Monday, February 13, 2012

Քահանա. «Վալենտինը ընդունված է, որովհետև գովազդվում է շոու բիզնեսի ներկայացուցիչների կողմից… փող են կորզում»

Panorama.am13-2-2012- «Ես հետևելով մեր եկեղեցական օրացույցին, ընդունում եմ միայն Հայ Առաքելական եկեղեցու կողմից հաստատված տոները, հետևաբար ես իմ սիրեցիալի հետ սիրահարների տոնը նշել եմ փետրվարի 4-ին` Երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգիս զորավարի հիշատակության օրը: Իսկ Սուրբ Վալենտին նշողներին կոչ կանեմ հրաժարվել այդ վատ սովորույթից ու հետևել մեր ավանդույթներին»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց 23-ամյա Աննան: «Վաղն ենք նշելու: Ընկերուհուս համերգ եմ հրավիրել: Սուրբ Սարգիսը, չէ, այդ օրը ոչ մի տեղ էլ չենք գնացել: Այդ օրը ինչ-որ աղի բլիթ են ուտում, ինչ, չգիտեմ կոնկրետ»,- ասաց 19-ամյա Խաչիկը: Փետրվարի 14-ին գրեթե ողջ աշխարհը տոնում է Սուրբ Վալենտինի` սիրահարների հովանավորի օրը: Հայ երիտասարդները, կարծես, շարունակում են ավելի ընդունել հենց Սուրբ Վալենտինը, կամ, ինչպես նշում են շատերը, «մենք ունենք երկու սիրո տոն»: Սուրբ Սարգիս, թե Սուրբ Վալենտին: Հիմնականում արևմտյան բարքերին հետևող հայ երիտասարդները, կարծես թե ցանկանալով ավելի «եվրոպացի» երևալ, հենց Սուրբ Վալենտինն են նշում: Բայց չէ որ մեր եկեղեցին ունի համարժեք տոն: Բայց ոչ, ինչպես ասաց 21-ամյա Աննան, «մենք այդ օրը ցանկանում էինք տեղ գնալ, մեզ ասացին հո գեղացի չեք, Վալենտինին կգնաք»: Կարող ենք ասել, որ, ի տարբերություն նախորդ տարիների, վերջին շրջանում, կարծես քայլ առ քայլ հայ երիտասարդների շրջանում ընդունվում է Սուրբ Սարգիսը: «Ես երբ որ մի քիչ փոքր էր, լսում էի, թե ինչպես իմ քույրն ու եղբայրն ասում էին` Վալենտինն է մոտենում, Սուրբ Սարգիս լսած էլ չկայի: Բայց հիմա արդեն իմ ընկեր-ընկերուհիների շրջանում սկսում է Սուրբ Սարգսի տոնն ընդունվել: Օրեցօր ավելացող աղանդներին դիմակայելու համար մենք պետք է մեր արմատներին հավատարիմ մնանք ու հետևենք մեր եկեղեցու կողմից ընդունված ու նշվող տոներին»,- ասաց Նունեն: «Մեր երիտասարդների շրջանում այնքան էլ շատ ընդունված չէ Սուրբ Վալենտինը: Շոու բիզնեսի ներկայացուցիչներն են, չգիտես ինչու, փետրվարի 14-ը հռչակել սիրահարների օր: Այսինքն` երիտասարդների շրջանում ընդունված է, որովհետև գովազդվում է: Այդ կերպ մեր շոու բիզնեսի ներկայացուցիչները փող են աշխատում. համերգ են կազմակերպում, ֆանոգրամայի տակ ներկայացնում նույն երգերը ու փողեր կորզում մարդկանց գրպաններից»,- Panorama.am –ի հետ զրույցում ասաց Տեր Շմավոնը: Նշենք, որ վաղը, կազմակերպվելու են տարբեր միջոցառումներ` նվիրված սիրահարների օրվան` Սուրբ Վալենտինին: Բացի այդ, զգալիորեն թանկացել է ծաղիկների գինը, տարբեր խանութներ ակցիաներ են կազմակերպում` նվիրված Սուրբ Վալենտինին, նաև խանութներում ավելացել են «Վալենտինկաների» թիվը:

No comments: