Monday, February 27, 2012

«Ինչո՞ւ միայն այս տարի Խոջալուի դեպքերի հետ կապված Թուրքիայում բարձրացավ հակահայկական հիստերիա». Ահմեդ Հաքան

1in.am. 27-2-2012- CNN Türk-ի «Չեզոք գոտի» հաղորդաշարի վարող, լրագրող Ահմեդ Հաքանը հոդված է հրապարակել Խոջալուի (Իվանյան) իրադարձությունների կապակցությամբ Թուրքիայում բարձրացված հիստերիայի մասին. «Խոջալուի իրադարձություններից անցել է ուղիղ 20 տարի, սակայն ցայժմ Թուրքիայում չէր գրանցվել այդպիսի արձագանք: Ինչո՞ւ ոչ մի տարի Խոջալուի իրադարձությունները նմանատիպ արձագանքի չէին արժանացել Թուրքիայում: Ինչո՞ւ ցայժմ Ստամբուլի Թաքսիմ հրապարակում չէին կազմակերպվում նմանատիպ միտինգներ: Ինչո՞ւ այս տարվա չափ հոդվածներ չէին հրապարակվում թուրքական մամուլում: Ինչո՞ւ ամեն տարվա փետրվարի 26-ին Թուրքիայում չէին կազմակերպվում համերաշխության միջոցառումներ: Ես կտամ այս հարցերի պատասխանը. որովհետև ցայժմ չի եղել Ֆրանսիայի ու Սարկոզիի դեմ ինչ-ինչ քայլեր անելու անհրաժեշտություն: Լավ, դա՞ է ձեր մարդասիրությունը: Ադրբեջանցիների գլխին եկած աղետի մասին հիշում եք միայն այն ժամանակ, երբ Հայկական հարցի պատճառով հայտնվում եք քաղաքական անկյունում: Ստացվում է, որ այդ հարցը վերածվել է քաղաքական ճնշվածությունից ձերբազատվելու գործիքի»: Հիշեցնենք, որ հունվարի կեսերին էլ Ահմեդ Հաքանին զայրացրել էին Twitter սոցցանցում կատարված հակահայկական ազգայնամոլ գրառումները, ինչի կապակցությամբ նա խոստացել էր ուղիղ եթերում հայտարարել, որ ինքը հայ է և կատարել էր իր խոստումը։ Հաքանը եթերում հայտարարել էր. «Թուրքիայում «Դու հա՞յ ես» հարցը վերածվել է հայհոյանքի: Նման կերպ մտածողների համար ես այստեղից ասում եմ, այո՛, ես հայ եմ։ Ինձ ասում են՝ դու արդյոք կարո՞ղ ես Երևանում ասել, որ դու թուրք ես։ Եթե ես դա չկարողանամ ասել, ապա դա կլինի Երևանի ամոթը։ Եթե ես կարողանամ Ստամբուլում հայտարարել, որ ես հայ եմ, ապա դա կլինի Ստամբուլի պատիվը»։

No comments: