Wednesday, February 15, 2012

Հայաստանցիների 66 տոկոսը չի հավատում արդար ընտրությունների անցկացմանը

HayNews.am. 15-2-2012- Հասարակական-քաղաքական հետազոտությունների կենտրոնն այսօր հրապարակել է իր անցկացրած հերթական հարցումների արդյունքը, ըստ որի «Հավատու՞մ եք արդար ընտրություններին» հարցին, ըստ հարցվածների 34 տոկոսը պատասխանել է այո, 66-ը` ոչ: «Վերջիններս հիմնականում ընդդիմադիր հայացքներ ունեցող մարդիկ են եղել»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց կենտրոնի համակարգող Կարեն Վարդանյանը: Կենտրոնի տնօրեն Զորիկ Մարտիկյանը հայտարարեց, որ հետազոտությանը մասնակցել է 720 մարդ, որոնք ընտրվել են պատահականության սկզբունքով` նախապես ճշելով, որևէ կուսակցության անդա՞մ են, թե՞ ոչ: Կենտրոնի համակարգող Կարեն Վարդանյանը նշեց, որ հարցվածներից ոչ ոք չի ունեցել կուսակցական պատկանելություն. «Հարցվածների 21 տոկոսը հիմնական աշխատանք չունի, մասնավոր սեկտորի աշխատողները կազմում են 42 տոկոս, պետական աշխատողներն ու քաղծառայողները 20 տոկոս, իսկ ուսանողները 17 տոկոս: Հարցվածների 68 տոկոսը բարձրագույն կրթություն ունի կամ բուհերի բարձր կուրսերի ուսանողներ է, 19 տոկոսը միջնակարգ կրթություն ունի, 13 տոկոսը` տեխնիկական»: Ըստ Կարեն Վարդանյանի` հարցումները վերաբերել են այս տարի սպասվող խորհրդարանական ընտրություններին. ««Մասնակցելու՞ եք արդյոք ընտրություններին» հարցին 21 տոկոսը պատասխանել է` այո, 45 տոկոսը` ոչ, իսկ 34 տոկոսը դեռ չեն որոշել: Այն, որ 45 տոկոսը պատասխանել է «ոչ», կարող է ունենալ տարբեր պատճառներ, այդ թվում հիասթափությունն անցած ընտրություններից, սակայն այդ թիվը կարող փոփոխվել քարոզարշավի ժամանակ: Ծանոթանալով նախընտրական խոստումներին այս 45 տոկոսը կարող է մտնել երրորդ խումբ»:

No comments: