1in.am. 22-2-2012- Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ թուրքական ընդդիմության առաջնորդ, «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության (ԺՀԿ) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն կուսակցական ժողովում խիստ քննադատության է ենթարկել նախագահ Աբդուլլահ Գյուլին և վարչապետ Ռեջեփ Էրդողանին՝ կապված Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) օրենքի հաստատման հետ:
Հիշեցնենք, որ 5 օր առաջ Աբդուլլահ Գյուլը հաստատել էր Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ) ընդունած ու իր հաստատմանը ներկայացված Պետական հետախուզական ծառայությանն ու MIT-ին առնչվող օրենքում ուղղումներ մտցնելու մասին օրինագիծը:
Օրինագծի համաձայն՝ MIT-ի աշխատակիցների կամ էլ վարչապետի կողմից հատուկ հրահանգներ ստացած (MIT-ը չներկայացնող) անձանց կողմից իրենց առաջադրանքների կատարման ժամանակ հանցագործություն գործելու համար հետաքննություն պետք է իրականացվի վարչապետի թույլտվությամբ: Թուրքիայի Սահմանադրության համաձայն՝ Գյուլը տվյալ օրինագծի վերաբերյալ որոշում կայացնելու համար իր տրամադրության տակ ուներ 15 օր:
Այս կապակցությամբ Քըլըչդարօղլուն հայտարարել է, որ Գյուլն օրենք հաստատելու նոր ռեկորդ է սահմանել՝ անմիջապես հաստատելով այն. «Նախագահն այդ օրենքը հաստատել է Էրդողանի թելադրանքով: Դա աղետ է իրավական պետության համար: Էրդողանն ունի միայն մեկ նպատակ՝ գտնել իշխանությունը պահելու ուղիներ:
Ինձ թվում է, թե վարչապետի հիվանդությունը կապ չունի մարսողական համակարգի հետ: Ինձ թվում է, թե նա բուժվում է հոգեկան խանգարումից: Ես դրանում հերթական անգամ համոզվեցի, երբ լսեցի երիտասարդներին ուղղված նրա ուղերձը: Այդ մարդն ատելություն է սերմանում մեր երիտասարդության շրջանում: Ինչպես կարելի է երիտասարդությանը կոչ անել ժխտել պատմությունն ու ընդդիմությանը:
Ինչո՞ւ է նա մասնատում մեր ժողովրդին, անհասկանալի է: Եթե մեր երկրում երբևէ տեղի ունենա գաղափարական հենքով բախում, ապա դրա պատասխանատվությունը կկրի միայն Էրդողանը»:
Friday, February 24, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment