Wednesday, February 15, 2012

Վարդան Օսկանյանը թակում է ԲՀԿ-ի դուռը

Tert.am. 14-2-2012- Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն այսօր հայտարարությամբ է հանդես եկել, որտեղ հայտնել է «Բարգավաճ Հայաստանին» միանալու իր մտադրության մասին. «Երեկ ես դիմում եմ ներկայացրել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանն անդամակցելու համար։ Այդ որոշումը կայացրել եմ, քանի որ համոզված եմ, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, այլ քաղաքական ուժերի հետ միասին, կարող է քաղաքական մրցակցության շնորհիվ ապահովել ազատ և արդար ընտրություններ, հետևաբար նաև նոր խորհրդարան՝ քաղաքական ուժերի նոր դասավորությամբ։ Լինելով Սիվիլիթաս հիմնադրամի խորհրդի նախագահ՝ տարբեր առիթներով ես պարբերաբար արտահայտել եմ իմ տեսակետները Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների և զարգացումների վերաբերյալ։ Այսօր գտնում եմ, որ ժամանակն է, որ ավելի ակտիվ մասնակցություն ունենամ երկրի քաղաքական գործընթացներին։ Հաշվի առնելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանն իմ հնարավոր անդամակցության հանգամանքը՝ Սիվիլիթաս հիմնադրամի խորհուրդը առաջիկա օրերին որոշում կընդունի հիմնադրամում իմ հետագա կարգավիճակի վերաբերյալ», - ասել է Օսկանյանը իր հայտարարության մեջ։ Հիշեցնենք, որ այսօր Օսկանյանի՝ նման որոշման մասին գրել էր «Ժողովուրդ» օրաթերթը, որը, հղում անելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը մոտ կանգնած իր աղբյուրներին, գրել էր, որ Օսկանյանը ԲՀԿ ընտրացուցակում կլինի առաջին հնգյակում: Ըստ թերթի տեղեկությունների` Վարդան Օսկանյանը մտադիր է հանուն ԲՀԿ ընտրացուցակի իր իսկ ստեղծած «Սիվիլիթաս» հիմնադրամից հրաժարվել: «Թեև նշվում է, որ այդ հիմնադրամում լուրջ ֆինանսական խնդիրներ են ի հայտ եկել, այնուամենայնիվ դժվար թե այն փակվի: Պարզապես Օսկանյանը դե յուրե կլքի «Սիվիլիթաս»-ը»,– գրել էր թերթը՝ չբացառելով, որ Վ. Օսկանյանը հենց այսօր էլ հայտարարի իր այդ մտադրության մասին:

No comments: