Monday, January 23, 2012

Ֆրանսիայի Սենատում մեկնարկել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի քննարկումը

Tert.am. 23-1-2012- Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատում` Սենատում, մեկնարկել է ցեղասպանությունների ժխտումը քրեականացնելու մասին օրինագծի քննարկումը (օրինագիծը վերաբերում է Ֆրանսիայի կողմից ճանաչված ցեղասպանությունների ժխտման քրեականացմանը։ Ֆրանսիան Հայոց ցեղասպանությունից բացի ճանաչել է նաև հրեաների ցեղասպանությունը՝ Հոլոքոստը, որի ժխտումն արդեն իսկ քրեականացված Ֆրանսիայում): Օրինագիծը դեկտեմբերի 22–ին արժանացավ Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի՝ Ազգային ժողովի հավանությանը։ Իսկ դեկտեմբերի 18–ին ներկայացվեց Սենատի իրավական հարցերով հանձնաժողովի քննարկմանը։ Հանձնաժողովը, սակայն, 23 կողմ, 9 դեմ ձայների հարաբերակցությամբ մերժեց այն՝ պատճառաբանելով, թե այն հակասահմնադրական է(հիմնական պատճառաբանությունն այն էր, թե ցեղասպանության հարցը պատմական հարց է և դրա քննարկումն Ազգային ժողովում, կամ Սենատում «ճիշտ չէ»)։ Հանձնաժողովականների մերժումը, սակայն, չարգելափակեց օրինագծի հետագա քննարկումն ու քվեարկությունը Սենատի լիագումար նիստում: Այդ իսկ պատճառով ֆրանսիացի սենատորներն այսօր նախ քվեարկության կդնեն հանձնաժողովի վերոնշյալ մերժումը, դրան անհամաձայնություն հայտնելուց հետո միայն կանցնեն օրինագծի քվեարկությանը։ Նոր օրինագծի համաձայն՝ Ֆրանսիայում Հայոց ցեղասպանությունը ժխտողներին մինչև 1 տարվա ազատազրկում է սպառնում և 45.000 եվրո տուգանք։

No comments: