երկրորդ նախագահը մոտեցում ունենա, անպայման կհրապարակի»: Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման կապակցությամբ երկրորդ նախագահի գնահատականի վերաբերյալ մեր հարցին ի պատասխան Ռոբերտ Քոչարյանի մամուլի խոսնակը նշեց. «Ռոբերտ Քոչարյանը դեռ առիթ կունենա իր հրապարակային ելույթներում, հարցազրույցներից մեկում այդ հարցի մասին խոսելու, այդ թեման արծարծելու»: «Արդյո՞ք դա նշանակում է, որ Ռոբերտ Քոչարյանը պատրաստվում է առաջիկայում հրապարակային ելույթ ունենալ» մեր մյուս հարցին Սողոմոնյանը պատասխանեց. «Տեղեկություն չունեմ, իսկ եթե չունեմ, կարող եմ ասել, որ նման բան չի նախատեսվում»:

No comments: