Tert.am. 11-2-2012- «Շատ փախստականներ և ապօրինի ներգաղթյալներ հայտարարել են, որ, չնայած Օտարերկրացիների կացության մասին նոր օրենքից բխող հետևանքներին, շարունակելու են ապրել Թուրքիայում»,-գրում է անգլալեզու Hurriyet Daily պարբերականը:
Փետրվարի 1-ին Թուրքիայում ուժի մեջ մտավ Օտարերկրացիների կացության մասին նոր օրենքը, որի համաձայն օտարերկրացիներն այսուհետ Թուրքիայում բնակվելու իրավունք կունենան 90 օր միայն. այդ ժամկետը լրանալուց հետո նրանք պետք է լքեն Թուրքիայի տարածքը, իսկ վերադառնալ կարող են 3 ամիս անց միայն։ Նախկինում, սակայն, օտարերկրացիները, Թուրքիայում երեք ամիս բնակվելուց հետո, կարող էին մեկ օրով լքել այդ երկրի սահմանը, ապա վերադառնալ՝ ևս 3 ամիս մնալու թույլտվությամբ և այդպես շարունակ։
Պարբերականն ընդգծում է, որ, ավանդույթի համաձայն, ամեն հինգշաբթի Ստամբուլ քաղաքում գտնվող Պոլսո Հայոց պատրիարքարանի մոտ են հավաքվում տարբեր ազգություն ունեցող ապօրինի ներգաղթյալներ ու փախստակներ` օգնություն ստանալու (հագուստ, սնունդ, որ նրանց տրամադրվում է Ստամբուլի հայ համայնքի և Թուրքիայի «Կարմիր մահիկ» կազմակերպության կողմից) նպատակով:
Օգնություն ստացողների թվում հայերից բացի կան վրացիներ, ադրբեջանցիներ, նիգերիացիներ, իրաքցիներ, աֆղաններ և սոմալիեցիներ:
Պարբերականի հետ զրույցում օգնություն ստացողներից մեկը` ազգությամբ հայ տիկին Աստղիկը, պատմել է, որ արդեն 7 տարի է, ինչ փախստականի կարգավիճակով Թուրքիայում է բնակվում: Տիկին Աստղիկը Թուրքիայում գոյատևում է ստացած օգնության և աղախնի աշխատանքի շնորհիվ:
Նա այժմ վախը սրտում է ապրում, քանի որ, նոր օրենքի համաձայն, իրեն կարող են արտաքսել երկրից, ինչը նրան կզրկի «մի կտոր հացից»:
«Ես ապրում եմ արտաքսվելու վախը սրտումս,-ասել է ազգությամբ վրացի Սեյրան և հավելել,- Ես Թուրքիան 10 տարի չեմ լքել: Իհարկե, ինձ կարող են խստորեն պատժել և երբեք թույլ չտալ, որպեսզի հետ վերադառնամ»:
Իսկ ահա ադրբեջանցի Ղանիմբալան պարբերականի հետ զրույցում ասել է, որ Պատրիարքարանի մոտ հավաքվածների մտահոգությունն այժմ մեկն է` չարտաքսվելը:
Sunday, February 12, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment