«Լրագիր» 17-2-2012- ՀՀԿ պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանն այսօր սենսացիոն հայտարարություն է արել: Նա նշել է, որ անհանգստացած է «նախագահի այն թեկնածուներով, ովքեր չեն ծնվել եւ չեն մեծացել Հայաստանում, ովքեր կարող են առաջ տանել այլ պետությունների շահերը»: Պատգամավորը նշել է, որ ՀՀԿ-ն լուրջ միջոցառումներ է ձեռնարկում այնպիսի մարդկանց դեմ, ինչպիսիք են Վարդան Օսկանյանը եւ Րաֆֆի Հովհաննիսյանը, ովքեր կարող են մեր երկրում այլ պետությունների շահերն առաջ մղել: Այդ կապակցությամբ նա ավելացրել է, որ Հայաստանի նախագահը պետք է «իսկական հայ լինի, ում նախնիները ննջում են երկրի տարածքում»:
Հայաստանի նախկին ԱԳ նախարարներ Րաֆֆի Հովհաննիսյանը եւ Վարդան Օսկանյանը հայկական սփյուռքի ներկայացուցիչներ են: Նրանք երկուսն էլ, անկախ քաղաքական հայացքներից, Հայաստանի կայացման գործում ներդրում ունեն: Ընդ որում, ոչ միայն որպես ԱԳ նախարարներ, այլեւ արեւմտյան քաղաքական մշակույթի մարդիկ են, ովքեր փորձել եւ փորձում են այդ մշակույթը ներդնել հայկական իրականությունում:
Մեկի մոտ ավելի լավ է ստացվում, մյուս մոտ ավելի վատ, սակայն, ըստ ամենայնի, նրանք այդպես էլ օտար են մնացել կյանքի այս տոնում, որտեղ թամադայի դերում հանդես են գալիս ազգայնական-հանրապետական դարձած նախկին կոմունիստները:
Ռաֆիկ Պետրոսյանը մինչեւ վերջ անկեղծ է եւ արտահայտել է այն, ինչ Հայաստանում յուրաքանչյուր հանրապետականի հոգում է: Առաջին հերթին, նա հաստատել է, որ Հայաստանի համար սփյուռքը ազգային-պետական տարածության մի մասը չէ: Այդ մտածելակերպն առաջին անգամ հայտնվել է այն ժամանակ, երբ Սերժ Սարգսյանը փորձել է կարգավորել Թուրքիայի հետ հարաբերությունները, եւ սփյուռքը դեմ է հանդես եկել: Այդ ժամանակ ՀՀԿ ներկայացուցիչներն ուղղակի հայտարարել են, որ սփյուռքը չպետք է իր քիթը խոթի Հայաստանի գործերի մեջ:
Այն ժամանակ եւս մեկ հարց ի հայտ եկավ: Իսկ ի՞նչ է սփյուռքը: Օրինակ, Թուրքիայի հայերը խնդրել են իրենց սփյուռք չկոչել, քանի որ իրենք դարերով ապրում են իրենց նախնիների հողում եւ ոչ մի տեղ չեն «ցրվել»: Նույնն են հայտարարել նաեւ Ջավախքի եւ Ղարաբաղի հայերը, ովքեր նույնպես ապրում են իրենց նախնիների հողում, եւ նրանց մեղքը չէ, որ այժմ այն Հայաստան չի կոչվում:
Ռաֆիկ Պետրոսյանի տրամաբանությամբ, Սերժ Սարգսյանը եւ Լեւոն Տեր-Պետրոսյանը նույնպես չեն կարող նախագահի թեկնածու լինել, քանի որ Հայաստանում չեն ծնվել. մեկը Ղարաբաղում, մյուսը՝ Սիրիայում: Ի՞նչ նկատի ունի Ռաֆիկ Պետրոսյանը, ասելով, որ Օսկանյանը եւ Հովհաննիսյանը պաշտպանելու են իրենց երկրների շահերը: Արդյո՞ք Վարդան Օսկանյանը Հայաստանում Սիրիայի շահերն է պաշտպանելու, որտեղ ծնվել է: Թե՞ Րաֆֆի Հովհաննիսյանը մտադիր է Հայաստանում ԱՄՆ շահերը պաշտպանել: Ի դեպ, ի՞նչ շահեր ունի ԱՄՆ-ն Հայաստանում: Իսկ այն, որ Գագիկ Ծառուկյանը եւ Տիգրան Սարգսյանը ծնվել են Հայաստանում, սակայն պաշտպանում են Ռուսաստանի շահերը, դա կարելի՞ է:
Հանրապետական կուսակցության համար երեւի ժամանակն է արգելել սպառված խորհրդային մտածողությամբ իր անդամներին հրապարակային ելույթներ ունենալ: Ասենք, չի բացառվում, որ ՀՀԿ-ն այլեւս փաստարկներ չունի Օսկանյանի եւ Հովհաննիսյանի դեմ, բացի նրանից, որ նրանք Հայաստանում չեն ծնվել:
Նաիրա Հայրումյան
Saturday, February 18, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment