Wednesday, February 22, 2012

Թուրքական դպրոցի տնօրենը կոչ է արել վերացնել վտանգավոր երեխաներին

Tert.am. 22-2-2012- Թուրքիայի Էրզրումի մարզի դպրոցներից մեկի տնօրեն Մուսթաֆա Այդին առաջարկել է վերացնել հասարակության համար վտանգ ներկայացնող երեխաներին, գրում է Today's Zaman-ը: Այս հայտարարությամբ նա հանդես է եկել երեխաների շրջանում բռնություններին և դրանց կանխման եղանակներին թեմային նվիրված հանդիպման ժամանակ: Հանդիպումն անցկացվել է տեղի ոստիկանության բաժանմունքում, որին մասնակցել են նաև ոստիկանության աշխատակիցներ և ուսումնական հաստատությունների ղեկավարներ: Երբ խոսքը փոխանցել են Մուսթաֆային, նա հայտարարել է, որ իր դպրոցում սովորողների մեծամասնությունը գողեր են, բացի այդ, երեխաները ագրեսիվ վարքագիծ են դրսևորում և կռիվների ժամանակ զինվում են շաուրմայի համար նախատեսված դանակներով: Նա նաև հավելել է, որ երեխաները ժամանակ են անցկացնում հին և դատարկ կառույցներում և որպես ընտանի կենդանիներ պահում են թափառական շների: Տնօրենը նույնիսկ դիմել է իշխանությանը` վերացնելու համար այդ շինությունները, բայց ապարդյուն: Արդյունքում, նա առաջարկել է վերցնել դատապարտվածների ԴՆԹ-ի նմուշները, կազմել «գենետիկական քարտեզ» և դրա օգնությամբ ստուգել երեխաների հանցագործություն կատարելու հակումները: «Նրանք, ովքեր կճանաչվեն հասարակության համար վտանգավոր, անհրաժեշտ է ոչնչացնել «քանի դեռ նրանք չեն սկսել քայլել»», - ասել է նա: Տնօրենի հայտարարությունը կոնֆերանսի մասնակիցների բուռն քննարկումների առիթ է դարձել: Ավելի ուշ, կրթության նախարարությունը հեռացրել է նրան պաշտոնից:

No comments: