Wednesday, February 29, 2012

«Բաքվում վերջապես պետք է գիտակցեն, որ վերջնական խոսքը պատկանում է Ղարաբաղին»

Panorama.am. 28-2-2012-Միջազգային ճգնաժամային խումբը (ՄՃԽ) հրապարակել իր հերթական զեկույցը, որում նշվում է, թե ԵԱՀԿ Մինսկի խմբին խաղաղության հաստատման համար անհրաժեշտ է հակամարտող կողմերի միջև վստահության մթնոլորտ հաստատել: Թեմայի շուրջ Panorama.am-ը զրուցեց փորձագետների ու քաղաքական գործիչների հետ: ՀՀ ազգային արխիվի փոխտնօրեն Էդգար Հովհաննիսյանը կարծում է, որ կողմերի միջև վստահության հասնելու ճանապարհը մեկն է. Ադրբեջանը պետք է հաշտվի ստեղծված իրավիճակի հետ և կարողանա քաղաքական կամք դրսևորել: «Վստահության մթնոլորտ կարող է ստեղծվել միայն այն պարագայում, եթե Ադրբեջանը հաշվի նստի ստեղծված իրողության հետ, իսկ բանակցային գործընթացում կառուցողական դիրքորոշում որդեգրի: Այս համատեքստում, դիպուկահարներին առաջնային գծից դուրս բերումը շատ կարևոր քայլ կլիներ»,- ասաց նա: ԱԺ պատգամավոր Կարինե Աճեմյանը նշեց, որ միայն Ադրբեջանի կողմից, բանակցային պրոցեսում ձեռք բերված պայմանավորվածությունների պահպանման դեպքում կարելի է խոսել վստահության մթնոլորտի հաստատման մասին: «Դժվար է խոսել նման մթնոլորտի ձևավորման մասին, երբ Ադրբեջանը ամեն կերպ հրաժարվում է խոսել արցախյան կողմի հետ: Բաքվում վերջապես պետք է գիտակցեն, որ վերջնական խոսքը պատկանում է Ղարաբաղին, իսկ Արցախի ներգրավվածությունը բանակցային պրոցեսում անհրաժեշտություն է: Անկեղծ ասած, բանակցային գործընթացում Ադրբեջանի կողմից դրսևորած մոտեցումներն ու շփման գծում ադրբեջանցի դիպուկահարների գործողությունները լավատեսություն չեն ներշնչում: Մինչև Ադրբեջանի ղեկավարության քաղաքական վարքագիծը փոփոխության չենթարկվի, վստահության մթնոլորտի մասին խոսելն անիմաստ է»,- ասաց տիկին Աճեմյանը: ԼՂՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ ապերի գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը նշեց, որ փոխվստահության միջոցները համարվում են հակամարտությունների լուծման կարևոր բաղադրամասերից են: «Սրա մասին պարբերաբար հանդես է գալիս նաև պաշտոնական Ստեփանակերտը: Այլ խնդիր է դրանց իրականացում պրակտիկայում: Այս տեսանկյւոնից, ցավոք, պետք է նշեմ, որ որևէ քայլ չի արվում: Այս ամենի հիմնական պատճառն Ադրբեջանի կողմից վարվող քաղաքականությունն է: Մենք առաջարկել ենք քաղաքական, տնտեսական, ռազմական միջոցառումների մի մեծ փաթեթ: Սակայն Ադրբեջանը ոչ միայն չի արձագանքում այդ առաջարկներին, այլ անընդհատ սրում է առանց այդ էլ անկայուն իրավիճակը: Քաղաքական տեսանկյունից առաջարկել ենք վերջ դնել այլատյացության, ռազմատենչության քարոզչությանը, տնտեսական առումով՝ ջրային պաշարների համատեղ օգտագործում, ռազմական առումով առաջարկել ենք դուրս բերել դիպուկահարներին առաջնային գծից: ՄՃԽ-ն լավատեղյակ է Ստեփանակերտի առաջարկներից, որովհետև ես անձամբ նրանց հետ հանդիպել եմ ու ներկայացրել պաշտոնական Ստեփանակերտի մոտեցումները: Անկեղծ ասած, այս հարցում թերահավատ եմ, չեմ կարծում, թե Ադրբեջանը կգնա կայունություն բերող քայլերի, մանավանդ, ռազմական ծախսերի նման գերաճի պայմաններում»,- ասաց Դ. Բաբայանը:

No comments: