Tert.am. 25-2-2012-Թունիսում ընթացող «Սիրիայի բարեկամներ» նախաձեռնության հանդիպումը լքել է Սաուդյան Արաբիայի պատվիրակությունը` պատճառաբանելով հավաքի «անգործությունը», հաղորդում է Al-Arabiya-ն:
Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար արքայազն Սաուդ ալ-Ֆեյսալը հեռանալուց առաջ հայտարարել է, թե Սիրիային զուտ մարդասիրական օգնության ցուցաբերումը բավարար չէ:
«Իշխանությունը փոխանցելուց բացի այլ տարբերակ չկա` լինի կամավոր, թե ուժի կիրառմամբ: Մի՞թե արդարացի է օգնություն առաջարկել և սիրիացիներին թողնել մարդասպան մեքենայի առաջ», - մանրամասնել է սաուդյան արքայազնը:
Ըստ նրա` Սիրիայի ռեժիմը կորցրել է իր լեգիտիմությունը և վերածվել է մի տեսակ օկուպանտ իշխանության: Ինչ վերաբերում է Սաուդյան Արաբիային, ապա ըստ պաշտոնյայի «Իր երկիրը չի մասնակցի որևէ գործողության, որը չի հանգեցնի սիրիացիների շուտափույթ պաշտպանությանը»:
Reuters-ն էլ հաղորդել է արքայազնի այն միտքը, թե իշխանությունների կողմից դաժանորեն ճնշվող սիրիացի ընդդիմադիրներին զենքի մատակարարումը «գերազանց գաղափար է»:
Արաբական երկրներից Թունիսի նախագահ Մարզուկին հայտարարել է, թե Արաբական երկրների լիգան պետք է խաղաղապահ զորքեր ուղարկի Սիրիա` նախագահ Ասադի հալածանքներին վերջ տալ օգնելու համար: Իսկ անձամբ Ասադին Մարզուկին. որպես ապաստան առաջարկել է Ռուսաստանը:
Սիրիա արաբական խաղաղապահ ուժեր ուղարկելու օգտին է արտահայտվել նաև Կատարի վարչապետ Շեյխ Համադ բին Ջասիմը:
Արաբական երկրների լիգայի ղեկավար Նաբիլ ալ-Արաբին էլ կոչ է արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին շտապ բանաձև ընդունել, որով Սիրիայում հնարավոր կլինի հրադադար հաստատել:
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը իր հերթին նկատել է, որ Ասադը «թանկ է վճարելու» միջազգային հանրության կամքը արհամարհելու համար: Նա հիշեցրել է, որ այդ հանդիպումը նպատակ ունի «ավելացնել ճնշումները Ասադի ռեժիմի վրա, խորացնելու դրա մեկուսացումը և պարզ մեսիջ ուղարկելու համար»:
Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն աշխարհին կոչ է արել միջոցներ գտնել, որ սիրիական կառավարությանը չմատակարարվեն այն միջոցները, որոնցով` իր խոսքերով «Սիրիայի ժողովրդի դեմ գազանություններ են իրականացվում»:
«Մենք պետք է ճանապարհներ գտնենք, որոնցով հնարավոր կլինի Սիրիայում կառավարող ռեժիմի համար նախատեսված զենքի վրա արգելք դնել», - ասել է Դավութօղլուն:
Նրա խոսքերով, «Սիրիայի ընկերների» համաժողովին մասնակցող երկրների մեծ մասը` ներառյալ Թուրքիան, արդեն նման որոշում ընդունել են և Սիրիայի կառավարությանը զենք չեն մատակարարում, սակայն անհրաժեշտ է ողջ միջազգային հանրության լայնածավալ ջանքերի գործադրումը:
Saturday, February 25, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment