Tuesday, January 10, 2012

Նոր զարգացումներ Դինքի սպանության գործով դատավարության ընթացքում

News.am. 10-1-2012- Ստամբուլի հայկական «Ակոս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով հերթական դատավարության ժամանակ Դինքի ընտանիքի փաստաբան Ֆեթհիյե Չեթինը հայտնել է, թե Դինքի սպանության պահին շրջակայքում դեռեւս անհայտ 5 հոգի կապի մեջ են եղել մարդասպանների հետ։ Թուրքական Zaman-ի փոխանցմամբ՝ Ստամբուլի ծանր հանցագործությունների գործերով 13-րդ դատարանում Դինքի սպանության գործով հերթական դատավարության սկզբում խոսքով հանդես է եկել Դինքի ընտանիքի փաստաբան Ֆեթհիյե Չեթինը՝ նշելով, որ իրենք ուսումնասիրել են Թուրքիայի հեռահաղորդակցության վարչության կողմից սպանության օրը դեպքի վայրում իրականացրած հեռախոսազանգերի ձայնագրությունները։ Ֆեթհիյե Չեթինը նշել է, թե ուսումնասիրել են այդ օրը սպանության օրը իրականացրած 6 հազար 235 հեռախոսային զանգ եւ 9 հազար 300 հեռախոսահամար, որոնց մեջ 5 անձ կամ հեռախոսահամար եղել են դեպքի վայրում եւ ուղիղ կապի մեջ են եղել Դինքի սպանությունն իրականացնողների հետ։ Նա շեշտել է, որ միեւնույն ժամանակ 14 հոգի էլ չլինելով դեպքի վայրում՝ կրկին հեռախոսային կապի մեջ են եղել մեղադրյալների հետ։ Նշենք, որ երկար ժամանակ Թուրքիայի հեռահաղորդակցության վարչությունը հրաժարվում էր դատարանին տրամադրել Դինքի սպանության պահին շրջակայքում տեղի ունեցած հեռախոսային ձայնագրությունների ցուցակը։

No comments: