Wednesday, February 15, 2012

Իրանի ԱԳՆ դիվանագետի նախազգուշացումը Թեհրանում հավատարմագրված ադրբեջանցի դիվանագետներն

Panorama.am. 14-2-2012- «Ադրբեջանցի դիվանագետներն այնպես չանեն, որ բրիտանացիների օրն ընկնեն»: Այդ մասին իրանական «անսար-թաբրիզ.քոմ» կայքի հաղորդմամբ` հայտարարել է Իրանի ԱԳՆ հայտնի դիվանագետներից մեկը: Համաձայն տեղեկատվության` իրանցի դիվանագետը, քննադատության ենթարկելով Ադրբեջանի իշխանությունների վարած հակաիրանական քաղաքականությունը, մասնավորապես, նշել է. «Ադրբեջանի պաշտոնյաները պետք է հասկանան, որ նրանց կատարած հակաիրանական քայլերը մինչ այժմ հանդուրժվել է. Ճիշտ կլինի, որպեսզի ադրբեջանցի դիվանագետները գործեն դիվանագիտական նորմերի շրջանակներում, եթե ոչ` նրանց սպասվում է բրիտանացի դիվանագետների ճակատագիրը»: Հավելենք, որ իրանական «արաննյուզ.իռ» կայքի հաղորդմամբ` ԻԻՀ Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Հոսեյն Էբրահիմին, երեկ անդրադառնալով Թեհրանում հավատարմագրված ադրբեջանցի դիվանագետի` Բաքվում անցկացվելիք «գեյ-շքերթի» մասին հայտնած տեսակետին, նշել էր. «Մեջլիսը վերոնշյալ խնդրի հանդեպ անտարբեր չի մնալու, ես` որպես Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի անդամ, հետամուտ եմ լինելու, որպեսզի արտաքին գործերի նախարարությունը քննի այդ հարցը, և եթե պարզվեց, որ նա համասեռամոլ է, ապա առաջին իսկ առիթի դեպքում ադրբեջանցի դիվանագետը պետք է վտարվի երկրից»: Որպես հիշեցում, նշենք, որ 2011թ. նոյեմբերի 29-ին Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպանության առջև տեղի ունեցած բողոքի ցույցի ժամանակ, մի խումբ իրանցի ուսանողներ, ճեղքելով ոստիկանների դիմադրությունը, մտել էին դեսպանության տարածք, կոտրել շենքի ապակիները, իջեցրել այդ երկրի դրոշը, փոխարենը` ծածանել Իրանի Իսլամական Հանրապետության դրոշը, որից հետո բրիտանացի դիվանագետները լքեցին Իրանի տարածքը:

No comments: