1in.am. 11-2-2012- Թուրքիայից Հայաստան ներկրվող շինարարական ներկերը, ծեփամածիկներն ու այլ նյութերը պարունակում են թունավոր նյութեր, որոնք քաղցկեղածին են: ՇԵՆ-ԿՈՆՑԵՌՆ ընկերության խորհրդի նախագահ Սամվել Բեգլարյանն «Առաջին լրատվական»-ին հայտնեց, որ այս հարցը վաղուց քննարկվում է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունում, բարձրացվել է նաև վարչապետի և բարձրաստիճան այլ պաշտոնյաների մոտ՝ սկսած 2000-ական թվականներից, սակայն պատասխանը մեկն է եղել` Հայաստանը չունի նման լաբորատորիա, որն անալիզ կիրականացնի ու մասնագիտական հիմնավորված եզրակացություն կտա ներկերի բաղադրության վերաբերյալ: Արդեն որերորդ տարին է կառավարությունը ծրագրում է ձեռք բերել անհրաժեշտ սարքավորումներ և ստեղծել նման լաբորատորիա:
«Ներկերի ինքնարժեքն իջեցնելու համար օգտագործում են շատ վատ նյութեր` արճիճ, ցինկ, ցինկի օքսիդ: Այդ ներկերը ցածր որակի են ու խիստ վտանգավոր կյանքի համար»,- ասաց Ս. Բեգլարյանը: Նա հայտնեց, որ ներկերի տեղական արտադրությունը հիմնականում հիմնված է տիտանի օքսիդի վրա, որը, թեև շատ ավելի թանկ է, բայց էկոլոգիապես մաքուր է:
Անհրաժեշտ լաբորատորիան ստեղծելու խնդրով ժամանակին զբաղվել էր «Սպառողների իրավունքների պաշտպանություն» ՀԿ նախագահ Աբգար Եղոյանը, արդեն գտնվել էր դրամաշնորհ, սակայն դժբախտությունը տեղի ունեցավ, և Եղյանի մահից հետո գործը կիսատ է մնացել:
Հարցին՝ որտե՞ղ են առավել շատ օգտագործվում այդ ներկերը, Ս. Բեգլարյանը պատասխանեց. «Դպրոցներից, մանկապարտեզներից սկսած՝ ամեն տեղ: Վերջին տարիներին քաղցկեղով հիվանդացությունը հենց էնպես չի շատացել: Դրանք շատ-շատ վնասակար են ու միշտ արտազատում են քաղցկեղածին նյութեր»:
Sunday, February 12, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment