Tert.am. 22-2-2012- Իսրայելի ուժային կառույցների ներկայացուցիչներն ու զինվորականները կարծում են, որ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ գործընթացներն այլևս անդառնալի են, և այժմ, այդ երկրի կողմից միջուկային զենքի ստեղծումը կանխելու համար, անհրաժեշտ է ռազմական գրոհ իրականացնել այդ երկրի վրա:
Ինչպես հաղորդում է ռուսական Vz.ru կայքը, այս մասին այսօր գրել են իսրայելական լրատվամիջոցները` վկայակոչելով Իսրայելի հետախուզության և ռազմական գերատեսչության աղբյուրները:
«Իսրայելի ուժային կառույցների կարծում են, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) պատվիրակության վերջին այցն Իրան ցույց տվեց, որ Թեհրանի միջուկային ծրագիրն իրենից ակնհայտ սպառնալիք է ներկայացնում»,- գրել են իսրայելական լրատվամիջոցները:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Իրանի իշխանությունները երեքշաբթի ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին թույլ չէին տվել Պարչին քաղաքում գտնվող ռազմական օբյեկտ այցելել, որտեղ, համարվում է, որ Թեհրանը միջուկային զենք է մշակում:
«Երեքշաբթիից սկսած` խաղի կանոնները փոխվել են»,-հայտարարել է Իսրայելի հետախուզության աղբյուրներից մեկը:
Իսրայելի հետախուզությունն այն եզրահանգմանն է եկել, որ հետագա հարստացման նպատակով` մինչև 20 տոկոս հարստացված ուրանի տեղափոխումը Քում քաղաքի մոտ գտնվող «Ֆորդո» միջուկային օբյեկտ զգալիորեն կրճատում է այն ժամանակահատվածը, որն անհրաժեշտ է միջուկային զենք ստեղծելու համար պիտանի` մինչև 90 տոկոս հարստացված ուրան մշակելու համար:
Իսրայելի հատուկ ծառայությունների ներկայացուցիչները կարծում են, որ ուրանի հետագա հարստացման մասին համապատասխան հրաման ստանալու դեպքում իրանցի գիտնականները միջուկային զենքի ստեղծման համար պիտանի ուրան կարող են ստեղծել 6 շաբաթվա ընթացքում:
ԱՄՆ–ը, ինչպես նաև ԵՄ-ը պնդում են, որ Իրանի ուրանի հարստացման ծրագրի նպատակն է միջուկային զենք ստեղծել, մինչդեռ պաշտոնական Թեհրանը հերքում է այդ մեղադրանքները՝ ասելով, որ դրանք խաղաղ նպատակ են հետապնդում։
Այդ առնչությամբ ԱՄՆ–ը, ինչպես նաև ԵՄ–ն Իրանի նկատմամբ մի շարք պատժամիցոցներ են սահմանել:
Իրանի վրա Իսրայելի և ԱՄՆ–ի հնարավոր հարձակման մասին լուրերը ԶԼՄ–ներում տարածվեցին ՄԱԳԱՏԷ-ի` Իրանի մասին վերջին զեկույցի հրապարակումից հետո։ Զեկույցում նշվում էր այն մասին, որ Իրանը «մոտ է միջուկային զենքի ստեղծմանը»։
Զեկույցի հրապարակումից հետո բրիտանական լրատվամիջոցները տեղեկություն տարածեցին, թե այդ հարձակումը հնարավոր է՝ տեղի ունենա մինչև 2011թ. դեկտեմբերի 25–ը։
Thursday, February 23, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment