Tert.am. 28-1-2012- Հայաստանում գործարարներն ավելի լավատես են, քան Ճապոնիայում, կամ, ասենք, Թուրքիայում: Այս մասին են վկայում «Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլ» միջազգային աուդիտորական կազմակերպության՝ 40 երկրների շրջանում անցկացված հարցումների արդյունքները (հարցումներն անցկացվել են 2011թ. վերջին՝ պարզելու 2012թ. սպասումները):
Լավատես երկրների ցանկն այս տարի Վրաստանն է գլխավորում՝ 78 տոկոս ցուցանիշով: Երկրորդ տեղում Պերուն է (ևս 78 տոկոս), երրորդում` Բրազիլիան (74 տոկոս):
Հայաստանն այս տարի ցանկում 7-րդն է՝ 52 տոկոս ցուցանիշով: Հայստանի հարևան երկրներից ցանկում ընդգրկված է նաև Թուրքիան, որը 19–րդ հորիզոնականն է զբաղեցնում. թուրք գործարարների ընդամենը 20 տոկոսն է լավատեսորեն տրամադված տնտեսության հանդեպ։
Իսկ ահա ամենահոռետես գործարարները Ճապոնիայում են ապրում («լավատեսության ցուցանիշը»՝ 71 տոկոս): Ճապոնիային նախորդում են Իսպանիան և Թաիլանդը` համապատասխանաբար – 62 և - 52 տոկոս ցուցանիշներով:
Ինչպես տեղեկանում ենք ամերիկյան Forbes.com կայքից, Հայաստանը նաև ներառված է այն 7 երկրների շարքում, որտեղ «տնտեսության հանդեպ լավատեսության» ցուցանիշն աճել է. մեր երկրում այդ ցուցանիշն աճել է 16 տոկոսով, Հունաստանում` 10 տոկոսով, Չինաստանում` 8 տոկոսով, Նոր Զելանդիայում՝ 4 տոկոսով, ԱՄՆ-ում 3 տոկոսով, Իռլանդիայում՝ 6 տոկոսով և Բրազիլիայում՝ 24 տոկոսով:
Զեկույցի համաձայն, ընդհանուր առմամբ, հոռետես գործարարների թիվը գերակշռում է լավատեսների թվին. ցանկում ներառված երկրների մեծ մասում լավատեսության ցուցանիշը 50 տոկոսից էլ ցածր է։
Կայքն ընդգծում է, որ տնտեսության հանդեպ «լավատեսության մակարդակի» անկում է նկատվել ողջ Եվրոպայի տարածքում (Եվրամիության երկրներում տնտեսության հանդեպ լավատեսության ցուցանիշը 20 տոկոսով նվազել է՝ 2011թ. 49 տոկոսի փոխարեն 2012թ. 29 տոկոս է կազմում։ Բացառություն է կազմում միայն Իռլանդիան, որտեղ «տնտեսության հանդեպ լավատեսության» ցուցանիշը 6 տոկոսով աճել է)։
«BRIC–ի երկրներում (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան և Չինաստան) և Հյուսիսային Ամերիկայի երկրներում տնտեսության հանդեպ լավատեսության մակարդակը, նախորդ եռամսյակի համեմատությամբ, զգալիորեն բարելավվել է. BRIC–ի երկրներում այդ ցուցանիշը 25-ից բարձրացել է 34 տոկոսի, իսկ Հյուսիսային Ամերիկայի երկրներում՝ 3–ից 6 տոկոսի»,–տեղեկանում ենք կազմակերպության պաշտոնական կայքից։
Sunday, January 29, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment