Monday, February 27, 2012

Թալեաթի մտածելակերպով թուրք նախարարն ադրբեջանցիների թափած արյան համար հաշիվ է պահանջում հայերից

News.am. 27-2-2012- Թուրքական իշխանությունների ներկայացուցիչների հակահայկական հայտարարությունները ավելի են գռեհկանում. Թուրքիայում ազգայնամոլական շրջանակները հարմար առիթ են փնտրում հայերի դեմ իրենց թշնամանքն ու ատելությունը ցույց տալու եւ սադրանքներ հրահրելու համար, որից անմասն չեն մնում թուրքական իշխանությունները։ Թուրքական իշխանությունների հովանավորությամբ, Ստամբուլի կենտրոնում տեղի է ունեցել Խոջալուի իրադարձություններին նվիրված հակահայկական բողոքի ցույց։ Ցույցին մասնակցել են նաեւ Ստամբուլի նահանգապետն ու Թուրքիայի ներքին գործերի նախարար Իդրիս Նաիմ Շահինը։ Վերջինիս ազգայնամոլական եւ հայերի հանդեպ թշնամանք ու ատելություն սերմանող հայտարարությունը զարմացրել է նաեւ թուրք հասարակության մի մասին։ Թուրք նախարարն իր հայտարարության մեջ ասել է. «Այդ օրը արյուն է թափվել, սակայն դրա պատասխանը չի տրվել։ Այդ արյունը գետնին չի մնալու։ Այդ արյան հաշիվը միասին պահանջելու ենք Ստամբուլում, Բաքվում եւ այլուր»։ Ստամբուլի նահանգապետի եւ ներքին գործերի նախարարի մասնակցությամբ հակահայկական ցույցի ժամանակ հնչել են Հրանտ Դինքին եւ հայերին վիրավորող կարգախոսներ։ Ցույցից օրեր առաջ Ստամբուլի փողոցներում, կանգառներում եւ այլ մարդաշատ վայրերում փակցվել էին հայերի դեմ թշնամություն եւ ատելություն սերմանող պաստառներ։ Թուրքական մամուլում նշվում է, որ Ստամբուլի կենտրոնի հակահայկական ցույցը կազմակերպվել է ամբողջովին թուրքական իշխանությունների կողմից։ Օրեր առաջ ազգայնամոլական եւ հակահայկական հայտարարություն էր արել Բայբուրթի (Բաբերդ) քաղաքապետ, Էրդողանի կուսակից Հաջը Ալի Փոլաթը, ով հայերին թշնամի էր հայտարարել, իսկ թուրք երիտասարդներին կոչ արել լինել քինախնդիր։ Հակահայկական հայտարարությունների քանակով դեռեւս առաջատարն է Թուրքիան Եվրամիություն տանող Թուրքիայի՝ Եվրամության հարցերով նախարար Էգեմեն Բաղըշը, ով աչքի է ընկել անտակտ եւ ոչ կոռեկտ հայտարարություններով։ Արթուր Հակոբյան

No comments: