Tuesday, February 14, 2012

Տարածաշրջանային խնդիրներում Իրանի և Հայաստանի շահերը համընկնում են. դիվանագիտական հարաբերությունների 20-ամյա պատմությունը

Panorama.am. 13-2-2012- Այս օրերին Իրանում նշում են իսլամական հեղափոխության 33-րդ տարեդարձը: Իսլամական հեղափոխության սկիզբնավորվեց 1978թ. հունվարի 8-ին ուսանողների անցկացրած բազմահազարանոց բողոքի ցույցը: Նույն թվականի ողջ ընթացքում Իրանի Իսլամական Հանրապետության հիմնադիր Էմամ Խոմեյնիի առաջնորդությամբ հասարակության տարբեր շերտերի կողմից անցկացրած բողոքի ցույցերն ավարտվեցին 1979թ. փետրվարի 11-ին` երկրում ազդարարելով շահական ռեժիմի տապալումն ու իսլամական համակարգի հաստատումը: Իսլամական հեղափոխությունից հետո զգալի փոփոխության ենթարկվեց Իրանի արտաքին քաղաքականության ռազմավարությունը: Ընդունված նոր սահմանադրության համաձայն` Իրանի հոգևոր առաջնորդի, ԶՈւ գերագույն հրամանատարի ուղղորդությամբ` արտաքին քաղաքականության ընդհանուր դրույթների իրագործումը վերապահվում է երկրի նախագահին և արտաքին գործերի նախարարությանը: Երկրի արտաքին քաղաքականության օրակարգում ընդգրկվեց «Ո՛չ Արևելք, ո՛չ Արևմուտք», գերտերությունների ներկայությունն Իրանում բացառելու, ինչպես նաև հարևանների հետ համերաշխ ապրելու և բարիդրացիական հարաբերությունների քաղաքականություն վարելու ուղենիշը: 1991թ. սեպտեմբերին, Խորհրդային Միության փլուզումից հետո, երբ հռչակվեց Հայաստանի Հանրապետության անկախությունը, Իրանն առաջին երկիրն էր, որ նույն թվականի դեկտեմբերի 26-ին պաշտոնապես ճանաչեց Հայաստանի անկախությունը: 1992թ. փետրվարի 9-ին Թեհրանում Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարներ Րաֆֆի Հովհաննիսյանն ու Ալի Աքբար Վելայաթին ստորագրում են դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին հռչակագիրը: 1992թ փետրվարի 28-ին առաջին պաշտոնական այցով Երևան է ժամանում ԻԻՀ արտգործնախարար Ալի Աքբար Վելայաթին: Այցի նպատակը միջազգային և տարածաշրջանային հարցերի շուրջ խորհրդակցություն անցկացնելն էր, որի ընթացքում իրանական կողմն իր պատրաստակամությունն է հայտնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ստանձնել իր միջնորդական առաքելությունը: 1992թ. մայիսի 6-ին ԻԻՀ նախագահ Հաշեմի Ռաֆսանջանիի հրավերով Թեհրան է ժամանում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած պատվիրակությունը: Կողմերը, ի թիվս այլ հարցերի, բանակցում են նաև Լեռնային Ղարաբաղի համակարտության շուրջ: ԻԻՀ ԱԳ նախարար Վելայաթիի` Երևան կատարած այցից որոշ ժամանակ անց փոխարտգործնախարար Մահմուդ Վայեզին ժամանեց Արբեջան և Հայաստան, որտեղ նա փորձում էր կողմերին համոզել զինադադար հաստատելու հարցում համաձայնության գալ: 1992թ.մայիսի 8-ին ՀՀ նախագահ Լ. Տեր-Պետրոսյանը, Ադրբեջանի նախագահի պաշտոնակատար Յաղուբ Մամեդովը, ինչպես նաև միջնորդ երկրի` Իրանի, նախագահ Հ. Ռաֆսանջանին ԼՂ հակամարտության կարգավորման մասին ստորագրում են համատեղ հայտարարություն, համաձայն որի` Մահմուդ Վայեզին պետք է կրկին ժամաներ տարածաշրջան` Բաքու, Երևան և Ստեփանակերտ, զինադարն իրականացնելու համապատասխան մեխանիզմներ մշակելու համար: Հարկ է նշել, որ սույն հայտարարության ստորագրման օրը հայկական զինուժի կողմից ազատագրվեց Շուշին, որից հետո ընդհատվեց Իրանի միջնորդական առաքելությունը: Երկու երկրների միջև տեղի ունեցած բարձր մակարդակի փոխայցելություններից հետո կողմերը որոշում են կայացնում դեսպանություններ բացել միմյանց երկրներում: 1992թ. ապրիլին Երևանում բացվում է ԻԻՀ դեսպանությունը, իսկ դեկտեմբերին` Թեհրանում ՀՀ դեսպանությունը: Թեհրանում ՀՀ գործերի հավատարմատար է նշանակվում Վահան Բայբուրդյանը, և փոխադարձաբար Երևանում ԻԻՀ գործերի հավատարմատար` Բահման Ղասեմին: 1994թ. հայ-իրանական փոխհարաբերությունները բարձրացվում են դեսպանի մակարդակի և Համիդ Ռեզա Նիքքար Էսֆահանին նշանակվում է դեսպան, ում հետագայում փոխարինում են Մոհամմադ Ֆարհադ Քոլեյնին և Ալիռեզա Հաղիղիանը: Ներկայում ՀՀ-ում ԻԻՀ դեսպանն Ալի Սաղայիանն է: Վահան Բայբուրդյանը, ով մինչ այդ ՀՀ հավատարմատարն էր, դառնում է Իրանում Հայաստանի երրորդ Հանրապետության առաջին դեսպանը: Հետագա տարիներին վերջինիս փոխարինում են Գեղամ Ղարիբջանյանն ու Կարեն Նազարյանը: Ներկայում Թեհրանում ՀՀ դեսպանը Գրիգոր Առաքելյանն է: Իրանի և Հայաստանի միջև առևտրատնտեսական հարաբերությունները զարգացնելու նպատակով Արաքս գետի վրա կառուցվում է կամուրջ, որի շահագործումից հետո Իրանը Հայաստանի համար դառնում է Պարսից ծոցի երկրների բեռնափոխադրումների տարանցիկ ճանապարհ: Բեռնափոխադրումներն ավելանում են 3-4 անգամ: Հայաստանում ակտիվորեն սկսեցին գործել հայ-իրանական 200-ից ավելի ձեռնարկություններ: Տնտեսական փոխգործակցության շնորհիվ շուտով Իրանը Հայաստանի արտաքին առևտրի մեջ գրավում է առաջին տեղը: Երևանում բացվում է իրանական «Մելլաթ» բանկի մասնաճյուղը: Երկու երկրների միջև օդային կապն իրականցնում էին իրանական «Արիա Թուր», «Քասփիան» և «Հայկական Ավիաուղիներ» ընկերությունները: 1995 թ-ին երկու երկրների կառավարությունների միջև Իրան-Հայաստան գազամուղի, բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի, Արաքս գետի վրա համատեղ հիդրոէլեկտրակայանի կառուցման վերաբերյալ կնքվում են համապատասխան համաձայնագրեր: 2001թ. դեկտեմբերի 25-27-ը եռօրյա այցով Իրան է այցելում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած պատվիրակությունը, ով հանդիպումներ է ունենում ԻԻՀ հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի, նախագահ սեյյեդ Մոհամմադ Խաթամիի, ԱԳ նախարար Քամալ Խարազիի և պաշտպանության նախարար Ալի Շամխանիի հետ: 2004թ. սեպտեմբերի 8-9-ը ԻԻՀ նախագահ սեյյեդ Մոհամմադ Խաթամին պատասխան պաշտոնական այցով ժամանում է Երևան: Հայաստան կատարած այցի շրջանակներում Մ. Խաթամին այցելում է նաև Հայոց ցեղասպանության հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելով ցեղասպանությանը զոհ գնացած անմեղ նահատակներին: Ընդհանրապես, նախագահների մակարդակով իրականացվող փոխայցելությունները վկայում էին երկկողմ հարաբերությունների դինամիկ զարգացման մասին: 2006 թ. հուլիսի 5-ին Ռ.Քոչարյանը աշխատանքային այցով մեկնում է Իրան, որտեղ հանդիպում է ԻԻՀ-ի նորընտիր նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հետ: 2007թ. մարտի 19-ին ՀՀ և ԻԻՀ նախագահների մասնակցությամբ տեղի է ունենում գազատարի բացման պաշտոնական արարողությունը, իսկ 2008թ. վերջին ավարտվում է Իրան-Հայաստան գազատարի երկրորդ հատվածի շինարարությունը: 2007 թ. հոկտեմբերին երկօրյա այցով Հայաստան է ժամանում ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեժադը: Երևանյան այցի ընթացքում Իրանի և Հայաստանի միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվում. կողմերը հանդես են գալիս համատեղ հայտարարությամբ: Իրանի նախագահին շնորհվում է Երևանի պետական համալսարանի պատվավոր դոկտորի կոչում: Հայ-իրանական հարաբերություններին նոր շունչ հաղորդեց 2009 թ-ի ապրիլի 13-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` Թեհրան կատարած պաշտոնական այցը, որի ընթացքում Հայաստանի նախագահը հանդիպումներ է ունենում ԻԻՀ հոգևոր առաջնորդ սեյյեդ Ալի Խամենեիի, նախագահ Մահմուդ Ահմադինեժադի,Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի և Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ս.Ջալիլիի հետ: ՀՀ Նախագահը հատուկ ընդգծել էր, որ Իրանը բազմիցս է ապացուցել, որ վստահելի ու առանցքային կարևորություն ունեցող բարեկամ է Հայաստանի համար, քանի որ Հայաստանը դժվարին պահերին միշտ զգացել է Իրանի աջակցությունը, իսկ շրջափակման տարիներին հենց Իրանի տարածքով են ներկրվել առաջին անհրաժեշտության ապրանքները: Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային հաջորդ այցն Իրան տեղի ունեցավ 2011թ. մարտի 27-ին: Հանդիպման ընթացքում երկու երկրների նախագահները կարևորեցին հատկապես էներգետիկայի, տրանսպորտի, մշակույթի և մի շարք այլ բնագավառներում հաջողությամբ զարգացող փոխգործակցությունը, անդրադարձան նաև Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման ծրագրին: Թեհրան կատարած աշխատանքային այցի շրջանակներում Սերժ Սարգսյանը մասնակցեց նաև Նովրուզի առթիվ կազմակերպված տոնակատարություններին: 2011թ. դեկտեմբերին պատասխան այցով Հայաստան ժամանեց ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեժադը: Այցի շրջանակներում ստորագրվեցին առևտրաշրջանառության ծավալների ավելացման, ենթակառուցվածքների զարգացման, տնտեսության, էներգետիկայի, տրանսպորտի, կապի, արդյունաբերության և ներդրումային ոլորտներին առնչվող համաձայնագրեր: Հայաստանի և Իրանի նախագահները հանդես գալով համատեղ հայտարարությամբ` գոհունակություն հայտնեցին Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև բարձր մակարդակի հարաբերությունների կապակցությամբ, որոնք հիմնված են Հայաստանի և Իրանի ժողովուրդների բազմադարյա բարեկամության վրա, վերահաստատեցին իրենց վճռականությունը առավել զարգացնելու երկկողմ բարեկամական և փոխշահավետ հարաբերությունները: 2012թ. փետրվարի 9-ին լրացավ Իրանի և Հայաստանի դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը: Երկու երկրների քաղաքական, տնտեսական և մշակութային հարաբերությունները տարեց տարի զարգանում են, իրենց մեջ ներառելով նորանոր ծրագրեր: Ներկայում երկու երկրների կառավարությունների աշխատանքային օրակարգում են Ասիական զարգացման բանկի տրամադրած վարկով կառուցվելիք Իրան-Հայաստան ճանապարհային միջանցքի, երկաթգծի, նավթամուղի, Արաքս գետի վրա էլեկտրակայաններիի կառուցման նախագծերը, որոնց իրագործման վերաբերյալ ստորագրվել են համապատասխան համաձայնագրեր և ներկայում ընթանում են վերոնշյալ նախագծերի իրականացման նախապատրաստական աշխատանքներ: Իրանն ու Հայաստանն ակտիվորեն համագործակցում են նաև միջազգային կազմակերպություններում, երկու երկրների տեսակետները՝ տարածաշրջանի խնդիրների հետ կապված, շատ մոտ են և նման: Երկկողմ հանդիպումների ժամանակ ընդգծվում է այն տեսակետը, որ բոլոր երկրները, այդ թվում Իրանը միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման իրավունք ունեն: Իրանը Հայաստանի, ԼՂՀ-ի և Ադրբեջանի միջև ստորագրված հրադադարից հետո ԼՂ հարցում վարել և վարում է հավասարակշռված քաղաքականություն, ինչն էլ նպաստում է տարածաշրջանում ուժերի հավասարակշռության պահպանմանը: Հարկ է նշել, որ Իրանի և Հայաստանի հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում չափազանց մեծ է նաև իրանահայ համայնքի դերը: Համաձայն երկրի սահմանադրության` իրանահայ համայնքն իր երկու պատգամավորներով ներկայացված է նաև ԻԻՀ Մեջլիսում: Իրանի կառավարության անմիջական հովանավորությամբ պահպանվում և վերանորոգվում են հայկական եկեղեցիները, պատմական հուշարձաններն ու կրթօջախները: Իրանում տեղի ունեցած իսլամական հեղափոխությունից հետո, թեև իրանահայ համայնքին տրվել են բացառիկ իրավունքներ և հնարավորություններ, սակայն դժբախտաբար վերջին տարիներին իրանահայերի թիվն օբյեկտիվ և սուբյեկտիվ պայմաններից ելնելով նվազում է: Ուսումնասիրելով Հայաստանի անմիջական հարևան Իրանի հետ քաղաքական հարաբերությունների անցյալն ու ներկան, մասնավորապես, վերլուծելով Իրանի և Հայաստանի դիվանագիտական հարաբերությունների 20-ամյա պատմությունը, կարող ենք փաստել, որ երկու երկրներն ունեն այն ներուժը, որպեսզի իրենց քաղաքական, տնտեսական և մշակութային հարաբերություններն էլ ավելի զարգացնեն առաջիկա տասնամյակների ընթացքում: Հեղինակ` Արմեն Իսրայելյան

No comments: