«Ազատ խոսք» համացանցային թերթի խմբագիր Երան Գույումճյանը Կիպրոսից հետևում է Մաշտոցի պուրակի պահպանման համար ձևավորված շարժմանը
-Տիկին Գույումճյան, Ֆեյսբուքում ակտիվորեն աջակցում եք կանաչ տարածքների պահպանման համար պայքարող քաղաքացիներին: Այս օրերին Հայաստանում տեղի ունեցող քաղաքացիական ակտիվությունը ինչպե՞ս եք գնահատում:
-Ես հեռվից հեռու հետևում եմ այս խնդրին և շատ բարձր եմ գնահատում քաղաքացիական գիտակցությունն ու աշխուժությունը, երկրին տեր կանգնելու վճռականությունը, որն այսօր ցուցաբերում են երիտասարդ և ոչ երիտասարդ ակտիվիստներն ու բնապահպանները:
Հնարավո՞ր է Հայաստանի փոփոխությունները հենց այս պայքարի շնորհիվ ազդարարվեն:
Ամեն ինչ հնարավոր է: Հիշում եմ, որ 1988-ի համազգային միասնության, հոգեկան վերելքի օրերը, բռունցքավորումը՝ իրենց մեկնակետը ունեցան բնապահպանական խնդիրների արծարծումը... Արցախ, Արցախ վանկարկումները ինչ-որ տեղ այսօր վերածվել է Երևան-Երևան կոչերի: Ես քաղաքացիական արթնացման նշաններ եմ տեսնում այս շարժման մեջ:
Այսինքն` այդ քաղաքացիական շարժումները հնարավոր է վերածվեն քաղաքակա՞ն շարժումների:
Հնարավոր է: Ի՞նչ է քաղաքականությունը լայն իմաստով`հավաքականության ներդաշնակ ու բարօրության կեցության ձեւերի փնտրտուք, իսկ նման կեցության համար կարևոր է, որ հանրության սեփականությունը հանդիսացող կանաչ տարածքներն ու պուրակները պահպանվեն:
-Ձեր խոսքերից կարելի՞ է ենթադրել, որ այս ամենը մի նոր հեղափոխության, նոր Հայաստանի սկիզբ են:
-Ամեն նմանատիպ շարժում, որտեղ ներգրավված են մեծ թվով քաղաքացիներ ի պաշտպանություն իրենց քաղաքի, իրենց իրավունքների նոր գիտակցություն ու նոր մթնոլորտ են ստեղծում հաստատապես, ինչպես նաև քաղաքացիական և, ինչու չէ, քաղաքական նոր արթնացում, որ կարող է դառնալ նոր սկիզբ:
-Ըստ Ձեզ, Հայաստանում իշխանությունները կարո՞ղ են ազդել քաղաքացիական հասարակության վրա, ճնշել նրան:
-Վստահաբար իշխանությունները կփորձեն ճնշել, բայց աշխարհի իրավիճակները փոխված են, ճնշումների ձևերը չեն կարող այնքան բիրտ լինել, ինչպես էին, օրինակ, Մարտի Մեկի բռնությունները մի քանի տարի առաջ, կարծում եմ իշխանությունները հետևաբար տարբեր միջոցներ են գործադրում, ազդելու համար հասարակության վրա:
-Ւ՞նչ միջոցներ կարող են այս անգամ կիրառել:
-Թերևս կարող են խոստումներ տալ կամ նույնիսկ երկխոսության կոչեր լինեն: Համենայնդեպս, ես հավատում եմ հայրենի այս երիտասարդությանը, որ Թեղուտի հանքավայրի շահագործման դեմ իրենց հետևողական պայքարով և այսօր էլ արդեն Երևանի Մաշտոցի պուրակի պաշտպանության իր քաջարի վճռականությամբ հույս են ներշնչում Հայաստանի վաղվա նկատմամբ:
-Հայաստանի ապագան այսօր արդեն երեւակվո՞ւմ է:
-Ես հավատում եմ, որ իրավատեր ու իրավապահանջ երիտասարդությունն ու հասարակությունը՝ հետևողական պայքարով անպայմանորեն կկարողանան բարեփոխել մեր երկրի կարգն ու սարքը և կերտել Հայաստանի նոր ապագան...
Wednesday, February 22, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment