Saturday, February 18, 2012

Ինչո՞ւ է ԲՀԿ-ն ամաչում Քոչարյանից

«Լրագիր» 18-2-2012- Վարդան Օսկանյանի ԲՀԿ անդամ դառնալն ընդդիմությունը որակել է որպես փիառ քայլ՝ հայտարարելով, որ հասարակական վստահություն ստանալու համար Օսկանյանը, նաեւ ԲՀԿ-ն պետք է հրապարակային սահմանազատվեն Ռոբերտ Քոչարյանից: Քանի որ Քոչարյանի վստահության բացասական նիշը կարող է ազդել ԲՀԿ վարկանիշի վրա: Ըննդիմությունը դրանով փորձում է հասարակական կարծիքում աքսիոմատիկ թեզ մտցնել, որ Քոչարյանը վստահություն չի վայելում եւ չի ընդունվում հասարակության կողմից: Այդ թեզն աջակցվում է նաեւ Հանրապետական կուսակցության մի շարք գործիչների կողմից, ովքեր, իհարկե, բացահայտ չեն հայտարարում այդ մասին, սակայն թափանցիկ ակնարկում են: Սակայն ամենատարօրինակն այն է, որ «պասը» վերցնում է նաեւ ԲՀԿ-ն: Մասնավորապես, Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Խաչիկ Գալստյանն այս օրերի ընթացքում երիցս «ուրացավ» Ռոբերտ Քոչարյանին՝ հայտարարելով, որ ԲՀԿ-ն կապ չունի նրա հետ: Ինչու՞ է ԲՀԿ-ն «ուրանում» Քոչարյանին: Իրո՞ք կուսակցությունը կարծում է, որ Քոչարյանը բացասական վարկանիշ ունի եւ կարող է միայն խանգարել կուսակցությանը: Ինչու՞ է ԲՀԿ-ն ամաչում խոստովանել Քոչարյանի հետ կապերը: Թե՞ իրոք այդպիսի կապ չկա: Իսկ գուցե կուսակցությունը փորձում է «դոզավորված» բարձրացնե՞լ Քոչարյանի վարկանիշը՝ իր շարքերն ընդունելով նրա կողմնակիցներին, հետո հրավիրելով համագումարի՝ հրապարակել սոցհարցման արդյունքներ, որոնք ցույց են տալիս, որ Քոչարյանը վստահություն է վայելում: Հասկանալի է, որ Հայ ազգային կոնգրեսը շահագրգռված է, որ հասարակությունը բացասական հիշողություններ պահպանի Քոչարյանի մասին: Հարցը սակայն այն է, որ, գեներացնելով այդ հիշողությունները, Կոնգրեսն աննկատ բարձրացնում է Սերժ Սարգսյանի վարկանիշը: Ի վերջո, հասարակությունը հակված է համեմատել, եւ լսելով Կոնգրեսին, որը տանել չի կարողանում Քոչարյանին, սակայն կարող է հանդուրժել Սարգսյանին, մարդիկ սկսում են մտածել, որ Սարգսյանը Կոնգրեսի համար ավելի լավ է, քան Քոչարյանը: Ճիշտ է, չեն հասկանա, թե ինչով է լավը: Հասկանալի է նաեւ Քոչարյանի մասին բացասական ֆոն պահելու ՀՀԿ «սարգսյանական» մասի մտադրությունը: Ի վերջո, Սարգսյանի կառավարումը նույնպես համեմատվում է Քոչարյանի նախագահության ժամանակի հետ, եւ ինչ-որ մեկը կարող է հանկարծ հայտարարել, որ 5 տարի առաջ սոցիալական առումով կյանքն ավելի հեշտ էր: Սակայն անհասկանալի է, թե ինչու են ԲՀԿ-ն եւ նաեւ ՀՅԴ-ն ամաչում խոստովանել Քոչարյանի հետ իրենց կապերի մասին: Ավելին, եթե այդ կապերը կան, այդ կուսակցությունների նման դիրքորոշումն ավելի մեծ խոչընդոտ է դառնում Քոչարյանի ճանապարհին, քան ՀԱԿ եւ ՀՀԿ դիրքորոշումները: Թե՞ Քոչարյանի մեղքի բաժինն իրոք չափից դուրս մեծ է այդ կուսակցությունների համար: Նաիրա Հայրումյան

No comments: