Monday, February 13, 2012

«Հայաստան. կանխենք տնտեսական աղետը»

«Լրագիր» 13-2-2012- Policy Forum Armenia (PFA)-ն հայտարարում է իր «Հայաստան. կանխենք տնտեսական աղետը» խորագրով հատուկ զեկույցի թողարկման մասին։ Զեկույցը հասանելի է հայերեն և անգլերեն (բնօրինակ) լեզուներով։ Զեկույցը մինչ օրս հնչեցված ամենասաստիկ զգուշացումն է Հայաստանի ժողովրդին, Սփյուռքին, ինչպես նաև միջազգային հանրությանը սպասվելիք տնտեսական աղետի վերաբերյալ։ Դրա նպատակն է գնահատականներ տալ այն տնտեսական քաղաքականությանը, որը երկրին հասցրեց այս հանգրվանին և մատնանշել դեռևս սպասվելիք ծանր սոցիալ-տնտեսական գործընթացները։ Զեկույցը զգուշացնում է, որ եթե տնտեսական քաղաքականության ուղղությամբ և քաղաքական-տնտեսական հարթությունում կտրուկ փոփոխություններ տեղի չունենան, ապա առաջիկա երեք տարիների ընթացքում Հայաստանը կկանգնի դրամի զգալի արժեզրկման և/կամ արտաքին պետական պարտքի վերաձևակերպման կամ դեֆոլտի առաջ։ Զեկույցում նշվում է, որ “երկրի քաղաքական ղեկավարությունը պետք է ամբողջապես ըմբռնի այս խնդիրները և հրատապ զբաղվի դրանց լուծմամբ։ Առայժմ թվում է, թե 2009-ի դասերը վատնվել են, և ոչ մի նշանակալի փոփոխություն չի իրականացվել քաղաքականության ոլորտում, ինչը կարող էր Հայաստանն ավելի պատրաստ դարձնել հավանական զարգացումներին։ Փոխարենը կլանային կապիտալիզմի բաղադրիչները՝ փոքր թվով անհատների անհամամասնորեն մեծ իշխանություն ունենալը և տնտեսական որոշումների կայացման վրա մեծ ազդեցությունը, առավել են ուժեղացվել, ինչն արվել է աճի, առողջության, կրթության և ազգային անվտանգության հաշվին։ Սա ոչ միայն անբարոյական է, այլև անօրինական և պետք է փոխվի։ Հայաստանի հնարավորությունների պատուհանը՝ կառուցելու մրցունակ տնտեսություն և դիմակայելու սուր սոցիալական և ժողովրդագրական խնդիրներին, արագորեն փակվում է”: Զեկույցը պարունակում է մանրամասն առաջարկություններ, որոնք կօգնեն խուսափել տնտեսության առաջ ծառացած թե' կարճաժամկետ և թե' միջնաժամկետ խնդիրներից։ Դրանցից ամենակարևորը երկրում լեգիտիմ իշխանության ձևավորումն է, որը կկարողանա Հայաստանի ժողովրդի անունից վերահսկել նոր սոցիալ-տնտեսական քաղաքականության կուրսը։ Զեկույցում նշվում է, որ ստեղծված իրավիճակը պահանջում է իսկական ազգային միասնության կառավարություն, որն ի հայտ կբերի իրագործելի օրակարգ և այն կյանքի կոչելու համար կներգրավի Հայաստանի և Սփյուռքի բոլոր կառուցողական ուժերին։ Այս ջանքերը կպահանջեն համապատասխան պրոֆեսիոնալ կարողություններ, բայց նաև իրապես ազգային և մաքուր քաղաքական ղեկավարության օժանդակությունը։ Policy Forum Armenia-ն անկախ շահույթ չհետապնդող միավորում է, որ նպատակ ունի ուժեղացնելու Հայաստանի տնտեսական զարգացման և ազգային անվտանգության շուրջ դիսկուրսը՝ այդպիսով նպաստելով Հայաստանում հանրային քաղաքականության կերտմանը։ PFA-ի այս և այլ զեկույցները, որոնք գնահատականներ են տալիս Հայաստանում և Սփյուռքում տեղի ունեցող առանցքային զարգացումներին, հասանելի են www.pf-armenia.org/reports հղմամբ, կամ այստեղ։

No comments: