Wednesday, February 22, 2012

Թուրքիայի Վերահսկիչ խորհուրդը Դինքի գործով նոր դատավարության կոչ է անում

Tert.am. 21-2-2012- Թուրքիայի Պետական Վերահսկիչ խորհուրդը (DDK) առաջարկել է, որպեսզի թուրքական ոստիկանության ու ժանդարմերիայի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ ներգրավվեն Հրանտ Դինքի գործով` 2007-ին նրա սպանությունից առաջ և հետո իրենց դրսևորած անփութության պատճառով: «Պետական մարմինը ոչ պարտադիր, բայց էական կոչ է անում պաշտոնյաներին` դատավարություն անցնել Հրանտ Դինքի սպանության գործով», - հայտնում է «Հյուրիեթը»` անդրադառնալով Դինքի գործի նոր զարգացումներին: Առաջարկը դինքի սպանության գործով դատավարության վերսկսման ոչ պարտադիր կոչի մի մասն է: Ըստ զեկույցի` կասկածվող պետական ծառայողները հավասարեցվում են Դինքին սպանած հրաձիգին: 650 էջանոց զեկույցում ասվում է, որ «Հրանտ Դինքի սպանությունը պետք է մի ամբողջություն դիտվի` սկսած նրանից, երբ Դինքը թիրախ դարձվեց ու նրան սկսեցին սպառնալ…»: Հրապարակած զեկույցում Խորհուրդը անդրադարձել է նաև գաղտնի ծառայությունների բարեփոխման անհրաժեշտությանը, որպեսզի հնարավոր լինի կանխել կարևոր գործիչների սպանությունները կամ սոցիալական անկարգությունները , ինչպիսին էր օրինակ Քահրամանմարաշում 1978-ի արյունալի միջադեպը: Դատարանի վճռի համաձայն` Դինքի սպանությունը կազմակերպված հանցագործություն չէր եղել` չնայած այն լուրջ պնդումներին, թե գործին «անուղղակիորեն» որոշ պետ ծառայողներ են կապված: Դինքին սպանած Օգյուն Սամասթը դատապարտվել էր ցմահ ազատազրկման, իսկ գործով անցնող Յասին Հայալն ու Էրհան Թունջելը արդարացվել էին: Դատավճիռը մեծ աղմուկ էր բարձրացրել, հատկապես երբ պարզվել էր, որ Ստամբուլի թիվ 14 Գերագույն Քրեական դատարանը «մոռացել է» հրապարակել վճիռը կասկածյալներից մեկի մասով: Վերահսկիչ խորհրդի վճիռը պարդատիր չէ և պաշտոնապես ազդեցություն չի ունենա հետագա գործընթացների վրա, սակայն կարող է նաև օգնել. բանն այն է, որ Դինքի ընտանիքը արդեն բողոքարկել է վճիռը, իսկ նշված զեկույցը նաև Բողոքարկումների Գերագույն դատարանին ուղղված «խորհրդատվական» բնույթ ունի: Ինչ վերաբերում է պաշտոնյաներին, ապա խոսքը Ստամբուլի նախկին նահանգապետ Մուամմեր Գյուլերի, ինչպես նաև Ստամբուլի Ոստիկանության Հետախուզության բաժնի տնօրեն Ահմեթ Իլհան Գյուլերի մասին է: Հենց նրանց էր Տրապիզոնի ոստիկանապետը նախազգուշացրել, որ Դինքի դեմ մահափորձ է ծրագրվում, սակայն նրանք լուրջ չէին վերաբերվել տեղեկությանը: Հետագայում Գյուլերին հետաքննության մեջ ներգրավելու փորձերը խափանվել էին: Վերահսկիչ խորհրդի զեկույցում նշվում է նաև այն ոստիկանների մասին, ովքեր ձերբակալել էին Սամասթին սպանությունից ամիջապես հետո, բայց թույլ էին տվել նրան լուսանկարվել թուրքական դրոշի ֆոնին` ի նշան հպարտության նրա գործած արարքի: Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը Պետական Վերահսկիչ խորհրդին հանձնարարել էր ուսումնասիրել Դինքի սպանության գործն այն բանից հետո, երբ Դինքի ընտանիքի փաստաբանները հայտարարել էին, որ դատավարությունը հավուր պատշաճի չի անցկացվում: Երեկ խորհուրդը իր քննադատական զեկույզում էր հրապարակել Դինքի գործով դատավարության վերաբերյալ, ինչին Tert-ը մանրամասն անդրադարձել էր:

No comments: