Monday, February 27, 2012

Որտեղից է սկսվում ազատությունը

«Լրագիր» 27-2-2012- Մի քանի օր է, ինչ Հայաստանի իշխանությունն աշխուժորեն քարոզում է Եվրամիության հետ Ազատ առեւտրի գոտու համաձայնագրի շուրջ բանակցության մեկնարկի մասին: Դա Հայաստանի համար իսկապես կարեւոր հեռանկար է, քանի որ Հայաստանի արտահանողներին ազատում է Եվրոպայի մոտ 500 միլիոնանոց շուկա մուտք գործելու մաքսատուրքերից: Ավելին, այստեղ բանը միայն այն չէ, որ հայ արտահանողը ազատվում է հավելյալ տոկոսներից՝ 10,15 կամ 20 տոկոս մաքսատուրքերից, ինչը նշանակում է, որ հայկական ապրանքը Եվրոպայում կարող է այդքան էժանանալ եւ դառնալ առավել մրցունակ: Այստեղ կարեւոր է նաեւ խնդրի քաղաքական կողմը, քանի որ ազատ առեւտրի ռեժիմը եվրոպական հասարակական եւ տնտեսա-քաղաքական մշակույթի, համակեցության կարեւոր բաղադրիչներից մեկն է եւ միանալով դրան, Հայաստանը փաստացի կարող է արձանագրել որոշակի անշրջելի իրողություններ նաեւ երկրի ներքին կյանքում: Բացի այդ, դա հնարավորություն է, որպեսզի Հայաստանն այդ առումով էապես առաջ անցնի տարածաշրջանի իր մրցակից Ադրբեջանից, ինչը կարող է նաեւ քաղաքական զգալի միավորներ բերել մեր երկրին: Այդ իմաստով, Եվրամիության հետ ազատ առեւտրի համաձայնագրի շուրջ բանակցության մեկնարկն իսկապես նշանակալի իրադարձություն է: Բայց, այստեղ հարցերի հարցը շարունակում է մնալ Հայաստանի տնտեսության ներքին որակը: Եվրամիության տնտեսության բաց դռները Հայաստանի համար լիարժեք արդյունավետության հեռանկար կարող են խոստանալ միայն այն դեպքում, երբ Հայաստանի տնտեսությունն ինքը դառնա բաց: Ազատ առեւտրի վերաբերյալ համաձայնագիրը Հայաստանի համար ենթադրելու է մի շարք պարտավորություններ, օրենսդրությունը շուկայական, ազատական տնտեսության կանոններին համապատասխանեցնելու համար: Բայց, թե մեր, եւ ամենայն հավանականությամբ թե Եվրոպայի համար պարզ է, որ Հայաստանում կա օրենքների կիրառման խնդիր: Այսինքն, կարող են լինել լավ օրենքներ, սակայն դրանք շրջանցվեն, քանի որ իշխանության եւ բիզնեսի հսկայածավալ սերտաճումը ձեւավորել է օրենքից եւ Սահմանադրությունից վեր արտոնյալների իշխանա-օլիգարխիկ մի խավ, որի համար գրված օրենքները ունեն երկրորդական ու երրորդական նշանակություն եւ ընդամենը հանդիսանում են գործիք անցանկալի մրցակիցների դեմ, կամ այն տնտեսվարողների դեմ, որոնց բիզնեսը խլելու անհրաժեշտություն կա: Քանի դեռ Հայաստանում առկա է բիզնեսի եւ իշխանության այդօրինակ սերտաճում, քանի դեռ Հայաստանում կա օրենքների հավասարաչափ կիրառման, ինչպես նաեւ անկախ դատական համակարգի խնդիր, Եվրամիության հետ ազատ առեւտրի անցումը կարող է ընդամենն ավելացնել տնտեսության եւ իշխանության մոնոպոլիայի մաս կազմող միավորների հնարավորություններն ու ապահովել լրացուցիչ շահույթներ, որոնց ընդամենը չնչին մասը կարող է նպաստել հանրային բարեկեցության աճին եւ պետության ինստիտուցիոնալ ամրացմանն ու բարգավաճմանը: Քանի դեռ Հայաստանում փակ տնտեսական եւ քաղաքական համակարգ է՝ փակ բաժնետիրական ընկերության սկզբունքով, Եվրոպայի հետ ազատ առեւտուրը չի կարող ծառայել Հայաստանի շահին, այլ ընդամենը կնպաստի այդ համակարգի բյուրեղացմանը: Հետեւաբար, չափազանց քիչ է, երբ ազատ առեւտրի համաձայնագիր կնքելու չափանիշ է դիտվում օրենսդրության տեսական փոփոխությունը: Այսինքն, եթե Հայաստանն ընդունել է իքս օրենքը կամ օրենքի իքս դրույթ է ավելացրել, որը գերհամապատասխանում է եվրոպական կանոններին, դա դեռ ամենեւին չի նշանակում, որ այդ ամենը Հայաստանում սկսել է առնչություն ունենալ իրական կյանքի հետ: Հետեւաբար, ազատ առեւտրի համաձայնագրի շուրջ բանակցության ընթացքում, Հայաստանի եվրոպացի գործընկերներին՝ եթե նրանց համար Եվրոպայի հետ ազատ առեւտրում էական է Հայաստանի հասարակության շահը, հարկ է ուշադրություն դարձնել ոչ թե օրենքի տեսական փոփոխություններին եւ բարեփոխումներին, այլ առաջին հերթին այն բանին, թե որքանով են դրանք դառնում պրակտիկայի մաս, համակեցության պրակտիկ եւ անբեկանելի կանոն, ու որքանով են դրանք պաշտպանվում անկախ դատական համակարգով: ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: