Tuesday, January 10, 2012

Հասարակությունը պետք է հասկանա, որ կարող է պետական կառավարումը վերցնել իր ձեռքը. «Սարդարապատ» շարժում

«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբը շարունակում է ճանապարհներ փնտրել Հայաստանում առկա ճգնաժամային վիճակից դուրս գալու համար և առաջարկում է իր տարբերակը`ձևավորել այլընտրանքային նոր իշխանության մարմին, որը կլինի լեգիտիմ և մեր երկրում և մեր երկրից դուրս: Շարժման կողմից այսօր հրավիրված «Հայաստանում ավտորիտար իշխանության ապամոնտաժման ճանապարհային քարտեզ» թեմայով կլոր սեղանին քաղաքագետ Անդրեաս Ղուկասյանը կարևորեց նման կառույցի ստեղծումը: Նա համոզված է, որ առաջիկա ԱԺ ընտրությունները չեն կարող որևէ փոփոխություն բերել մեր երկրում, քանի որ ըստ նրա` այդ ընտրությունները վերածվել են երեք կուսակցությունների պայքարի: «Դրանք մեր երեք նախագահների կողմից ստեղծված կուսակցություններ են և բոլոր քաղաքական քննարկումները կատարվում են այս անձերի շուրջ: Մինչդեռ, ըստ էության, հենց այս քաղաքական կադրային կոռուպցիոն ռեսուրսներն են, որոնք մեր երկիրը հասցրեցին այս վիճակի` կորցնելով նաև հասարակության վստահությունը»,- ասաց Անդրեաս Ղուկասյան: Քաղաքագետը հսատկեցնելով շարժման կողմից առաջ քաշած լուծումը` առաջարկեց դրան հասնելու ճանապարհները, այն է`ստեղծել սահմանադրական ժողով և նոր տեսակի կուսակցություններ: «Բոլոր այս ինստիտուտները կստեղծվեն միմիայն քաղաքացիական հասարակության կողմից: Հասարակությունը պետք է հասկանա, որ ինքը կարող է պետական կառավարումը վերցնել իր ձեռքը»,- ասաց նա և ավելացրեց, որ ժողովուրդը ստեղծում է մարմին ու տալիս նրան լիազորություններ իրեն պաշտպանելու համար:

No comments: