Մերձավոր Արեւելքում ի հայտ է եկել սկզբունքորեն նոր իրավիճակ, ինչը չէր եղել տարածաշրջանից Բրիտանական կայսրության հեռանալուց հետո: Ամենայն հավանականությամբ, Իրաքում ԱՄՆ բանակի երկարաժամկետ մնալն ավելի շատ է թուլացրել նրա ուժերը, քան կարելի էր ենթադրել եւ գնահատել կողմնակի դիտորդների կողմից:
ԱՄՆ-ն «հանձնել է» Մերձավոր Արեւելքը, իր վրայից գցել տարածաշրջանի ճակատագրի համար պատասխանատվության մեծ մասը եւ փորձում է իրականացնել դա իր համար նվազագույն կորուստներով: Սակայն դա կարող է նշանակել միայն մեկ բան՝ Մերձավոր Արեւելքի «հանձնում» արաբական պետություններին, ինչը նշանակում է հնարավորության սահմաններում արաբականացնել տարածաշրջանը եւ առկա գործընթացները:
ԱՄՆ համար վատագույն տարբերակը կդառնար տարածաշրջանում դիրքերի զիջումն Իրանին կամ Թուրքիային, եւ այդ պատճառով էլ արաբական գործընկերները, ովքեր մեծ հույսերով են սպասում աշխարհում իրենց նոր դերին, ԱՄՆ կողմից անվտանգության իրական երաշխիքների պարագայում դարձել են ամերիկացիների առավել հուսալի եւ հավատարիմ գործընկերները եւ, հնարավոր է, ավելի հուսալի եւ անկեղծ, քան ԱՄՆ-ի ՆԱՏՕ-ի գործընկերները:
Սակայն ԱՄՆ եւ արաբական պետությունների այդ հարաբերությունները ենթադրում են ամենակարեւոր պայմաններից մեկը՝ Սիրիայում իշխանությունից ալավիական իշխող վարչակարգի հեռացումը եւ երկրի քաղաքական կառուցվածքի «սուննիականացումը»:
ԱՄՆ-ն, ինչպես նաեւ Ֆրանսիան, բավական դժվար իրավիճակում են հայտնվել, քանի որ հասկանում են, թե ինչ կկատարվի Արեւելյան Միջերկրականում՝ դեպի Ասիա Արեւմուտքի դարպասներում, եթե Սիրիայում տեղի ունենա այդ քաղաքական աղետը: ԱՄՆ-ն եւ եվրոպական պետությունները ստիպված են լինելու ավելի քան 4 մլն փախստական ընդունել Սիրիայից. դա երկրի էթնոկրոնական լիակատար զտում է, շիաների, քրիստոնյաների եւ այլ էթնիկ ու կրոնական խմբերի զանգվածային արտաքսում:
Սաուդյան Արաբիան եւ Թուրքիան փորձում են համոզել ԱՄՆ-ին, որ Սիրիայի իշխող վարչակարգի հեռացումը կհանգեցնի երկրի ժողովրդավարացման, ինչ-որ հիպոթետիկ, սակայն, ըստ էության, բարբարոսական պսեւդո-իսլամական վարչակարգի հաստատման, որը հովանավորվելու է Պարսից ծոցի հարուստ արաբական պետությունների կողմից: Ըստ էության, կարելի է նշել, որ համեմատաբար ժողովրդավարական եւ արեւմտականացված արաբական պետությունները՝ Ալժիրը, Թունիսը, Լիբանանը, Մարոկկոն, ամենայն հավանականությամբ, Եգիպտոսը, ամենեւին շահագրգռված չեն Սիրիայի հարցում տվյալ սցենարի իրականացմամբ:
Նախաձեռնողներն այն պետություններն են, որտեղ ամբողջատիրական վարչակարգեր են հաստատվել սալաֆիական գաղափարախոսության գերակշռությամբ, ովքեր եւ դարձել են ԱՄՆ առավել հուսալի գործընկերները (համենայնդեպս, ամերիկացիների պատկերացմամբ):
Եթե ԱՄՆ-ն Մերձավոր Արեւելքի հետ իր քաղաքականության որոշակի հեռանկարներ կապեր, այդքան անտարբեր չէր լինի Սիրիայի ներկայիս վարչակարգի ճակատագրի հանդեպ, որը ձեռնտու է նույնիսկ Իսրայելին: ԱՄՆ համար այժմ շատ կարեւոր է վերջին բռնի գործընթացի հետեւանքների պատասխանատվությունը իրենից հեռացնելը: Չնայած Սիրիայի վրա ճնշում գործադրելու համար արվող կանոնավոր հայտարարություններին, ամերիկացիները մշտապես մատնում են իրենց անվստահությունը եւ փորձում են սեփական անվստահությունը ներկայացնել որպես նրբանկատություն եւ չափավորություն:
Տպավորություն է ստեղծվում, որ ՄԱԿ Անվտանգության խորհրդում Ռուսաստանի եւ Չինաստանի կոշտ դիրքորոշումը որոշակի առումով ձեռնտու է ԱՄՆ-ին, քանի որ Սիրիայի նկատմամբ ուժային եւ այլ մեթոդներով ճնշում գործադրելու անհրաժեշտությունը հեռացնում է իրենից: Մի խոսքով, նույնիսկ եթե դա ընդամենը բնազդային ընդհանրացում եւ տպավորություն է, ապա կարելի է մեկ բանում վստահ լինել. ամերիկացիները բացականաչափ ցրված են շատ պատճառներով, նախեւառաջ այն պատճառներով, որ չեն կարող լիովին վստահել իրենց պսեւդոգործընկերներին՝ Թուրքիային եւ Սաուդյան Արաբիային:
Բացառված չէ, որ ԱՄՆ-ն Սիրիայում գործընթացներ ծավալելու նախագծի զանազան տարբերակներ է նախատեսում, այդ թվում, իշխող վարչակարգի պահպանում առանց Բաշար Ասադի, եւ երբ պարզ դառնա, որ դա անհնար է, կշարունակի Դամասկոսի հետ իր հարաբերությունները քիչ թե շատ նոր պայմաններով:
Ի՞նչ կարող է փոխվել Վաշինգտոնում իշխանափոխության արդյունքում: Արդյոք սկզբունքորեն կփոխվի ԱՄՆ քաղաքականությունը Մերձավոր Արեւելքում, Դեմոկրատական վարչակազմի ներկայում կամ ավելի ուշ հեռանալու արդյունքում: Արդյոք կշարունակվի «պատասխանատվության գցելու» քաղաքականությունը:
Ըստ ամենայնի, «պատասխանատվության գցում» հասկացությունն ավելի լուրջ իրողություն է, քան ենթադրվում է Արեւելքի եւ Արեւմուտքի քաղաքական հեղինակների կողմից: Տվյալ պայմաններում հարկ կլինի ավելի որոշակի պատկերացնել այն պայմանները, որոնցում Մերձավոր Արեւելքի եւ Սեւծովյան-Կովկասյան տարածաշրջանի պետությունները կհայտնվեն մոտակա տասնամյակում:
Այդ թեման, անկասկած, պետք է զարգացում ստանա լուրջ քաղաքական եւ փորձագիտական շրջանակներում: Ներկայում գերադասելի է ոչ այնքան «ամփոփիչ», որքան «սցենարային» մտածողությունը, եւ քաղաքական շրջանակները, անկախ մտավոր կարողություններից, պետք է պատկերացնեն եւ իրողությունը, եւ հեռանկարը:
Իգոր Մուրադյան
Sunday, February 12, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment