Saturday, February 18, 2012

Ի՞նչ գործ ունի ադրբեջանցի սպան` Հյուսիսային Կիպրոսի տարածքում. Դեմոյանը ռազմական գաղտնիք բացահայտած Ռամիլ Սաֆարովի մասին

Panorama.am. 17-2-2012- «Հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի նկատմամբ կիրառված դատավճիռը` դատավճիռ էր ադրբեջանական քաղաքական իշխանությանն ու հակահայ քաղաքականությանը»,- ասուլիսում այս մասին ասաց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն, Բուդապեշտում դատավարության (2004-2006) Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Հայկ Դեմոյանը: Նրա կարծիքով, ադրբեջանական քաղաքական իշխանությունները չեն «մարսել» այդ դատավճիռը ու ամեն ջանք գործադրում են մարդասպանին ներկայացնել որպես զոհ ու տեղափոխել Ադրբեջան` դրանով ապացուցելով, որ իրենց համար չլուծված խնդիր չկա: Հիշեցնենք, որ 2004 թվականի փետրվարի 19-ին Բուդապեշտում ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը կացնահարեց Հայաստանի ԶՈՒ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ: Նա Հունգարիայի մայրաքաղաքում մասնակցում էր ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն Խաղաղության» ծրագրի շրջանակներում անգլերեն լեզվի դասընթացներին: Հունգարիայի դատարանը դատապարտեց Ռամիլ Սաֆարովին ցմահ բանտարկության` առանց ներման իրավունքի առաջին 30 տարիներին: Հայկ Դեմոյանը նախ մեջբերեց ադրբեջանական ռազմական երկու ուսումնարան ավարտած և թուրքական ռազմական ակադեմիայում կրթության ստացած Ռ. Սաֆարովի խոսքը` առաջին ցուցմունքի ժամանակ` «երբ լսեցի, որ Հունգարիա են ժամանելու հայ սպաներ, իմ ներաշխարհը խառնվեց, և ես որոշեցի նրանց սպանել»: Ադրբեջանցի սպան իր խոստովանության ժամանակ նաև ասել էր, որը ադրբեջանական բանակի ու քաղաքական ղեկավարության համար սարսափելի խոստովանություն էր, որ տարբեր գործիքներով մարդ սպանելու տեխնիկային սովորել է Թուրքիայի կողմից Հյուսիային Կիպրոսի ռազմակալած տարածքում տեղաբաշխված թուրքական հատուկ ստորաբաժանումների գաղտնի ռազմակայանում: «Սա կարևոր ուղերձ է, որ պետք է հնչեցվի ՄԱԿ-ում, Եվրոպայի խորհրդում. ի՞նչ գործ ունի ադրբեջանցի սպան Հյուսիսային Կիպրոսի տարածքում»: Հունգարիայում գործող ադրբեջանական ու թուրքական դեսպանատները ամեն ջանք գործադրում էին` նույնիսկ փողով, որպեզի ի նպաստ ադրբեջանցի սպայի դատավճիռ կայացվի: Նույնիսկ դատահոգաբանական փորձաքննության (պատրաստված գնված հոգեբանների կողմից) արդյունքները ցույց են տվել, որ սպան հոգեկան խանգարումներ ունի, ոչ հավասարակշռված անձ է, մինչդեռ այդ կերպ Ադրբեջանը հարվածի տակ դրեց հենց իր բանակի հեղինակությունը, որ այնտեղ ծառայում են հոգեկան խանգարումներ ունեցող սպաներ: Հ. Դեմոյանն ասաց, որ հունգարացի դատավորը մինչև վերջ հետամուտ եղավ, որ ճիշտ դատավճիռ կայացվի ու այդպես էլ եղավ: Բանախոսը նշեց, որ ադրբեջանական իրականության մեջ նման կերպարներ շատ կան, որոնց նույնիսկ ազգային հերոս են հռչակում: «Սրանք կերպարներ ենք, որոնք բնութագրում են մի պետության, որը կոչվում է Ադրբեջան: Պետության քաղաքական ղեկավարությունը հասարակությանը և հասարակական տրամադրությունները տանում են կատարյալ դեգրադացման, ինչը վկայում է արժեհամակարգի խաթարված լինելու և հիվանդ հասարակության մասին: Այն հասարակությունը, որը հերոս է համարում քնած մարդուն սպանած սպային, այդ հասարակությանը մենք կարող են հոգեկան լուրջ խնդիրներ ունեցող և մասսայական փսիխոզով տառապող հասարակություն անվանել, որի հետ գործ ունենալը շատ վտանգավոր է»,- ընդգծեց Հ.Դեմոյանը: Պատասխանելով այն հարցին, թե ի՞նչ եք կարծում` հայ սպայի սպանությունը ծրագրված է եղել հենց ադրբեջանական ղեկավարության կողմից, թե եղել է Ռ. Սաֆարովի անմիջական նախաձեռնությունը, նա նախ հիշեցրեց առաջին ցուցմունքի ժամանակ նրա արտահայտած միտքը (մեջբերված նյութի մեջ), ապա նկատեց. «Ենթադրում եմ, որ եթե սա ծրագիր էր, ապա կոչված էր սպանության մոդելով ահաբեկել ու կրկին խնդրի վրա ուշադրություն հրավիրել Եվրոպայում: Եթե այդպես է, ապա վատ մշակված, վատ իրագործված, վատ թեկնածույով ընտրված ծրագիր էր, ով հենց առաջին ցուցմունքի ժամանակ կարևոր ռազմական գաղտնիք էր բացահայտել»: Հ. Դեմոյանը նաև նշեց, որ այդ դեպքը չպետք է քնեցնել ու ճիշտ ժամանակին ճիշտ վայրում միշտ պետք է հիշեցնել. «Այդ միջադեպը իրավունք է վերապահում հայկական կողմին, որպեսզի այս իրադարձությունը դիտի որպես փոքրիկ մոդել ու ներկայացնի ղարաբաղյան հակամարտության համատեքստում. այդ հասարակության հետ համակեցությունը ուղղակի հիվանդ երևականության արդյունք կարող է լինել: Նախ հարկավոր է, որ Ադրբեջանը առողջացնի իր հասարակությունը, վերացնի հակահայկական քարոզչությունը` որպես պետական քարոզչության մաս»:

No comments: