«Լրագիր» 27-2-2012- Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը հայտարարել է, թե Եվրամիությունը կցանկանար ավելի կարևոր դեր խաղալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն աջակցելու հարցում:
Եվրամիության արտգործնախարարները փետրվարի 27-ին հավաքվում են Բրյուսելում, որտեղ տեղի ունեցող քննարկումների շարքում լինելու է նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդիրն ու ընդհանրապես Հարավային Կովկասի իրավիճակը:
Ինչպես հայտնի է, Եվրամիությունն ուղղակի ներգրավվածություն չունի Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում: Ներկա է ԵՄ առաջատար երկրներից մեկը՝ Ֆրանսիան, որը սակայն հանդես չի գալիս որպես Եվրամիության ներկայացուցիչ: Ավելին, Ֆրանսիան Մինսկի խմբում թերեւս վարում է առավելապես ինքնուրույն քաղաքականություն, ինչի համար էլ ժամանակ առ ժամանակ առաջանում են Ֆրանսիայի մանդատը Եվրամիությամբ փոխարինելու մասին խոսակցություններ, իսկ Եվրամիությունն էլ ներկայում խոսում է Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն իր աջակցությունը մեծացնելու մասին:
Հատկանշական է, որ այդ խնդիրը օրակարգում է հայտնվում Հարավային Կովկասում Ֆրանսիայի ակտիվացմանը զուգահեռ: Ֆրանսիայի ակտիվության այսպես ասած պաշտոնական մեկնարկը կարելի է համարել նախորդ տարվա հոկտեմբերին Ֆրանսիայի նախագահի տարածաշրջանի երկրներ կատարած այցը:
Այն, որ Ֆրանսիան կարող է Հարավային Կովկասի եւ Ղարաբաղի հարցում վարել որոշակի առանձին քաղաքականություն, միանգամայն տրամաբանական եւ օրինաչափ է թվում: Բանն այն է, որ Ֆրանսիան համաշխարհային տերություն է, որի շահը չափազանց լայն է Եվրամիության ընդհանուր շահի մեջ տեղավորվելու համար:
Մյուս կողմից, չի բացառվում, որ խնդիրը ամենեւին էլ Եվրամիության եւ Ֆրանսիայի շահերի բախումը չէ, այլ փոխլրացումը: Այսինքն, Եվրամիությունն ուզում է ակտիվանալ ոչ թե Ֆրանսիայի մասնակցությունից դժգոհ լինելու պատճառով, այլ Ֆրանսիայի մասնակցությունը լրացնելու: Այլ կերպ ասած, Եվրամիության ակտիվացումը կարող է նպաստել Մինսկի խմբում Ֆրանսիայի դերի բարձրացմանը:
Բոլոր դեպքերում, անկախ նրանից, թե ինչի հետ գործ ունենք՝ շահի բախման, թե լրացման, պարզ է, որ Եվրամիությունը Ղարաբաղի հարցում իր ներգրավվածությունը մեծացնելու առումով ունի նոր ոճի, նոր մոտեցումների անհրաժեշտություն:
Եթե Եվրամիությունն անելու է նույն բանը, ինչ անում է ասենք Ֆրանսիան, ապա բացարձակապես անիմաստ է թե Ֆրանսիային փոխարինելը, թե լրացնելը: Առավել եվս անիմաստ է Եվրամիության ներգրավումը, եթե այն պետք է լինի նույն կանոնների շրջանակում, որում գործում է Մինսկի խումբը:
Եվրամիությունը պետք է նոր խոսք ասի կարգավորման գործընթաց կոչվող տիրույթում: Իսկ նորը թերեւս կլինի այն, որ առաջարկվի հակամարտության հանգուցալուծման նոր մոդել՝ տրամագծորեն տարբեր, քան այն, ինչ առաջարկվում է Մինսկի խմբի շրջանակում:
Մինսկի խումբը, ինչպես հայտնի է, առաջարկում է կարգավորել հարցերը փուլային կամ փաթեթային տարբերակով, որպեսզի հակամարտության կարգավորումն այլեւս չխոչընդոտի տարածաշրջանային ինտեգրացիային:
Իրականում, թերեւս Մինսկի խմբի համանախագահ երկրների համար էլ պարզ է, որ այդ մոդելը վաղուց է սպառել իրեն եւ գործնականում ոչ միայն կիրառելի չէ, այլ նույնիսկ ինչ որ ձեւով պարտադրելու դեպքում այն բավական պայթյունավտանգ է: Ավելին, ինչպես կարելի է դատել հակամարտության կարգավորման ներկայիս գործընթացից, դրա ակնհայտ իմիտացիոն բնույթից, Մինսկի խումբը եւ առնվազն դրա երկու արեւմտյան համանախագահները՝ ԱՄՆ եւ Ֆրանսիան, վաղուց են հրաժաևվել այդ մոդելից՝ հօգուտ ստատուս-քվոյի պահպանության: Մինսկի խումբը ներկայում հանդիսանում է տարածաշրջանային շատ ավելի լայն օրակարգի շուրջ քննարկումների ֆորմատ, եւ ԱՄՆ, Ֆրանսիան ու Ռուսաստանը առավելապես կենտրոնացած են այդ ավելի լայն օրակարգի, քան բուն Ղարաբաղի խնդրի վրա:
Ինքնահաստատվելու մեդվեդեւյան ջանքերը բարեբախտաբար անցան ապարդյուն, երբ ՌԴ երիտասարդ նախագահը ինչ որ դաշտ էր փնտրում քաղաքականության մեջ իր կենսունակության ապացույցներ ներկայացնելու համար: ՌԴ գալիք նախագահ Պուտինի պարագայում այդ ինքնահաստատման կարիքը թերեւս չի լինի, քանի որ Պուտինը ոչ ոքի ոչինչ ապացուցելու կարիք չունի եւ ամենայն հավանականությամբ կբավարարվի ընդամենը Մինսկի խմբում Ռուսաստանի դերի պահպանման խնդիրը լուծելով, թույլ չտալով դրա հետընթաց:
Այլ կերպ ասած, Ղարաբաղի հարցում Եվրամիության ներկայիս հավակնությունները ավելի շատ ոչ թե ներգրավվածություն են հիշեցնելու՝ ներգրավվածություն խնդրի լուծմանը աջակցելու գործին, այլ թերեւս հանդիսանալու են կարգավորման միակ եւ իրական հարթակը, եթե իհարկե Եվրամիությանը հաջողվի առաջարկել նոր մոդել: Ընդ որում, Եվրամիությունն այդ հարթակի դերը թերեւս ստանձնելու է առնվազն Մինսկի խմբի երկու երկրների հավանությամբ՝ ԱՄՆ եւ Ֆրանսիայի, եւ թերեւս Ռուսաստանի համակերպմամբ:
Մինսկի խումը, ըստ ամենայնի, արդեն կստանձնի Եվրամիության կարգավորման քաղաքականության «ժանդարմի» կամ «սեքյուրիտիի» դերը, որպեսզի հանկարծ չլինեն տարբեր էքսցեսներ: Չի բացառվում, որ Մինսկի խումբն իր համար արդեն բավական ցածր դաս է համարում անմիջականորեն Ղարաբաղի խնդրի կարգավորմամբ զբաղվելը եւ կարգավորման պրակտիկ քաղաքականությունը շարունակելու առաքելությունը դնում է Եվրամիության վրա, առավել եւս, որ այդ կառույցը կարծես թե առայժմ այդքան էլ ծանրացած չէ պետական շահի բեռով՝ որը ցանկացած դեպքում բավական կարծր բեռ է եւ սահմանափակում է սուբյեկտի ճկունությունը, առավել եւս սկզբունքային աշխարհաքաղաքական հարցերում:
Պարզապես խնդիրն այն է, թե արդյոք Եվրամիության երեւակայությունը կբավականացնի Ղարաբաղի հակամարտության հանգուցալուծման նոր մոդելի մշակման եւ պրակտիկ մատուցման հարցում: Խնդիրը բավական բարդ է, որովհետեւ այն պահանջում է քայլեր, որոնք հակամարտ տարածաշրջանում կձեւավորեն հանրային հանդուրժողություն արձանագրված ստատուս-քվոյի հանդեպ, այլ կերպ ասած, Եվրամիությունը հակամարտ կողմերին պետք է առաջարկի ստատուս-քվոյի առկայության պայմաններում համակեցության ընդհանուր եւ երկարաժամկետ նորմեր ու կանոններ: Թվում է, թե դա անիրականանալի խնդիր է: Սակայն, իզուր է որեւէ մեկին թվում, թե ստատուս-քվոյի փոփոխությամբ ընդհանուր խաղաղ համակեցության մոտենալը ավելի իրականանալի եւ իրատեսական տարբերակ է:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Monday, February 27, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment