Thursday, January 26, 2012

Մոսկվան կմխիթարի՞ Անկարային

«Լրագիր» 25-1-2012- Հունվարի 25-ին Մոսկվայում կհանդիպեն Թուրքիայի եւ Ռուսաստանի արտգործնախարարները, որոնք համատեղ ծրագրերը կքննարկեն, ինչպես նաեւ կստորագրեն համատեղ ներդրումային բանկ ստեղծելու մասին համաձայնագիրը: Մոսկվան առաջին մայրաքաղաքն է, որ Ֆրանսիայի Սենատում “հայկական” օրինագծի ընդունումից հետո այցելում է Թուրքիայի արտգործնախարարը: Դավութoղլուի մոսկովյան այցն, իհարկե, չնախատեսված չէ, բայց խորհրդանշական է, որ Ֆրանսիայի որոշումից հետո Դավութօղլուն առաջինը հենց Մոսկվա է այցելում: Բանն այն է, որ Մոսկվան ներկայումս դարձել է թերեւս միակը, ով Թուրքիայի համար հուսալի դաշնակից է հանդիսանում տարածաշրջանային եւ եվրոպական հավակնությունների հարցում: Մոսկվան է, որ վերջին շրջանում հետեւողականորեն փորձում է մերձենալ Թուրքիայի հետ: Անշուշտ, դրա համար կան սեփական պատճառներ, սեփական շահեր, բայց օրինակ Հայաստանի համար դա չէ խնդիրը: Հայաստանի համար խնդիրն այն է, որ ռուս-թուրքական մերձեցումը չի կարող տեղի չունենալ Հայաստանի հաշվին: Ռուսաստանի հետ մերձեցման թուրքական շարժառիթներից մեկն էլ հենց հայկական գործոնի դեմ հզոր արգելակներ ձեւավորելն է, ինչը, բնականաբար, ավելի լավ չես անի, քան Մոսկվայի միջոցով՝ նկատի ունենալով Մոսկվայի ազդեցությունը Երեւանի վրա: Հարավային Կովկասի մյուս ակտիվ խաղացողները՝ Միացյալ Նահանգները, Ֆրանսիայն եւ Եվրոպան, ոչ թե զսպում, այլ օգտագործում են հայկական գործոնն ընդդեմ թուրքական հավակնությունների: Եվ եթե ռուս-թուրքական կարեւոր համաձայնություններ ձեռք են բերվում, դա նշանակում է, որ Ռուսաստանը համաձայնում է դառնալ հայկական գործոնի արգելակի դերը: Այդ համատեքստում էլ ուշագրավ է, թե ինչ ճակատագիր կունենա Սոչիի հայության կոչը ՌԴ իշխանությանը՝ Ֆրանսիայի օրինակով ընդունել հայերի ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք: Մոսկվան դեռեւս որեւէ մակարդակով չի արձագանքել այդ կոչին: Փոխարենն այնտեղ Ֆրանսիայի իրադարձությունից հետո առաջինն են ընդունում Դավութօղլուին, եւ անկասկած, կփորձեն առավելագույնս մխիթարել: ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: