Thursday, February 16, 2012

Հայերը հիասթափված են, վրացիները ցնծում են. «Նեզավիսիմայա գազետա»-ն անդրադարձել է 2013թ. ԱՄՆ-ի բյուջեի նախագծին

Tert.am. 16-2-2012- Վաշինգտոնը հրապարակեց հետխորհրդային տարածաշրջանի երկրների համար 2013թ. նախատեսվող օգնության չափի վերաբերյալ տվյալները: Սեփական խնդիրների պատճառով ԱՄՆ-ի կողմից կենտրոնասիական և հարավկովկասյան երկրների սուբսիդավորումն անցած տարիների համեմատությամբ, ընդհանուր առմամբ, կրճատվել է: Կրճատումը, սակայն, գրեթե չի անդրադարձել ռազմական ոլորտում հատկացվող օգնության ծավալներին. Վաշինգտոնն ընդամենը փորձել է հավասարեցնել երկու տարածաշրջանների երկրների թվային ցուցանիշները,- «Հայերը հիասթափված են Վաշինգտոնից» (ռուսական «Նեզավիսիմայա գազետա» պարբերականում) վերտառությամբ հոդվածում գրում է Յուրի Ռոկսը և հավելում,-Բացառություն է արվել միայն Վրաստանի համար. նա 14,4 մլն դոլար ռազմական օգնություն կստանա, ինչն ավելին է, քան մյուս երկրների համար նախատեսված օգնության չափը միասին վերցված»:
Հոդվածագիրն ընդգծում է, որ Թբիլիսին, իր նկատմամբ արված բացառության համար, պարզապես ցնծում է: «Վրաստանի իշխանությունների համար նման բացառությունն արտաքին քաղաքականության հավատարմության ապացույց է և այն մասին է վկայում, որ ռազմական քարոզարշավներում Վաշինգտոնին հնարավորության սահմաններում մատուցված դաշնակցային ծառայություններն աննկատ չեն մնում»,-գրում է Ռոկսը և հավելում, որ Թբիլիսիի ցնծությունն էլ ավելի մեծացրեց Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայի` Հայաստանի հեռուստաալիքներից մեկով արած այն հայտարարությունը, թե ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցելու հարցը «լուծված է»:
«ԱՄՆ-ից 1,5 մլն դոլար ռազմական օգնություն ստանալու մասին տեղեկությունը լավ ընդունվեց նաև Տաշքենդում….: Ամերիկյան գանձարանից նույնչափ օգնություն, EurasiaNet հրատարակության տվյալներով, կստանան նաև Ղրղըզստանը և Տաջիկստանը, մի քիչ ավելի շատ` 1,8 մլն դոլար, Ղազախստանը և 685 000 դոլար Թուրքմենստանը»,- ասված է հոդվածում:
Ռոկսն այնուհետ գրում է, որ ԱՄՆ-ը, հաշվի առնելով հարավկովկասյան տարածաշրջանում առկա պայթյունավտանգ իրադրությունը, ինչպես նաև ցույց տալու համար, որ Վաշինգտոնը չեզոք դիրքորոշում ունի ղարաբաղյան հարցում, որոշել է այս տարի հավասարեցնել Հայաստանին և Ադրբեջանին հատկացվող ռազմական օգնության չափը (2,7 մլն դոլար առաջարկելով):

«Ադրբեջանի համար, որի բյուջեն մոտենում է 2 մլրդ դոլարի նշագծին, Վաշինգտոնի օգնությունը կարելի է խորհրդանշական համարել, ինչը, սակայն, չես ասի Հայաստանի մասին: Չնայած, որ հայկական կողմը, շնորհակալություն հայտնելով, նշեց, որ ռազմական կառույցների վիճակը երբեք ամերիկյան ֆինանսական օգնության տրամադրման հանգամանքով պայմանավորված չի եղել, որոշակի հիասթափությունն ակնհայտ է: Առավել ևս որ Վաշինգտոնը, կրճատելով հետխորհրդային երկրներին հատկացվող օգնության չափը, հիշեց նաև Հայաստանի տարածաշրջանային մեկ այլ «ընկերոջ»` Թուրքիայի մասին` Միջազգային ռազմական կրթության և ուսուցման ծրագրի շրջանակում նրան 3,6 մլն դոլար առաջարկելով»,-ասված է հոդվածում:
Հոդվածագիրը նշում է, թե Թուրքիայի համար ԱՄՆ-ի կողմից հատկացված գումարն «այդքան էլ էական չէ», և այդ ժեստը, հավանաբար, պետք է դիտարկել որպես ԱՄՆ-ի կողմից Անկարային ուղղված կոչ մոռանալու երկկողմ հարաբերությունների մեջ փոխադարձ դժգոհություն և հակասությունների տարրեր մտցրած մի շարք գործոնների մասին:
Ռոկսն այնուհետ ընդգծում է, որ հայկական կողմի հիասթափությունը հատկապես «դրսևորվեց» Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի տարածած հայտարարություններում: ««Հայ դատի» վաշինգտոնյան գրասենյակի ղեկավար Արամ Համբարյանը մամուլի ասուլիսի ժամանակ ցավով նշել էր, որ Օբաման չի շտապում կատարել նախընտրական քարոզարշավի ժամանակ ԱՄՆ-ի հայ համայնքին տված խոստումները. բացի այն, որ նա «մոռացել է» ցեղասպանության հարցի մասին, նա նաև կրճատում է ֆինանսական օգնության չափը,-գրում է հոդվածագիրը և մեջբերում Արամ Համբարյանի խոսքերը. «Մենք արդեն առանց զարմանքի հերթական անգամ փաստում ենք, որ Օբաման ևս մեկ անգամ փորձում է կրճատել Հայաստանի տնտեսական օգնության չափը` չնայած Թուրքիայի և Ադրբեջանի շրջափակումից բխող կործանիչ հետևանքներին և Աֆղանաստանում, Իրաքում, Կոսվոյում ամերիկյան առաքելություններին Հայաստանի աջակցությանը»:

No comments: