Saturday, February 11, 2012

Իրանական կայք. Թեհրանում հավատարմագրված ադրբեջանցի դիվանագետը պետք է վտարվի երկրից

Panorama.am. 10-2-2012- Թեհրանում հավատարմագրված ադրբեջանցի դիվանագետը պետք է վտարվի երկրից և ներողություն խնդրի Իրանի ժողովրդից: Այդ մասին նշված է իրանական «արաննյուզ.իռ» կայքում թողարկված հոդվածում: Տեղեկատվության մեջ նշվում է, որ Իրանում Ադրբեջանի դեսպանության խորհրդական Էբրահիմ Ղաֆարովի` Բաքվում անցկացվելիք «գեյ-շքերթի» վերաբերյալ հայտնած տեսակետը բողոքի ալիք է առաջացրել իրանական լրատվամիջոցների շրջանում: Իրանական կայքի մեկնաբանը, դիմելով Իրանում Ադրբեջանի դեսպան Ջավանշիր Ախունդովին, նշում է. «Ադրբեջանի դեսպանն իր տեղակալի գործած սխալը փոխհատուցելու համար լավ կանի վտարի նրան դեսպանությունից և ներողություն խնդրի Իրանի ժողովրդից: Նկատենք, որ իրանական «ռաջանյուզ.քոմ» կայքի հաղորդմամբ` Թեհրանում Ադրբեջանի դեսպանության խորհրդական Էբրահիմ Ղաֆարովն Ադրբեջանին նվիրված կոնֆերանսներից մեկի ժամանակ, պատասխանելով ամռանը Բաքվում կազմակերպվելիք Եվրատեսիլ մրցույթի օրերին համասեռամոլների շքերթի անցկացման մասին հարցին, հպարտորեն ընդգծել էր, որ դա վկայում է, որ Ադրբեջանում խոսքի ազատություն գոյություն ունի: Հավելենք, որ իրանական «թաբնաք.իռ» կայքն էլ օրերս քննադատելով Ադրբեջանի դեսպանին, գրել էր. «Իրանցի բարձրաստիճան հոգևորականների հետ ունեցած հանդիպումից հետո Ադրբեջանի դեսպանը անամոթաբար ստում է, նշելով թե իբր իրենք (հոգևորականները) Ադրբեջանի վերաբերյալ սխալ պատկերացում ունեն, նշում է, թե Ադրբեջանում առկա է կրոնական ազատություն»:

No comments: