Wednesday, February 15, 2012

Ամեն ինչ անելու ենք քրիստոնյաներին Թուրքիա վերադարձնելու համար. Բաղըշ

HayNews.am. 14-2-2012- Թուրքիայի ԵՄ անդամակցության հարցերով նախարար Էգեմեն Բաղըշը հայտարարել է, որ վարչապետ Թայիփ Էրդողանի «երեք երեխաների քաղաքականությունը» վերաբերում է ոչ միայն Թուրքիայի մուսուլման, այլ նաև ոչ մուսուլման բնակիչներին: Էրդողանը հաճախ է կոչ անում նորապսակ ընտանիքներին երեք երեխա ունենալ` Թուրքիայի ապագայի համար: Բաղըշը, ով վերջին շրջանում չի իջնում թերթերի առաջին էջերից` կապված Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարությունների հետ, այս անգամ նշել է, որ «զգային փոքրամասնությունները Թուրքիայի հարստությունն են, և Էրդողանի վերոհիշյալ խոսքերը տարածվում են նաև նրանց վրա»: «Այս պետությունն անցյալում ցավեր է տեսել: 1955 թվականի սեպտեմբերի 6-7-ի դեպքերը, Հրանտ Դինքի սպանությունը մեր բոլորի ընդհանուր ցավն են…»,-նշել է Բաղըշն ու շարունակել. «Այժմ ցանկանում ենք, որպեսզի Թուրքիայի ամբողջ հարստությունը (ազգային փոքրամասնությունները-խմբ.) մնա»: Բաղըշը նաև հավելել է, որ իրենք աշխատում են Թուրքիայից հեռացած քրիստոնյաներին հետ բերելու ուղղությամբ: «Այդ կապակցությամբ արդեն աշխատանքներ են տարվել. անցագրային համակարգը դյուրացվել է: Պետությունն ամեն ինչ անելու է երկրից հեռացած ոչ մուսուլմաններին հետ վերադարձնելու համար»,-նշել է թուրք նախարարը:

No comments: