Wednesday, February 15, 2012

Թուրքերն այժմ փորձում են ճիշտն իմանալ. Ստամբուլում մեկնարկել է «Մշակութային բազմազանությունը Հին Դիարբեքիրում» ցուցահանդեսը

Tert.am. 15-2-2012- Թուրքիայի Ստամբուլ քաղաքում մեկնարկել է «Մշակութային բազմազանությունը Հին Դիարբեքիրում» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը: Ինչպես հաղորդում է անգլալեզու Hurriyetdailynews.com կայքը, ցուցահանդեսին ընդհանուր առմամբ 200 նկար է ներկայացված, որոնք առնչվում են Դիարբեքիրի մոռացված բնակիչների կյանքին և նրանց` նահանգի զարգացման գործում ունեցած ավանդին: «Դասագրքերը մեզ սովորեցնում են, որ բոլոր այս քաղաքներն ստեղծվել են թուրքերի կողմից, և որ անցյալի բոլոր արդար գործերը հենց նրանց կողմից են կատարվել: Իսկ բոլոր նրանք, ովքեր թուրք, կամ մուսուլման չեն, ներկայացվում են որպես անբայրացակամ դեմքեր,- հայտարարել է ցուցահանդեսի կազմակերպիչ «Բիրզամանլար» հրատարակչատան հիմնադիր, թուրք պատմաբան, հայագետ Օսման Քյոքերը: Ցուցահանդեսը, որ շարունակվելու է մինչև մարտի 10-ը, առնչվում և նվիրված է Դիարբեքիր նահանգի մոռացված բնակիչներին` հայերին, սիրիացիներին, հույներին, եզդիներին, և ոչ միայն: «Պաշտոնական պատմագրությամբ պարծենալու փոխարեն թուրք ժողովուրդն այժմ փորձում է ճշմարտությունն իմանալ: Մենք բոլորս հոգնել ենք այդ պարծենկոտությունից,- ասել է Քյոքերը և հավելել,-Շրջանի հին խանութպաններն ու արհեստավորները խոստովանել են, որ նրանք այդ «հմտությունները» հայերից և սիրիացիներից են սովորել: Քյոքերը նշել է նաև, որ ցուցահանդեսը շրջել է աշխարհի տարբեր երկրներում. «Սփյուռքի հայերը քիչ բան գիտեն այն ամենի մասին, ինչ տեսնում են ցուցահանդեսում….: Նրանց համար այդ ամենը լեգենդ է թվում»: Թուրք պատմաբանը կայքի թղթակցի հետ զրույցում ասել է նաև, որ ցուցահանդեսը պատրաստելիս իրենք տարբեր աղբյուրներ են օգտագործել` արխիվներ, հրատարակված ժողովածուներ և այլն, որոնք այն մասին են վկայում, որ Դիարբեքիրում հատկապես հայերի դերն է մեծ եղել առևտի ոլորտում: «....Դիարբեքիրում առևտրով զբաղվողներից շատերը հայեր են եղել, այդ թվում թանկարժեք իրերի վաճառքով զբաղվող բոլոր 12 ընկերությունների սեփականատերերը, մետաքսի արտադրությամբ զբաղվող 10 ընկերությունները հայերի են պատկանել, քաղաքի 11 որմնադիրներից 10-ը հայեր են եղել: Քաղաքի միակ հյուրանոցը ևս հայի է պատկանել»,-նշել է Քյոքերը:

No comments: