Saturday, January 28, 2012

Ընդդիմությունը Ղարաբաղում

«Լրագիր» 27-1-2012- Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն ընդդիմություն կունենա, ի դեմս Շարժում 88 կուսակցության, որի նախագահ Էդուարդ Աղաբեկյանն է հայտարարել այդ մասին: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում արդեն տեւական ժամանակ է, որ ընդդիմություն չկա: Ղարաբաղն արդեն գրեթե օդանավակայան էլ ունի, իսկ ընդդիմություն՝ ոչ: Բայց, ահա կարծես թե այդ բացը լրացվում է, եւ Շարժում 88 կուսակցությունը կդառնա ընդդիմություն: «Ականջալուր լինելով հանրության բազում շերտերի բողոքներին, դժգոհություններին` որոշել ենք քաղաքականություն գալով փորձել համախմբել մեզ նման մտածողներին, թեկուզ եւ արտախորհրդարանական քաղաքական ուժի, բնական է, արդեն որպես ընդդիմության», ասել է Էդուարդ Աղաբեկյանն Ազատություն ռադիոկայանի Ստեփանակերտի թղթակցին: Քաղաքական ընդդիմությունը ձեւավորվում է ոչ թե հանրային, այլ թերեւս ներքին, այսինքն տվյալ ընդդիմության ներկայացուցիչների պահանջի հիման վրա: Մարդիկ, որոնք կազմում են ինչ որ քաղաքական միավորում, իրենց մտածողությամբ, համզմունքներով, պատկերացումներով եւ գաղափարներով տարբերվելով իշխող քաղաքական ուժից, հանդիսանում են քաղաքական ընդդիմություն: Իսկ թե հետո հասարակության որ մասը կգնա այդ ընդդիմության հետեւից, կախված է գործունեության որակից, համոզչությունից, վստահելիությունից: Ընդդիմության ձեւավորման բնական ճանապարհը դա է: Այլապես ստացվում է անբնական ընդդիմության տպավորություն, ինչը տվյալ դեպքում հազիվ թե նպաստի Ղարաբաղի հասարակական-քաղաքական եւ սոցիալ-տնտեսական առաջընթացին: Միգուցե Freedom House կազմակերպությունն իր հաջորդ տարվա զեկույցում Ղարաբաղը հռչակի մասամբ ազատ երկիր, այլ ոչ թե անազատ, ինչպես վերջին երկու տարիներին, հենց ընդդիմության բացակայության պատճառով: Բայց, չէ որ գլխավորն այն չէ, թե ինչ կգրի Freedom House-ը Ղարաբաղի մասին: Դա իհարկե կարեւոր է երկրի միջազգային վարկի տեսանկյունից, բայց գլխավորը ոչ թե միջազգային կազմակերպությունների աչքը, ականջը կամ բերանը փակելն է, այլ այն, թե ինչ է պետք, եւ այդ ինչն ինչպես է պետք սեփական զարգացման համար: Ղարաբաղին ընդդիմություն պետք չէ, որ միջազգային կառույցները լավ բաներ գրեն: Ղարաբաղին ընդդիմություն է պետք, որ իշխանության եւ ընդդիմության բնական մրցակցության շնորհիվ հասարակությունը շահի, հասարակության ստեղծագործական պոտենցիալի լիարժեք դրսեւորման միջավայր ձեւավորվի, ինչը կամրացնի պետությունը եւ կմեծացնի ներքին դիմադրունակությունը: Մյուս կողմից, երկար ժամանակ ընդդիմության բացակայությունն ու միասնականության վարչահրամայական կարգախոսի ներքո այլախոհության դատապարտումը, Ղարաբաղում գուցե ձեւավորել է մի միջավայր, երբ ընդդիմության բնական «ծագման» տարբերակը բացառվում է եւ նախ պետք է կոտրել հասարակության քարացածությունն ու վախը այլախոհության հանդեպ: Ընդ որում, այդ վախը թերեւս այն չէ, որ ինչ որ մեկը կգա ու կպատժի այլախոհության համար: Վախն ավելի շատ այն է, որ այլախոհությունը կարող է քանդել երկիրը, որ եթե բոլորը նույն բանը չմտածեն ու չասեն, դրանից կարող են օգտվել Ադրբեջանը կամ ինչ որ մութ ուժեր: Ղարաբաղում ընդդիմադիր քաղաքական հոսանքի ի հայտ գալը, թեկուզ «անբնական» ճանապարհով, գուցե օգնի հաղթահարել այդ արհեստական վախերն ու ստեղծել իսկապես բնական քաղաքական մրցակցության պայմաններ: Դրանից պետք չէ վախենալ, դա ոչ թե Ղարաբաղի թուլությունն է լինելու, այլ ուժը: Պարզապես անհրաժեշտ է, որ հստակ լինեն այդ մրցակցության խաղի կանոնները, եւ դրանք համապատասխանեն արդիական քաղաքական համակարգերի կանոններին: Եթե Ղարաբաղում ընդդիմության առաջացումը հանգեցնելու է համակարգային այդ վերափոխմանը, ապա այն իհարկե պետք է միարժեք ողջունել, իսկ եթե բանն ընդամենը աշխարհին ցուցափեղկային ընդդիմություն մատուցելն է, ապա այդ ընդդիմությունն ավելի շատ ոչ թե հասարակության շահերը սպասարկող քաղաքական միջավայրի ձեւավորմանն է ծառայելու՝ կամա, թե ակամա, այլ ծառայելու է ընդամենը Ղարաբաղում իշխող միջավայրը միջազգային տհաճ զեկույցների «ավելորդ աղմուկից» ազատելուն: Իսկ դա եւ Ղարաբաղի քաղաքացու շահը տարբեր բաներ են, որոնք պետք չէ նույնականացնել ընդդիմությամբ: Մյուս կողմից, ըստ երեւույթին Ղարաբաղում էլ հասկանում են, որ անիմաստ է արագորեն փոփոխվող աշխարհում հասարակություն եւ պետություն պահել հնացած ու քարացած կարգախոսներով կամ դավադրության տեսությամբ հյուսված, որովհետեւ դրանք վաղ թե ուշ ձանձրացնում են մարդկանց, եւ մարդիկ այդ կարգախոսներն ու տեսություններն են սկսում ընկալել որպես դավադրություն, հոգնելով, իսկ ժամանակի ընթացքում նաեւ սկսելով նյարդայնանալ դրանից: Այդժամ իսկապես առաջանում է հանրության մեջ կուտակվող այդ լիցքերից ժամանակին ազատվելու անհրաժեշտություն, քանի դեռ դրանք չեն դարձել անկառավարելի եւ խնդրահարույց: Եվ այդ իմաստով, միգուցե Ղարաբաղում թե իշխանական, թե քաղաքական դասի մակարդակով գիտակցում են ժամանակի մարտահրավերը, հասկանալով, որ անհրաժեշտ է հանրությանն աստիճանաբար տալ ոչ միայն օրվա հաց, այլ նաեւ ազատ շնչելու, մտածելու եւ արտահայտվելու իրական հնարավորություն, նյարդային լիցքեր չկուտակելու եւ Ղարաբաղի պետական ճակատագիրը ականի վրա չդնելու համար: ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: