Wednesday, February 29, 2012

«Թուրքիան ակտիվորեն աշխատել է և տեղյակ է այս ներքին խլրտումներին». Ստեփան Սաֆարյան

1in.am. 28-2-2012- Երեկ Բրյուսելում նիստ էր գումարել ԵՄ արտաքին գործերի խորհուրդը, որը ընդունել է Հայաստանին, Ադրբեջանին և Վրաստանին վերաբերող հատուկ փաստաթուղթ։ «Հարավային Կովկասին վերաբերող եզրակացություններ» փաստաթղթում Եվրամիությունը անդրադառնում է նաև Լեռնային Ղարաբաղի խնդրին` հայտնելով իր մտահոգությունը հայ-ադրբեջանական բանակցություններում իրական առաջխաղացման բացակայության կապակցությամբ։ Եվրամիությունը պատրաստ է Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխադարձ վստահության ամրապնդմանն ուղղված միջոցներ ձեռնարկել և այդպես նպաստել ԵԱՀԿ Մինսկի խմբի առաքելությանը։ Այդ նպատակով ԵՄ-ն ցանկանում է, մասնավորապես, իր ներկայացուցիչների համար ստանալ Լեռնային Ղարաբաղ և հարակից շրջաններ առանց նախապայմանների մուտք գործելու հնարավորություն։ Արտաքին գործերի խորհուրդը առաջարկում է նաև մշակել Լեռնային Ղարաբաղում խաղաղությունը հաստատելուց հետո հնարավոր զարգացումների տարբերակներ, որոնք Եվրամիության հետագա ներգրավվածության հիմք են դառնալու։ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանին «Առաջին լրատվական»-ը խնդրեց գնահատել ԵՄ-ի այս դիրքորոշումը, ի՞նչ կա թաքնված ԵՄ ցանկությունների տակ և ինչո՞վ է պայմանավորված ԵՄ ակտիվությունը: Ստեփան Սաֆարյանը նախ հիշեցրեց բանաձևի ընդունումը Եվրապառլամենտում, որը միտված էր սահմանելու ԵՄ քաղաքականության առաջնահերթությունները Հարավային Կովկասում: «Եթե հիշում եք, այն ժամանակ տեքստի մեջ էր սողոսկել մի ձևակերպում, որը խոսում էր ԵԱՀԿ ՄԽ-ում ԵՄ մանդատ ստեղծելու մասին: Անկեղծ ասեմ, որ լինելով տեղյակ կոնֆիդենցիալ քննարկումներին` կար նաև համաեվրոպական ամբիցիա այդ խողովակով տարածաշրջանի վրա ազդելու լծակները չթողնել միայն Ֆրանսիային: Շատ երկար քննարկումներ տեղի ունեցան, և ասեմ, որ կար նաև գերմանական շահագրգռվածությունը: Գերմանիան՝ որպես ԵՄ առաջատար երկրներից մեկը, մի տեսակ խանդի զգացողություն ուներ, թե ինչու պետք է կերակրի Եվրոպայի սովածներին, բայց Ֆրանսիան վայելի անվտանգության քաղաքականության վրա ներազդելու այդ լծակները: Արդյունքում հնարավոր չեղավ լուծում տալ տեխնիկապես, և ես կարծում եմ, հիմա էլ հնարավորություն չի լինի լուծում տալ, որովհետև ինչպես մի առիթով Բեռնար Ֆասիեն էր շատ հստակ ձևակերպել` եթե ինչ-որ մի արտառոց դեպք լինի, որին պետք է անհապաղ արձագանքել, ապա ինչպես է ԵՄ-ն շատ արագ կազմակերպելու համաեվրոպական աջակցություն և ստորագրություն այդ իրավիճակի լուծումներ տվող հայտարարությանը ի համանմանություն Միացյալ Նահանգների և Ռուսաստանի, որտեղ նախագահներին շատ արագ կարելի է բացատրել և ստանալ նրանց ստորագրությունը, ինչը անում է Ֆրանսիան` լինելով կոնկրետ երկիր և նաև միայն ԵՄ անդամ երկիր: Եվ մի տեսակ վտանգ կար ԵԱՀԿ ՄԽ ֆորմատը վտանգելու, և դա կարող էր անկանխատեսելի զարգացումներ ունենալ հատկապես, երբ Թուրքիան տարիներ շարունակ բանակցային գործընթացին ներգրավվելու բացահայտ շահագրգռվածություն է դրսևորում: Պատահական մի համարեք Ֆրանսիայի կողմից Ցեղասպանության մերժումը քրեականացնող օրինագծի հետ կապված Թուրքիայի դժգոհությունների արտահայտումը ֆրանսիական մանդատից զրկելու հայտարարությամբ: Թուրքիան ակտիվորեն աշխատել է և տեղյակ է այս ներքին խլրտումներին»: Ս. Սաֆարյանը նշեց, որ այն, ինչ որ կարող է արվել, և ինչը կարծես թե տեսանելի է ԵՄ ստրատեգիաներում հակամարտությունների կարգավորման հարցում, հետկոնֆլիկտային վերականգնողական աշխատանքներում դոնոր հանդիսանալու` վստահության միջոցներ ստեղծելու և նմանատիպ հարցերում իր ներկայության, մասնակցության ապահովումն է: «Բայց սա ևս միջամտություն է, առավել ևս հակամարտության գոտում, որը կարող է խթանել նաև այլ շահագրգռություններ նաև այնտեղ խաղաղապահներ տեղակայելու հետ կապված, որովհետև ոչ միայն տարածաշրջանում, այլև հենց նույն ԼՂ հակամարտության կարգավորման գործում եթե անգամ պետությունների դիրքորոշումը այս կամ այն չափով նույնական են, ապա շահագրգռությունների առումով տարբեր են, որոնք պայամանավորված են, թե ինչ լուծումներ են նրանք տեսնում: Հետևաբար դա կարող է խթանել խաղաղապահ ուժերի տեղակայման դիսկուրսը, որը իր հերթին կարող է բերել մյուս կոմպոնոնտների ակտիվացմանը ԼՂ կարգավորման գործընթացում: Սա մարտահրավերային հարց է, և ոչ այնքան դյուրին լուծելու, որքան էլ շահագրգռությունը մեծ լինի: Վերջին հաշվով, չմոռանանք ինքը՝ ռեգիոնը, որտեղ ԵՄ-ն ուզում է ներկայություն ունենալ, Իրանին հարակից տարածք է, Իրանի զարգացումներից կարող է ազդվել այս ամբողջ պրոցեսը կամ հակառակը, ուստի դա շատ բազմաշերտ մի խնդիր է, որի բոլոր հարթություններում առկա են մարտահրավերներ, թե ԵՄ կողմից այդ քայլը անելու և թե մեզ համար` ինչ է ստացվելու: Վերջին հաշվով, հայկական կողմին իսկապես շահեկան է, որ ԼՂ-ն որպես տարածք, խոռոչ` լինելով աշխարհագրորեն ընդլայնված Եվրոպայի կազմում, բայց նաև պերսոնա նոն գրատայի կարգավիճակով նույն Եվրոպայի կողմից եվրոպացի դիվանագետը խուսափում է գնալ այնտեղ տարբեր պատճառներով` Ադրբեջանի սև ցուցակում չհայտնվելու, կամ հակամարտության կողմերի միջև բալանսը չխախտելու համար: Հետևաբար կարծում եմ, որ այդքան դյուրին չի լինելու իրականացնել այդ մտադրությունը:

No comments: